1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայոց ցեղասպանության պահանջատիրություն, Արցախ, ՀՀ-ԵՄ հարաբերություններ. հաստատվել է Եվրոպահայերի համագումարի օրակարգը

Հայոց ցեղասպանության պահանջատիրություն, Արցախ, ՀՀ-ԵՄ հարաբերություններ. 
հաստատվել է Եվրոպահայերի համագումարի օրակարգը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայում hոկտեմբերի 18-ին մեկնարկելու է Եվրոպահայերի 4-րդ համագումարը: Մասնակցելու են Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և այլք: Համագումարի մանրամասների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան այցի, տարածաշրջանային զարգացումների մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի  գրասենյակի հաղորդակցության եւ հասարակության հետ կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանի հետ:

-Հոկտեմբերի 18-ին և 19-ին Եվրոպահայերի 4-րդ համագումարն է անցկացվելու: Նախապատրաստական աշխատանքներն ի՞նչ փուլում են:

-Նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: Հրավիրյալները, ովքեր համագումարի սկզբին ողջույնի խոսքով պիտի հանդես գան, արդեն հաստատել են իրենց ներկայությունը: Մասնակցելու են Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Արցախի Հանրապետության բարձրաստիճան պետական ներկայացուցիչներ, ինչպես նաև մասնագետ բանախոսները: Նաև ակնկալում ենք եվրոպական խորհրդարանի տասնյակ պատգամավորների մասնակցությունը: Պետք է ասեմ, որ եվրոպահայ միությունների կամ անհատների մասնակցության թիվն արդեն բավական բարձր է:

-Համագումարի օրակարգում ի՞նչ հարցեր են լինելու: Այս անգամ համագումարը նախորդներից  ինչո՞վ է առանձնանալու:  

-Համագումարն անդրադառնալու է 4 կարևոր թեմաների՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման պահանջատիրական պայքարը Եվրոպայում, այդ պայքարն իրավական դաշտ փոխանցելու գործընթացը, Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի հարց, ինչպես նաև թուրք և ադրբեջանական լոբբինգը Եվրոպայում և նրանց հակազդելու միջոցները: Երրորդը` Հայաստան-Եվրամիություն երկկողմանի հարաբերություններն են: Թեմային անդրադարձ կկատարվի  նոյեմբերին սպասվող Արևելյան գործընկերության գագաթաժողովի համատեքստում: Չորրորդը` հայապահպանության հարցն է Եվրոպայի գաղութներում:

-Արցախի հետ կապված Եվրոպայի Հայ դատի գրասենյակը ի՞նչ շեշտադրումներով է շարունակելու աշխատանքը:

-Արցախի հիմնախնդիրը մնում է Հայ Դատի կարևորագույն առաջնահերթություններից մեկը` քաղաքական առումով Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի պահպանումը ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում, Եվրամիության տարբեր հաստատությունների ներկայացուցիչների բառապաշարում, որովհետև միջազգային իրավունքի համաձայն, այս սկզբունքը նույնքան ուժ և պարտադրանք ունի, որքան տարածքային ամբողջականության սկզբունքը: Արցախի հիմնախնդրի վերաբերյալ երկրորդ հարցն է` հակազդել աշխարհաքաղաքական և տնտեսական մեկուսացմանը, որը պարտադրված է Արցախի ժողովրդին ադրբեջանական կողմից: Այդ համատեքստում շարունակելու ենք դիվանագիտական կապեր ամրապնդել եվրոպացի պատգամավորների հետ` նրանց Արցախ այցելելու հնարավորություններ ստեղծելով կամ խորհրդարանական բարեկամական խմբերի հետ աշխատելով: Մեկուսացման հետևանքն է այն, որ Արցախի ժողովրդի կյանքի որակը, տնտեսական զարգացումը սահմանափակվում է: Հայ դատի գրասենյակն այս խնդիրը բարձրացրեց ԵԱՀԿ-ի մարդու իրավունքների ոլորտին նվիրված վերջին համաժողովին, որը տեղի ունեցավ Վարշավայում: Նույն համաժողովի շրջանակում հանդիպումներ եղան տասնյակ պատվիրակությունների հետ, ցուցադրվեց Արցախի պատերազմի մասին «Պաշարվածներ» ֆիլմը:

-Համանախագահները փորձում են բանակցային գործընթացի ակտիվացման ուղղությամբ քայլեր իրականացնել: Ի՞նչ ակնկալիքներ կան այդ համատեքստում: Հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը արդյո՞ք դրական տեղաշարժ հնարավոր է:

-Այս փուլում ամենակարևորը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում արձանագրված առաջնահերթությունների իրականացումն է: Եթե Ադրբեջանը շարունակի խախտել զինադադարը, ապա կարող ենք երևակայել, որ բուն  բանակցությունները դժվար զարգանան: Պետք է սահմանին հանգիստ լինի, որ բանակցությունների համար դրական մթնոլորտ ձևավորվի: Դա հնարավոր կլինի շփման գծում հետաքննական մեխանիզմների ներդրման դեպքում: Դա պետք է լինի համանախագահների անմիջական առաջնահերթությունը: Եթե Ադրբեջանը շարունակի չհամաձայնել, պետք  է հայկական կողմը լրջորեն քննարկի այդ մեխանիզմի միակողմանի տեղադրման հարցը:

-Վերջերս համաշխարհային մի շարք լրատվամիջոցների հետաքննող լրագրողներ Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ տեղեկություններ հրապարակեցին: Եվրոպայի գործիչների շրջանում այն ի՞նչ արձագանք գտավ:

-Արձագանքը բարձր էր և կարող է ավելի բարձրանալ, որովհետև այս գործի մեջ թաթախված անձանց անունները քիչ-քիչ բացահայտվում են: Եվրախորհրդարանն արդեն խստորեն դատապարտել է և պահանջել խնդրի ուսումնասիրման հանձնախումբ ձևավորել: Եվրախորհրդարանը հատուկ բանաձև ընդունեց, ինչը շատ դրական է: Կարծում ենք, որ նման նախաձեռնություններ պետք է լինեն բոլոր այն երկրների խորհրդարաններում, որտեղ կասկած կա տվյալ երկրի քաղաքական գործիչների մասնակցությունն այս սկանդալին: Բոլոր նրանք, ովքեր մասնակից դարձան Ադրբեջանի պրոպագանդային, հակահայ կեցվածքներ ծավալեցին` ստանալով Ադրբեջանի նավթային դոլարները, պետք է համապատասխան պատիժ ստանան: Սա եվրոպական արժեքներ պահպանելու երաշխիք է:

-Կխնդրեմ ներկայացնել Եվրոպայի Հայ դատի գրասենյակի դիրքորոշումը Կատալոնիայի անկախության վերաբերյալ:

- Նախ անդրադառնամ հանրաքվեի ընթացքում ուժի կիրառմանը, Իսպանիային դա պատիվ չի բերում: Բռնությունը, որին ականատես եղանք, եվրոպական, ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքներին դեմ է: Ամեն ազգ և ժողովուրդ ունի իր կամքն ազատ արտահայտելու իրավունք: Այդ իրավունքը պետք է պահպանվի, հարգվի և ոչ թե բռնությամբ խլվի:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]