Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանի հիշատակին նվիրված հուշատախտակ բացվեց Երևանում

Կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանի հիշատակին նվիրված հուշատախտակ բացվեց 
Երևանում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ներսես Հովհաննիսյանը ոչ միայն հիանալի կինոռեժիսոր էր, այլև զարմանալի մարդ: Այս մասին հոկտեմբերի 11-ին կինոռեժիսորի հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողությանն ասաց բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը: Հուշատախտակը բացվեց Երևանի Փավստոս Բուզանդի, 30 հասցեում:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

«Նա կամուրջ էր Խորեն Աբրահամյանի, Արմեն Ջիգարխանյանի, Ֆրունզե Դովլաթյանի և այլոց միջև: Առանց Ներսեսի անհնար էր որևէ հարց լուծել: Նա առանձնանում էր իր ազգային մտածողությամբ, ազգային կինոյին նվիրվածությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Ղազանչյանը:

«Ամեն ռեժիսոր նկարահանման հրապարակում ստեղծում է մթնոլորտ, որից կախված է ֆիլմի հաջողությունը: Ներսես Հովհաննիսյանը կարողանում էր այնպիսի լավ տրամադրություն, միջավայր ստեղծել, որ բոլորը լավ հույզեր ունենային: Նա ժպտերես մարդ էր, հիանալի ընկեր, ազնիվ, բարի անձնավորություն: Ցավում եմ, որ մեզ հետ չէ»,-նշեց դերասան Վիգեն Ստեփանյանը:

Ներսես Հովհաննիսյանի դուստր Անահիտ Հովհաննիսյանն ասաց, որ Փավստոս  Բուզանդի, 30 հասցեում գտնվող տանն է անցել իր հոր մանկությունը, և հենց այդտեղից է նա մուտք գործել մեծ կինո, որին հավատարիմ է մնացել իր ողջ կյանքում: Անահիտը հավելեց, որ իր հայրը լավ ընկեր էր, պահանջկոտ և ուշադիր՝ ընտանիքի նկատմամբ:

Ռեժիսորի  համակուրսեցի դերասան Գուժ Մանուկյանն ընդգծեց, որ, նայելով շենքին, հիշում է իրենց ուսանողական տարիները: «Այս տանը Ներսես Հովհաննիսյանը, Երվանդ Ղազանչյանը, Արծրուն Մանուկյանը և ես քննությունների էինք պատրաստվում: Տան ամենալավ տեղը` թախտը, ընտրում էր Ներսեսը, իսկ մենք տեղավորվում էինք բազկաթոռներին: Նա պառկում էր ու ասում. «Դուք կարդացեք, իսկ ես կլսեմ»: Պատկերացրեք, որ բավականին լավ էինք հանձնում քննությունները: Ցավում եմ մի բանի համար, որ ինձ և նրան բախտ չվիճակվեց աշխատել միասին»,-պատմեց Մանուկյանը:

 Ներսես Հովհաննիսյանը ծնվել է 1938 թվականի հոկտեմբերի 12-ին Երևանում:  Ավարտել է Երևանի № 58 ռուսական դպրոցը և մինչ ինստիտուտ ընդունվելն աշխատել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 1953-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը։ Հետագայում աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում նախ որպես ռեժիսորի օգնական, ապա` ռեժիսոր։ Աշխատել է  նաև «Մոսֆիլմ» կինոստուդիայում: Որպես դերասան նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Խոշոր շահում»,  «Վերջին կիրակին», «Մենավոր ընկուզենի»։ Որպես ռեժիսոր ճանաչման է արժանացել հատկապես «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի նկարահանումից հետո։ 1983 թվականին «Երջանկության մեխանիկան» ժապավենի համար արժանացել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի և ՀԼԿԵՄ մրցանակի։

«Մոսֆիլմ» կինոստուդիայում նկարահանել է խորհրդային կինոռեժիսորներին (Ռայզման, Կալատոզով, Պիրև) նվիրված վավերագրական կինոնկարների շարք։ «Михаил Калатозов. Путь к себе» ֆիլմի համար Արվեստի մասին ֆիլմերի միջազգային փառատոնում արժանացել է Լյումիեր եղբայրների անվան բրոնզե մեդալի։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]