Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արտաշես Գեղամյան. Նրանց հաշվարկը պարզ է. սկզբում ապակայունացնել Հայաստանը, հետո՝ Ռուսաստանը

Արտաշես Գեղամյան. Նրանց հաշվարկը պարզ է. սկզբում ապակայունացնել 
Հայաստանը, հետո՝ Ռուսաստանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած շաբաթ աշխատանքն ավարտեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (ՀՀ ԱԺ) հերթական նիստը։ Չնայած օրակարգի ծանրաբեռնվածությանը, որում նշված էր 32 հարցի քննարկում, արդեն ուրբաթ օրը՝ ս.թ. հոկտեմբերի 6-ին, առավոտյան նիստի ժամանակ տեղի ունեցավ քվեարկություն մեկ օր առաջ քննարկված հարցերի շուրջ։ ՀՀ ԱԺ նիստի օրակարգը սպառվեց։ Սակայն բավական հատկանշական են անցած նիստի արդյունքների վերաբերյալ որոշ արձագանքները։ Այսպես, թերթերից մեկը, որը չի էլ թաքցնում, թե ում խոսափողն է հանդիսանում, շաբաթ օրվա համարի առաջին էջում տեղադրել էր առաջնորդող՝ «Հարված գլխով. ՀՀԿ-ի հասցրած վնասը «Ելքին» ինտրիգ պարունակող վերտառությամբ։ Ինչո՞վ է հատկանշական այս հոդվածը։ Հատկանշական է նրանով, որ դրանում անկեղծորեն խոստովանում են. «...«Ելքի» ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը, այսինքն՝ ԵԱՏՄ պլյուսներն ու մինուսները քննարկելու համար ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման առաջարկը, դրա վերաբերյալ քննարկումները չունեցան այնքան հանրային հնչեղություն, չունեցան այդպիսի արձագանք և չարժանացան այդպիսի ուշադրության, որքան այդ ամենի վերջում Արտաշես Գեղամյանի գրոհը Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ և վերջինիս պատասխանը, իսկ հետո նաև տեղեկատվական հարթությունում ունեցած շարունակությունը»։ Այնուհետև հոդվածի հեղինակը խիստ տրտմած գրում է. «Այլ կերպ ասած՝ քաղաքական լուրջ նախաձեռնության հավակնություն ունեցող քայլն, ի վերջո, ավարտվեց հանրային մեծ թամաշայով»։ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու անկենդան գաղափարի նախաձեռնողները ինչպես Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի քննարկման, այնպես էլ ՀՀ ԱԺ լիագումար նիստում հատուկ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկման ընթացքում հիրավի համոզվեցին ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու իրենց իսկ առաջադրած փաստարկների բացարձակ անհիմն լինելու մեջ։ Որպեսզի տպավորություն չստեղծվի, որ իմ այս պնդումը մերկապարանոց է, լոկ մեկ հակափաստարկ նշեմ։

Եվ այսպես, նախաձեռնության հեղինակների բացատրագրում հիմնական փաստարկն այն պնդումն է, որ վերջին 3 տարիներին ՀՀ Համախառն ներքին արդյունքը՝ դոլարով արտահայտված, կրճատվել է 8%-ով։ Կրկնում եմ՝ սա ընդդիմախոսների ներկայացրած գլխավոր փաստարկներից մեկն է։

Եվ այսպես, համաձայն Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2014թ. հունվար-դեկտեմբերին» տեղեկագրի (էջ 119)՝ դոլարի փոխարժեքը (միջինը 2014 թվականի համար) կազմել է 415,92 դրամ 1 դոլարի դիմաց, 552,11 դրամ 1 եվրոյի և 10,98 դրամ 1 ռուբլու դիմաց։ Դոլարի և եվրոյի փոխարժեքների հարաբերակցությունը եղել է՝ 1 եվրոն փոխանակվում էր 1,327 դոլար փոխարժեքով։ Նշենք, որ 2014թ. Համախառն ներքին արդյունքը (շուկայական գներով) կազմել է 4 տրլն 525 մլրդ 875 մլն դրամ, դոլարով արտահայտված՝ 10 մլրդ 881,5 մլն դոլար կամ 8 մլրդ 197,4 մլն՝ արտահայտված եվրոյով («Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2015թ. հունվարին», էջ 9)։ Այժմ ներկայացնենք 2016թ. համապատասխան տվյալները։ Այսպես, 2016թ. արտարժույթների փոխարժեքը (միջին տարեկան) հայկական ազգային դրամական միավորի՝ դրամի հանդեպ եղել է հետևյալը. 