Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կարեն Կարապետյանը և Ալի Լարիջանին բարձր են գնահատել հայ-իրանական քաղաքական երկխոսությունը

Կարեն Կարապետյանը և Ալի Լարիջանին բարձր են գնահատել հայ-իրանական 
քաղաքական երկխոսությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Կարեն Կարապետյանը նախ փոխանցել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի  ջերմագին ողջույնները և ավելացրել, որ Հայաստանը մշտապես կարևորում է Իրանի հետ բարեկամական հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ փոխըմբռնման մթնոլորտում: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրներին և երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Ալի Լարիջանին անհրաժեշտ է համարել տնտեսական համագործակցության շարունակական ամրապնդումը և այդ գործում կարևորել է նաև երկու երկրների խորհրդարանների միջև կապերի ընդլայնումը: Այդ առումով զրուցակիցները ընդգծել են երկու երկրների խորհրդարանների բարեկամության խմբերի գործունեության, փոխադարձ այցելությունների, խորհրդարանների հանձնաժողովների մակարդակով հարաբերությունների զարգացման փաստը և նշել, որ հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանն իր նպաստն է բերում նաև օրենսդիր մարմինների համագործակցությունը: «Իրանն ու Հայաստանը միմյանց հետ կապված են բարեկամական խորը արմատներով և մեր նպատակն է, որպեսզի երկկողմ քաղաքական ու տնտեսական համագործակցությունը շարունակի զարգանալ: Առկա ճգնաժամերի պայմաններում միմյանց հետ ավելի շատ խորհրդակցելու անհրաժեշտություն կա, և այդ առումով ցանկանում եմ գոհունակություն հայտնել մեր խորհրդարանական համագործակցության մակարդակից: Լիահույս եմ, որ Ձեր այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին», -նշել է նա:

Կարեն Կարապետյանն ասել է, որ շատ բովանդակալից հանդիպում է ունեցել ԻԻՀ առաջին փոխնախագահի հետ՝ ընդգծելով, որ հայկական կողմը շատ վճռական է տրամադրված իրականացնելու ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես՝ տնտեսական ոլորտում, ինչը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Ալի Լարիջանին իր հերթին ընդգծել է, որ հայ-իրանական տնտեսական փոխգործակցության հարցում որևէ սահմանափակում կամ խոչընդոտ գոյություն չունի, և Իրանի խորհրդարանը շատ դրական է տրամադրված հարաբերություններն էլ ավելի ընդլայնելու հարցում: Նրա խոսքով՝ երկկողմ տնտեսական օրակարգը շատ հագեցած  է, և առկա են փոխգործակցությունը զարգացնելու մեծ հնարավորություններ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:

Կարեն Կարապետյանն իր գործընկերոջը ներկայացրել է Սյունիքում ազատ տնտեսական գոտու գործարկման ծրագիրը՝ կարևորելով դրանում իրանական ընկերությունների ակտիվ մասնակցությունը: «Համոզված եմ, որ շատ մեծ հնարավորություններ ունենք կրկնապատկելու և անգամ եռապատկելու մեր հարաբերությունները տնտեսական ոլորտում», - ասել է ՀՀ վարչապետը:

Կողմերն անդրադարձել են նաև  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ երկուստեք ընդգծելով, որ այն պետք է լուծվի բացառապես  խաղաղ բանակցային ճանապարհով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]