Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Նոր ռազմավարական ծրագրով նախատեսվում է քրեակատարողական հիմնարկների օպտիմալացում


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեակատարողական համակարգում նախատեսվում է քրեակատարողական հիմնարկների օպտիմալացում, դատապարտյալների զբաղվածության ապահովում, ծառայությունների պատվիրակման ինստիտուտի ներդրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի  12-ին լրագրողների հետ հանդիպմանը քրեակատարողական համակարգի 2018-2038 թթ. ռազմավարական ծրագրի մասին խոսեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

«Քրեակատարողական համակարգում ունենք շատ խնդիրներ, որոնք տարիներ ի վեր պահանջում են նաև լուրջ ֆինանսական ներդրումներ: Այդ պատճառով հանձնարարվել է մշակել հաջորդ 20 տարվա մեր տեսլականը: Մենք հիմնվում ենք երկարաժամկետ փոփոխությունների վրա: Ողջ ռազմավարությունը կառուցված է պատժի նպատակների վրա: Մենք ամրագրել ենք մի սկզբունք՝ քրեակատարողական համակարգը պետք է հստակ ապահովի պատժի նպատակների իրականացումը»,-ասաց Քրմոյանը:

Համակարգում պլանավորել են կարճաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ, որպեսզի օրենսդրությունը համապատասխանի միջազգային լավագույն պրակտիկային: Հաշվի են առել նաև հասարակական դաշտի գործընկերների ամրագրած բոլոր խնդիրները:

Ինստիտուցիոնալ պատշաճ համակարգ ապահովելու համար պլանավորում են քրեակատարողական հիմնարկները օպտիմալացնել և արդիականացնել: «Սա նշանակում է կառույցների օպտիմալացում, անհրաժեշտության դեպքում փակում, նոր կառույցների ձևավորում: Ռազմավարական ծրագրով մեծ ուշադրություն է դարձված նաև անվտանգության համակարգին: Փախուստի դեպքերը կանխելու համար պետք է կիրառվեն ժամանակակից տեխնոլոգիաներ: Նախատեսվում է ինչպես գործող կառույցների վերակառուցում, այնպես էլ նորերի կառուցում: Ռազմավարության մեջ ամրագրված են նաև հիվանդանոցային բուժօգնության բարելավմանն ուղղված միջոցառումներ»,-ասաց Քրմոյանը:

Կլինի նաև քրեակատարողական ծառայության և հիմնարկների կառավարման փոփոխություն: Կարևորվել է նաև վերասոցիալականացման կոմպոնենտը, որպեսզի կանխվի կրկնահանցագործությունը, և անձանց պատրաստեն ապրելու հանրության մեջ: «Մենք պետք է պատրաստենք անձանց, որոնք,  հասարակություն վերադառնալով, վտանգ չներկայացնեն: Ըստ դրա՝ կարևորվել է զբաղվածությունը՝ աշխատատեղերի ստեղծումը»,-նշեց Քրմոյանը:

Նախատեսված է նաև ծառայությունների պատվիրակման ինստիտուտի ներդրում: Օրինակ՝ սննդի մատակարարումը և այլ գործողությունները պետք է իրականացնեն պատվիրակված մասնավոր սուբյեկտները, որպեսզի ապահովվի թափանցիկություն:Կարևորվել են նաև քրեակատարողական ծառայողների վերապատրաստումը, բազային կրթությունը,  սոցիալական վիճակի բարելավումը: Կոռուպցիայի  դեմ պայքարի համար ևս նախատեսված են կանխարգելիչ  և իրավապահ գործողություններ:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