Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Այց՝ հօգուտ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների. Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագրականը

Այց՝ հօգուտ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների. Թեհրանի «Ալիք» օրաթերթի 
խմբագրականը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Իրան կատարած այցի վերաբերյալ խմբագրականով հանդես է եկել Թեհրանում լույս տեսնող «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը: «Արմենպրես»-ը խմբագրականը ներկայացնում է արևմտահայերեն բնագրով.

«Պաշտօնապէս թէ՛ անպաշտօն մշտապէս յայտարարւել ու բարձրաձայնւել է Իրան-Հայաստան առեւտրա-տնտեսական յարաբերութիւնների՝ քաղաքական փոխյարաբերութիւններին անհամաչափ լինելու հանգամանքի մասին: Թէեւ նախորդիւ երկուստեք ջանքեր են ի գործ դրւել կարգաւորելու նշեալ անհամաչափութիւնը, սակայն, հարկ է ընդգծել, որ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Կարէն Կարապետեանի կառավարութեանը թէկուզ կարճատեւ, բայց անցնող մէկամեայ ժամանակահատւածում յաջողւել է երկու բարեկամ ժողովուրդների ազգային-պետական շահերից բխող՝ առեւտրա-տնտեսական կապերը զարգացնելու հաշւին երկարատեւ սպասումները գործադրական փուլ թեւակոխել...:

Արեւելեան ու արեւմտեան հարեւան երկրների կողմից տնտեսական մեկուսացւածութեան ենթարկւած Հայաստանի համար Իրանի հետ ռազմավարական նշանակութեան փոխյարաբերութիւնների երկկողմ առարկայական ու անմիջական ցուցանիշ է հէնց օրերս Վանաձորում իրանական առեւտրա-տնտեսական խոշոր ընկերութեան պատկառելի ներդրումը, որպէս խոստմնալի գործարք: Սա ինքնին ապացոյցն է նրա, որ մինչ այժմ կնքւած ու ծրագրաւորւած միջպետական թէ՛ մասնաւոր հարթութիւնների գործարքների կենսագործմանը աւելի արագընթաց եղանակ է հաղորդւելու, ասենք, էներգետիկայի, տրանսպորտի, տուրիզմի եւ այլ բնագաւառների մասշտաբներով:

Ռազմավարական գերկարեւոր նշանակութեամբ՝ Հայաստան-Իրան առեւտրա-տնտեսական փոխյարաբերութիւններն կարող են օժտւել այն ներուժ կարողականութիւններով, որոնցով ի զօրու են ձեւաւորել նաեւ ու մանաւանդ բազմակողմ տնտեսական կապեր՝ համապատասխան բազմամիլիոն շուկայի առկայութեամբ: Այս հարցում, սակայն, Հայաստանի Հանրապետութիւնը որպէս ԵԱՏՄ-ի անդամ բացառիկ հնարաւորութիւն ունի հանդիսանալու հարթակ-կամուրջ՝ ներգրաւելու համար իրանական առեւտրա-տնտեսական ներուժը տւեալ տարածաշրջանի վիթխարի շուկաներում...:

Ահաւասիկ, Հայաստանի վարչապետ Կարէն Կարապետեանի գլխաւորած բարձրաստիճան պատւիրակութեան երկօրեայ այցը հաստատապէս նպատակադրւած է լինելու ինչպէս երկկողմ, այնպէս էլ առանձնայատուկ կերպով՝ բազմակողմ տնտեսական փոխյարաբերութիւնների հեռանկարը առաւել ամուր հիմքերի վրայ դնելուն, որով էլ շահելու են երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների թէ՛ տնտեսական եւ թէ՛ քաղաքական հաշւեկշիռները, որոնք էլ ի վերջոյ աշխատելու են յօգուտ մեր գերզգայուն տարածաշրջանի կայունութեանն ու խաղաղութեանը»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]