1 դոլարն արժեր 480,49 դրամ, 1 եվրոն՝ 531,85 դրամ, 1 ռուբլին վաճառվում էր 7,19 դրամով։ Դոլարի և եվրոյի հարաբերակցությունը կազմում էր՝ 1 եվրոն արդեն փոխանակվում էր 1,107 դոլար փոխարժեքով («Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2016թ. հունվար-դեկտեմբերին», էջ 127)։ Իսկ համաձայն «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2016թ. հունվարին» (էջ 9) տեղեկատուի՝ Ներքին համախառն արդյունքը (շուկայական գներով) կազմել է 5 տրլն 67 մլրդ 868,2 մլն դրամ, դոլարով արտահայտված՝ 10 մլրդ 54 մլն 729 հազ. դոլար, կամ՝ 2014թ. նույն ցուցանիշի 92,4%-ը։ Միևնույն ժամանակ, հատկանշական է, որ ՀՆԱ-ն՝ եվրոյով արտահայտված, 2016թ. կազմել է 9 մլրդ 528 մլն 755 հազ. եվրո կամ՝ 2014թ. նույն ցուցանիշի համեմատ՝ 116,24%։ Այսպիսով, 2016թ. ՀՀ ՀՆԱ-ն 2014թ. նույն ցուցանիշի համեմատ՝ եվրոյով արտահայտված, ապահովել էր 116,24% աճի տեմպ։ Այսինքն՝ «Ելք» դաշինքի գործընկերների հիմնական փաստարկը ՀՆԱ (դոլարով արտահայտված) անկման մասին և այդ փաստը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ շաղկապելը ոչ մի քննադատության չեն դիմանում՝ եվրոյով ՀՆԱ աճի համատեքստում։ Ավելի պարզ ասած՝ դա միանգամայն անհեթեթ է, իսկ դոլարի փոխարժեքի աճը այն գործընթացների հետևանքն է, որոնք տեղի են ունենում համաշխարհային ֆինանսների ոլորտում։ Նշենք, որ այդ ժամանակաընթացքում դրամի փոխարժեքը եվրոյի հանդեպ ամրապնդվել է 3,7 տոկոսային կետով։ Այս երևույթի մասին ՀՀ ԱԺ ամբիոնից հայտարարեց նաև Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, որը, հիշեցնենք, տնտեսագիտության դոկտոր է։ ԱՎԾ վիճակագրական տվյալների հանգամանալի ներկայացմամբ նպատակ ունենք հերթական անգամ իրազեկել մեր քաղաքացիներին ընդդիմադիր մեր գործընկերների, մեղմ ասած, ոչ կոռեկտ փաստարկների մասին, ովքեր, վիճակագրական տվյալների մանիպուլացմամբ պարզապես մոլորության մեջ են գցում մեր բնակչությանը։ ԵԱՏՄ-ից ՀՀ- դուրս գալու վտանգի մասին ավելի մանրամասն գրված է «Արմենպրեսում», «Իրավունք» և «Հայոց աշխարհ» թերթերում (2017թ. հոկտեմբերի 2-3) հրապարակված «Արտաշես Գեղամյան. Հայաստանը պատկանում է բովանդակ հայությանը և նրա պահպանումը մեր սրբազան պարտքն է» հոդվածում։

Բնավ պատահական չէ, որ այսքան մանրամասն կանգ առա «Ելքի» մեր գործընկերների՝ սկզբից ևեթ մոռացության դատապարտված նախաձեռնության վրա, քանզի նրանց փաստարկները չափազանց անհամոզիչ են։ Այս մտահղացման քաղաքական կուրատորներին ամեն բան պարզ դարձավ արդեն քննարկման ընթացքում, ուստի հարկ էր փրկել իրավիճակը, որպեսզի գեթ ինչ-որ կերպ հարցը թողնվի քաղաքական օրակարգում։ Բովանդակային առումով նրանց ձախողումն ակնհայտ էր. վերոնշյալ հոդվածում ներկայացված իմ փաստարկներից ոչ մեկը այդպես էլ չվիճարկվեց ոչ մամուլում, ոչ ՀՀ ԱԺ քննարկման ժամանակ։ Հարկավոր էր շտապ ինչ-որ բան ձեռնարկել։ Եվ ահա, հերթական հարցի քննարկման ընթացքում «Ելք» խմբակցության անունից հանդես է գալիս դրա ղեկավարը և անվայելուչ ձևով վկայակոչելով իմ անունը՝ աղավաղում է մեկ օր առաջ ունեցած իմ ելույթի բովանդակությունը, ընդ որում՝ միանգամայն այլ հարցի քննարկման ժամանակ։ Իհարկե, կարելի էր և չարձագանքել դրան (ես այդպես էլ վարվել եմ նույն հռետորի անտաշ հարձակումների ժամանակ՝ նախորդ օրերին Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստերի քննարկումների ընթացքում), բայց իմ պարտքն ընտրողների առջև՝ միշտ լինել սկզբունքային և երբեք չզիջել այն հարցերում, որոնք վերաբերում են պետական անվտանգությանը, կանխորոշեց իմ հետագա գործողությունները, որոնք այդ նույն՝ «Ժամանակ» թերթը մեկնաբանել է բավական ինքնատիպորեն։ «Ընդամենը մի քանի րոպե տևած միջադեպը շատ ավելի երկար է մնում հանրային քննարկումների դաշտում, քան մի քանի օր տևած քննարկումները։ Պետք չէ բացառել անգամ, որ դա գործնականում ամենաճիշտ մարտավարական քայլն էր, որ իշխանությունն արեց «Ելքի» նախաձեռնության (ԵԱՏՄ-ից դուրս գալու- Ա.Գ.) նկատմամբ, որովհետև այդ քայլի էֆեկտը, ըստ էության, շատ ավելին էր, քան այն բոլոր «փաստարկները» կամ «հակափաստարկները», որ Հանրապետական կուսակցությունը փորձում էր բերել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցելն ու այնտեղ մնալը հիմնավորելու համար»։

Ահա այսպիսի բաներ, երբ ինչպես Հանրապետական կուսակցության, այնպես էլ ՀՀ ԱԺ այլ խմբակցությունների ներկայացուցիչների (որոնք, մեղմ ասած, խիստ համոզիչ էին փաստարկում «Ելք» խմբակցության պատգամավորների հիմնավորումների ոչ միայն չկայացածությունը, այլև այդ քայլի ժամանակավրեպությունը, վտանգավորությունը հայկական պետականության համար) կողմից ներկայացված փաստարկներից և ոչ մեկը, չգիտես ինչու, չլսվեց և նկատի չառնվեց ընդդիմադիրների կողմից։ Միակ խմբակցությունը, որին օդի պես պետք էր շեղել Հայաստանի հանրության ուշադրությունը ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցի քննարկման ընթացքում «Ելք» խմբակցության քաղաքական ֆիասկոն հասկանալուց, հենց «Ելք» խմբակցությունն էր։ Բավական է հիշել, որ արդեն տարիներ շարունակ նրանց, ավելի ճիշտ՝ նրանց արտասահմանյան ուղղորդիչների կողմից վերահսկվող բոլոր լրատվամիջոցները գիշերուզօր Հայաստանի քաղաքացիներին ահաբեկում են մեզ սպառնացող ապոկալիպսիսով, եթե Հայաստանը շարունակի անդամակցել ԵԱՏՄ-ին, սպառնում մեզ անխուսափելի արհավիրքներով, եթե Հայաստանը շարունակի Ռուսաստանի Դաշնության հետ հետագա ռազմավարական գործընկերությունը։ Եվ այս նպատակների համար արդեն քանի տարի հսկայական գումարներ են ծախսվում։ Օրինակ, բավական հեղինակավոր «Аргументы недели в Армении» պարբերականի վերջին համարում (N37 (581), 6-12 հոկտեմբերի 2017թ.) Հրանտ Սարաֆյանի «Ի՞նչ նպատակների համար են ֆինանսավորվում սորոսյան ՈԿԿ-ները» վերնագրով հոդվածում բավական տագնապալի տվյալներ են ներկայացված։ Մասնավորապես, վավերագրորեն ներկայացվել են փաստեր խոշոր գումարների մասին, որոնք Սորոսի հիմնադրամը տվել է «հակառուսական, հակաեվրասիական քարոզչությանը և երկրում անկայունության օջախների ստեղծմանն