Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հրանուշ Հակոբյանը սփյուռքում հայկական մշակույթի ու լեզվի պահպանման մոտեցումները փոխելու անհրաժեշտություն է տեսնում

Հրանուշ Հակոբյանը սփյուռքում հայկական մշակույթի ու լեզվի պահպանման 
մոտեցումները փոխելու անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայապահպանությունը սփյուռքի մեծագույն խնդիրն է համարում։ Նախարարը նշում է, որ սփյուռքում արդեն 4-րդ, 5-րդ սերունդն է ծնվում և ապրում օտար միջավայրում, օտար պայմաններում, առնչվում այլ մշակույթի և մոտեցումների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ այս պայմաններում հայերենը կամա թե ակամա «կուչ է գալիս», ավելի շատ դառնում է ընտանեկան լեզու, դրա օգտագործման տարածքը շատ նեղանում է: «Դրա համար մենք պետք է կարողանանք սփյուռքում աճող սերնդի, երիտասարդության մեջ հայոց լեզվի նկատմամբ սեր և ակնածանք ձևավորել, իսկ մեր սփյուռքի դպրոցները գնալով որակազրկվում են, քանի որ հայկական դպրոցը մրցունակ չէ անգլիական, ֆրանսիական, գերմանական դպրոցների կողքին: Բնականաբար, ծնողները նախընտրում են, որպեսզի իրենց երեխան օտար դպրոցում ավելի որակյալ կրթություն ստանա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:

Նա շեշտեց, որ այստեղ հիմնական բեռն ընկնում է սփյուռքի կառույցների, համահայկական կազմակերպությունների, նաև եկեղեցու վրա՝ ինչպես տեղում կազմակերպել, որ հայկական դպրոցները սփյուռքում ծաղկեն և ավելանան: «Իսկ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ուսուցիչների վերապատրաստել, դասագրքերով ապահովել, ինչը մենք շատ հետևողականորեն անում ենք: Միայն այս տարի մենք արդեն 80 հազար կտոր գիրք ենք ուղարկել սփյուռքի 300-ից ավելի դպրոցներ, կառույցներ, կազմակերպություններ: Ես հիմա հպարտանում եմ, որ Վալենսիայում հայկական կառույցները միավորվել են, ձեռք ձեռքի են տվել և ամենօրյա հայկական դպրոց են բացում: Ես ինչպես չհպարտանամ և չխոնարհվեմ հայ կրթական-մշակութային միության ղեկավարության առջև, ովքեր Մարսելում մեր համազգային դպրոցն են պահում, իսկ այդ դպրոցը Ֆրանսիայի 5 հազար դպրոցների մեջ առաջին հարյուրյակում է: Այսինքն, եթե կա ցանկություն և նպատակադրում, պատասխանատվություն և հետևողականություն, ապա մենք կարող ենք նաև միջազգային չափանիշներին համապատասխան դպրոցներ պահել և զարգացնել: Իսկ այն համայնքները, որոնք թույլ են, կազմակերպված չեն, պատասխանատու չեն, միասնական չեն, այդ վայրերում դպրոցներ են փակվում կամ որակապես ավելի զիջում են»,- ընդգծեց նախարարը:

Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ սփյուռքում ավելի քան 1000  հայկական դպրոց կա, որոնցից 650-ը մեկօրյա կամ երկօրյա են՝ գործում են միայն շաբաթ և կիրակի օրերին: «Տեսեք, թե ինչ իրավիճակ է ստեղծվում: Օտար ափերում ապրող հայ երեխան տեսնում է, որ իր օտարազգի ընկերը շաբաթ և կիրակի օրերին գնում է հանգստանալու, ման գալու, իսկ իրենց ծնողը ձեռքից բռնած տանում է հայկական դպրոց, ինչն իրեն այդքան էլ հաճելի չէ: Մենք պետք է փոխենք մոտեցումը: Մենք պետք է կարողանանք 5 օրվա ընթացքում այն դպրոցներում, որտեղ շատ հայ երեխաներ են սովորում, անցկացնել հայոց լեզվի ֆակուլտատիվ կամ պարտադիր դասավանդում: Այդ նույն դպրոցներում մեր հայ ուսուցչուհիներին ուղարկենք, որպեսզի դասերից հետո թեկուզ մեկ ժամ հայերեն պարապեն, որպեսզի երեխաները չզրկեն հանգստից»,- մանրամասնեց Հակոբյանը:

Նախարարը ողջունում է «Արմաթ» խմբակի նախաձեռնությունը, որը ստեղծել է ինժեներական ռոբոտաշինություն, ինչի շնորհիվ բարձր տեխնոլոգիաների միջոցով  կարողանում են երեխաներին ստիպել հաճախել իրենց լաբորատորիաներ, որտեղ ամեն ինչ հայերեն լեզվով է: «Այսինքն, որպեսզի երեխան կարողանա աշխատեցնել ռոբոտը կամ համակարգիչը, նա անպայման պետք է հայերեն իմանա, որպեսզի կարողանա համապատասխան ստեղնը նշել, համապատասխան հրամանը տալ: Այս պարագայում հայերենը երեխայի համար հետաքրքիր է դառնում: Երեխան ձգտում է սովորել հայերեն, որպեսզի կարողանա այդ հրաշալի լաբորատորիաներում իրեն դրսևորել: Հետևաբար, այստեղ անելիք ունեն նաև մեր բարձր տեխնոլոգիաների մասնագետները; Մենք պետք է կարողանանք նաև բարձր տեխնոլոգիաները ծառայեցնել հայկական մշակույթի, լեզվի պահպանությանը»,- ասաց Հրանուշ Հակոբյանը՝ մատնանշելով նաև ՀԲԸՄ վիրտուալ քոլեջը, որտեղ ծով գիտելիքներ կան հայապահպանության, հայկական մշակույթի, հայերենի և այլնի մասին:

Հրանուշ Հակոբյանը կարծում է, որ շատ կարևոր նախաձեռնություն կլինի էլեկտրոնային դպրոցի ստեղծումը, որպեսզի ցանկացած հայ՝ անկախ տարիքից, հնարավորություն ունենա սեղմել ստեղնը և ստանալ գիտելիք հայերենով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]