Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում կոչ է արել պարզել Ռամիլ Սաֆարովին վաճառելու Հունգարիա-Ադրբեջան կոռուպցիոն գործարքը

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում կոչ է արել պարզել Ռամիլ Սաֆարովին վաճառելու 
Հունգարիա-Ադրբեջան կոռուպցիոն գործարքը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին կոչ է արել պարզել իրենց պատգամավորների ներգրավվածությունը վեհաժողովի հետ կապված վերջին կոռուպցիոն սկանդալներում: Պատգամավորը ԵԽԽՎ Հունգարիայի պատվիրակության ներկայացուցիչներին կոչ է արել նաև պարզել, թե ինչպես է Հունգարիան 7.6 միլիոն դոլարի դիմաց Բաքվին վաճառել մարդասպան Ռամիլ Սաֆարովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունեցել հոկտեմբերի 9-ին մեկնարկած ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում, որում անդրադարձել է Պեդրո Ագրամունտի հրաժարականին և եվրոպացի պատգամավորների մասնակցությամբ վերջին կոռուպցիոն սկանդալներին ու դրանց բացահայտման անհրաժեշտությանը: 

«Քաղաքական իր բժիշկների հորդորով «Դոն Կոռուպցիա» անունով հայտնի Պեդրո Ագրամունտը հոկտեմբերի 6-ին հրաժարական տվեց։ Ես շնորհավորում եմ Վեհաժողովի այն պատգամավորներին, ովքեր թույլ չտվեցին, որ ԵԽԽՎ անունը նույնացվի կոռուպցիայի և ամենաթողության հետ, որտեղ ինչ-որ մեկը կարող է պատգամավոր գնել, վաճառել, վերավաճառել և պարտադրել սպասարկել իր երկրի ավտորիտար օրակարգը։ Բայց արդյոք Պեդրո Ագրամունտի վրա վերջակետ դնելը բավարա՞ր է մեր Վեհաժողովի դեմքից կոռուպցիայի սարդոստայնը մաքրելու համար։ Պարզվում է, կոռուպցիոն հայտնի մեծ լվացքի մեջ ներգրավված են եվրոպացի տարբեր գործիչներ, ովքեր տարիներ շարունակ դանիական Danske Bank-ի էստոնական մասնաճյուղից հսկայական գումարներ են ստացել։ Ես հույս ունեմ, որ հունգարական պատվիրակության մեր գործընկերները իրենց երկրի քաղաքական ղեկավարությանը հարց կուղղեն՝ կապված սկանդալային այն բացահայտման հետ, որ Հունգարիան 7.6 միլիոն դոլարով վաճառել է մարդասպան Ռամիլ Սաֆարովին, որը կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, երբ վերջինս եղել է քնած։ Կարծում եմ, հունգարացի մեր գործընկերներին պետք է հետաքրքրի, եթ ինչպե՞ս են Metastar Invest ընկերության կողմից հունգարական MKB բանկում բացված մի հաշվեհամարի վրա փոխանցվել միլիոնավոր դոլարներ և թե ի՞նչ կապ ունեն այդ հաշվեհամարները Հունգարիայի քաղաքական իշխանության հետ։ Ի դեպ, հիշեցնեմ, որ Metastar Invest-ն այն ընկերությունն է, որը պարբերաբար գումարներ է փոխանցել ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Լուկա Վոլոնտեին, որն այս պահին, ամենայն հավանականությամբ, իտալական դատախազությանը պատմում է իր և իր տոտալիտար ընկերոջ ջերմ հարաբերությունների մասին»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը։

Պատգամավորը հիշեցրել է, որ Վեհաժողովի հունիսյան նստաշրջանում իրենք պաշտպանել են անկախ հետաքննող մարմնի ստեղծումը, որը անաչառորեն հետաքննում է կոռուպցիոն բոլոր փաստերը, որոնք վերաբերում են Վեհաժողովի գործունեությանը։ «Իսկ նման փաստեր, որոնք վերջերս միջազգային մամուլի թոփ թեման էին, բազմաթիվ են։ Ես միանում եմ «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության նախագահի այն հայտարարությանը, ով ասում է՝ «ուղղակի շոկային է տեսնել, թե ինչպես այնպիսի հարգված կառույցում, ինչպիսին ԵԽԽՎ-ն է, որոշ քաղաքական գործիչներ վաճառքի են հանվում, և փակում իրենց աչքերը կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտումների վրա»: Լիտվայի Սեյմը օրերս դիմել է Լիտվայի ֆինանսական հանցագործությունները հետաքննող մարմնին, պահանջելով ուսումնասիրել ԵԽԽՎ-ի հետ կապված կոռուպցիոն սկանդալներում լիտվացի գործիչների հնարավոր ներգրավվածությունը։ Ես հույս ունեմ, որ Լիտվայի օրինակին կհետեւեն ԵԽ անդամ բազմաթիվ երկրներ և վստահեցնում եմ, որ Դոն Պեդրոյի աղանդի բազմաթիվ հետևորդներ ստիպված կլինեն քաղաքական ապաստան խնդրել իրենց կերակրող երկրից»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]