ուղղված կազմակերպությունների» ֆինանսավորման համար։ Ներկայացված է նաև ոչ կառավարական այն կազմակերպությունների ցանկը, որոնք ֆինանսավորվում են Սորոսի հիմնադրամի կողմից, որոնք սպասարկում են այսպես կոչված ռազմաքաղաքական վերլուծության այն ուղղությունը, որը նպատակամղված է իրականության աղճատմանը և, մասնավորապես, ՀԱՊԿ-ը որպես անդեմ մարմին, Ռուսաստանը՝ որպես «ոչ բարեկամական, հաճախ՝ թշնամական երկիր», իսկ Եվրասիական տնտեսական միությունը՝ որպես «ապագա չունեցող տնտեսական միավոր» ներկայացնելուն։ Բացահայտ թշնամական այս գործակալ «վերլուծաբանների» կարծիքով՝ Հայաստանում ապակայունացման գործընթացի մեկնարկը պիտի դառնար ՀՀ ԱԺ-ում «Ելք» դաշինքի կողմից Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու գործընթացի նախաձեռնումը. սրան զուգահեռ՝ ծրագրվում էր «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Միավորված զորախմբի (ուժերի) մասին համաձայնագրի» բովանդակային լիակատար խեղաթյուրում՝ սույն համաձայնագրի վավերացման համար այդ օրինագծի քննարկման և «Համաձայնագիր Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմական արտադրանքի, որը մատակարարվում է ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին երկկողմանի պայմանագրի շրջանակներում, առկայության և նպատակային օգտագործման վերահսկողություն իրականացնելու կարգի մասին» օրինագծի բանակռիվների ժամանակ։ Այս օրինագծերի բովանդակության խեղաթյուրմանն ուղղված ծախսերի մասշտաբների մասին քիչ թե շատ ամբողջական պատկերացում ունենալու համար մեջբերում կատարենք «Ի՞նչ նպատակների համար են ֆինանսավորվում սորոսյան ՈԿԿ-ները» հրապարակումից. «Այդ գործողություններով սույն կազմակերպությունները նպատակ են հետապնդում սեպ խրել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության մեջ։ Այս գործում մեծ ներդրում ունեն՝ «Տարածաշրջանային համագործակցության և գլոբալիզացիայի վերլուծական կենտրոնը» (ղեկավար՝ Ստեփան Գրիգորյան), որը ֆինանսավորվել է 148530 ԱՄՆ դոլարով; «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնը (ղեկավար՝ Ստեփան Դանիելյան), որը ֆինանսավորվել է 268020 դոլարի չափով; «Հոդված 3» ակումբը (Գայանե Աբրահամյանի գլխավորությամբ), ֆինանսավորվել է 143530 ԱՄՆ դոլարով։

            Եվ ահա, բարեկամական երկրներից մեկի հարկատուների կողմից այսքան շռայլ վարձատրությունից հետո, որի արտաքին քաղաքական ուղեգիծը, դատելով այդ պետության արտաքին քաղաքական գերատեսչությունում կատարված վերջին փոխատեղումներից, նոր վարչակազմի օրոք պետք է որ փոխվեր, բայց այդպես չեղավ, և արդյունքում լիակատար ձախողում տեղի ունեցավ։ Իսկ դա կատակ բան չէ։ Հարկավոր էր շտապ ինչ-որ բան ձեռնարկել, մի ինչ-որ տիեզերական սկանդալ նախաձեռնել, որպեսզի, կրկնում եմ, շեղեն մեր հասարակության ուշադրությունը վերը նկարագրված երևույթներից։

