Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Փոխգործակցություն-2017». Հայաստանում տրվեց ՀԱՊԿ լայնածավալ զորավարժությունների մեկնարկը

 «Փոխգործակցություն-2017». Հայաստանում տրվեց ՀԱՊԿ լայնածավալ 
զորավարժությունների մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա 5 օրերին Հայաստանում կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական ուժերի օպերատիվ արձագանքման համակազմերի և հայ-ռուսական միացյալ զորախմբի համատեղ զորավարժությունները: Հոկտեմբերի 9-ին «Բաղրամյան» զորավարժարանում տեղի ունեցավ «Փոխգործակցություն-2017» խորագիրը կրող զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն ընդգծեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերին` որպես միջազգային հարաբերություններում կոնֆլիկտային իրավիճակների նվազեցման և ճգնաժամերի կարգավորման կարևորագույն գործիք, որոնք այս բարդ ժամանակահատվածում շարունակում են սպառնալիք մնալ մոլորակի անվտանգության համար: «Աշխարհում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության տարածքում, այդ թվում` կովկասյան տարածաշրջանում տիրող  ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ քաղաքական, էթնիկ, տնտեսական և այլ հակասությունների հետևանքով հակամարտությունների առաջացման վտանգը մեծ է, իսկ դրանց կարգավորումը առանց ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի անհնար է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Մովսես Հակոբյանը:

Նա հավելեց, որ ամեն տարի ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող համատեղ զորավարժությունները համատեղ օպերատիվ մարտական պատրաստության գլխավոր միջոցառումներն են:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը նշեց, որ այս տարի ՀԱՊԿ-ն անցկացնում է ամբողջական հավաքական ուժերի զորավարժությունների ամբողջական ցիկլ, որոնք անցկացվում են երկու տարածաշրջաններում` Կովկասում և Կենտրոնական Ասիայում: «Դրանք անցկացվում են ռազմավարական-տակտիկական զորավարժությունների ձևաչափում: Զորավարժությունը կրում է «Մարտական եղբայրություն-2017» խորագիրը: Օրերս Հայաստանում հաջողությամբ անցկացվեցին «Որոնում-2017» տակտիկական զորավարժությունները, որոնց մասնակցում էին ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումները: Զորավարժությունների մասնակիցները ցուցադրեցին հետախուզության և հատուկ օպերացիաների անցկացման վարժություններ: Այդ զորավարժությանը մասնակիցների թիվը 1000 էր, ինչը հետախույզների և հատուկ նշանակության ուժերի պարագայում բավականին մեծ թիվ է»,- ընդգծեց Խաչատուրովը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը գոհունակությամբ ընդգծեց, որ հանդիպել է կազմակերպության անդամ բոլոր երկրների ղեկավարների հետ` շեշտելով, որ բոլորը նույն պատկերացումներն ունեն կազմակերպության ապագայի վերաբերյալ: «Ամենագլխավորը և կարևորն այն է, որ անդամ երկրների զինված ուժերն ավելի մարտունակ և պատրաստված լինեն: Սա ամենագլխավոր առաջադրանքն է: Եթե յուրաքանչյուր երկիր ունենա ուժեղ, լավ զինված բանակ, ՀԱՊԿ-ն ավելի մեծ հեղինակություն կունենա»,- ընդգծեց Խաչատուրովը` նշելով, որ շատ աշխատանքներ են տարվել ՀԱՊԿ հավաքական ուժերի մարտական պատրաստության, համատեղ գործունեության բարելավման ուղղությամբ:

Խաչատուրովը նշեց, որ ՀԱՊԿ-ն գործունության տարբեր ուղղություններ ունի, որոնք են` քաղաքական-դիվանագիտական ոլորտը, պայքարն ահաբեկչության և ծայրահեղականության, թմրանյութերի շրջանառության դեմ, սակայն կարևոր ուղղությունը, իհարկե, ռազմական համագործակցությունն է:

Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար Ալեքսանդր Դվորնիկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ  օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմի և հայ-ռուսական միացյալ զորախմբի մասնակցությամբ անցկացվող զորավարժությունը հերթական միջոցառումն է, որն ուղղված է հավաքական ուժերի մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացմանը: «Նման զորավարժությունների անցկացումը թույլ կտա հետագայում ադեկվատ արձագանքել մարտահրավերներին և սպառնալիքներին, արդյունավետ հակազդել ահաբեկչությանը և ծայրահեղականությանը, թմրանյութերի շրջանառությանը:

Զորավարժություններին մասնակցում են ՀԱՊԿ անդամ երկրների` Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերի ստորաբաժանումները: Զորավարժությունների մեկնարկի հանդիսավոր արարողության ընթացքում հնչեցին բոլոր երկրների օրհներգերը, իսկ զորավարժությունների բացումն ազդարարվեց մասնակից ուժերի միասնական քայլերթով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]