Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Իրանական մամուլում, հասարակական, քաղաքական քննարկումներում ՀՀ վարչապետի այցը դրական է շեշտադրվում. Կարեն Խանլարյան


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրան-Հայաստան հարաբերություններն էլ ավելի խորացնելու տեղ ունեն: Վարչապետ Կարեն Կարապետյանի այցն Իրան ևս մեկ քայլ է հայ-իրանական հարաբերություններն ավելի զարգացնելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Իրանի խորհրդարանի պատգամավոր Կարեն Խանլարյանն` անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` Իրան կատարած այցին:

«Կարեն Կարապետյանի այցն Իրան կարևոր ձեռքբերում է Իրան-Հայաստան հարաբերությունների ընդլայնման առումով: Ամենաբարձր մակարդակով ընդունելություն եղավ, թե մամուլը, թե վերլուծաբանները, թե քաղաքական դաշտը դրական արձագանքեցին ՀՀ վարչապետի այցին, Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացմանը: Մամուլի քննարկումներում հետաքրքիր ծալքեր են բացվում Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման համատեքստում»,-ասաց Կարեն Խանլարյանը:

Նա կարևոր համարեց Հայաստան-Իրան տնտեսական զարգացմանն ուղղված պայմանավորվածությունները: Կարեն Խանլարյանի խոսքով, անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքը տնտեսական տարբեր ուղղություններով, մասնավորապես, էներգետիկ:

«Ի դեպ, հանդիպումների ընթացքում ընդգծվեց ոչ միայն Հայաստան-Իրան տնտեսական համագործակցությունը, այլև այն, որ Հայաստանը կարող է կապող օղակ լինել այլ ուղղություններով: Ընդգծվել է, որ Պարսից ծոցից Սև ծով անցնող տրանսպորտային միջանցքներից մեկը կարող է լինել Հայաստանը: Խոսակցություններ ծավալվեցին այն համատեքստում, թե ինչպես կարող է Հայաստանը, որպես ԵԱՏՄ երկիր, կամրջող դեր կատարել»,-ասաց նա:

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի և Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի ներկայությամբ Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև ստորագրվել են մի շարք համաձայնագրեր: Մասնավորապես, երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվել է գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Այն հայկական կողմից ստորագրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, իսկ իրանական կողմից՝ ԻԻՀ նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Սուրենա Սաթարին: Հայաստանի մշակույթի նախարարության և ԻԻՀ մշակույթի ու իսլամական առաջնորդման նախարարության միջև ստորագրվել է մշակութային և գեղարվեստական փոխանակումների 2017-2020 թթ. ծրագիրը: Այն ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ԻԻՀ մշակույթի ու իսլամական առաջնորդման նախարար Աբբաս Սալեհին: Հայաստանի և Իրանի գյուղատնտեսության նախարարներ Իգնատի Առաքելյանն ու Մահմուդ Հոջադին ստորագրել են անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