            Սակայն ընթերցողը միանգամայն արդարացիորեն կարող է հարց տալ. իսկ ինչի՞ համար է այս ամենը, որտե՞ղ է թաքնված շան գլուխը։ Ընթերցողներին հիշեցնենք, որ 2017թ. հուլիսի 24-ին, Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի գարնանային նստաշրջանի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ընթացքում խոսնակ Վալենտինա Իվանովնա Մատվիենկոն հիշեցրել էր, որ անցյալ դարի իննսունական թվականներին արտասահմանցի մասնագետները նստում էին Ռուսաստանի նախագահի թեկնածուների ընտրական շտաբներում։ «Բարեբախտաբար, այդ ժամանակներն անցել են, մենք ինքներս ենք ի զորու ընտրություններ անցկացնել»,- նշել է խոսնակը՝ հավելելով, որ «ընտրությունների նման ժողովրդավարական համակարգին կարող են նախանձել մյուս պետությունները»։ Այնուհետև նա շարունակել է. «Այսօր փորձեր կան՝ տեղեկատվական առումով ազդել հասարակության այս կամ այն շերտի վրա՝ սանձարձակ տեղեկատվական քաղաքականության շրջանակներում... Եվ իհարկե, մենք նկատում ենք այդ ուժերի ակտիվացում՝ մեր ներքին քաղաքականության մոտեցող գլխավոր իրադարձության՝ ՌԴ նախագահի ընտրությունների հետ կապված»։ Դրա օրինակները՝ «ինչքան ուզեք»,- ասել է Վալենտինա Իվանովնան,- «նման յուրաքանչյուր գործողություն կկասեցվի, միջոցներ կձեռնարկվեն, որպեսզի նման գործողություններ չթույլատրվեն»։ Եվ ահա, Հայաստանի Հանրապետությունում հակառուսական, ռուսատյաց ուժերի անսանձ ակտիվացումը համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոններից մեկի աշխարհաքաղաքական ռազմավարության բաղադրիչն է հանդիսանում՝ Ռուսաստանի Դաշնության սահմանների ողջ պարագծով (լինի Արևմուտքում, Հարավային Կովկասում, թե Հարավային Ասիայում) լարվածության օջախներ ստեղծելու ուղղությամբ։ Այս առումով Հայաստանի Հանրապետության՝ որպես Ռուսաստանի Դաշնության հուսալի աշխարհաքաղաքական դաշնակցի, որը սահմանակից է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հենակետի՝ Թուրքիայի հետ, դերը դժվար է գերագնահատել։ Եվ հենց այս հանգամանքով է պայմանավորված Հայաստանում տարատեսակ հակառուսական ուժերի շռայլ ֆինանսավորումը։ Սակայն բանը միայն Հայաստանի և Ռուսաստանի դեմ տեղեկատվական պատերազմով չի սահմանափակվում։ Էլ ավելի հստակ է ուրվագծվում նաև համաշխարհային քաղաքականության այդ նույն ուժի կենտրոնի մտադրությունը՝ ռազմական կառույց ստեղծել Հայաստանի Հանրապետության «մատույցներում»։ Ի՞նչ նկատի ունենք։ 2010թ. Թուրքիան և Ադրբեջանը համաձայնագիր ստորագրեցին ռազմավարական գործընկերության և փոխօգնության մասին։ Այս պայմանագիրն ամրապնդեց այդ ժամանակ արդեն ձեռք բերված ռազմական համագործակցության մակարդակն Ադրբեջանի և Թուրքիայի միջև և այն բարձրացրեց ռազմավարական գործընկերության աստիճանի։ Բաքուն և Անկարան պայմանավորվեցին փոխգործակցել զինվորական կադրերի պատրաստման և վերապատրաստման, բանակի արդիականացման ոլորտներում՝ մասնակցելու համար համատեղ ռազմական գործողություններին, և կանոնավորապես իրականացնել համատեղ զորավարժություններ։ Իսկ ադրբեջանցի և թուրք դիվանագետների գլխավոր ձեռքբերումը դարձավ երրորդ երկրների ագրեսիայի դեպքում միմյանց աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ կետի ամրագրումը։ Նշենք, որ 2016թ. Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան քառօրյա պատերազմը Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարության կողմից անամոթաբար որակվում էր որպես Հայաստանի ագրեսիա։ Նշենք նաև, որ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցության ակտիվացումը դուրս չմնաց Վրաստանի տեսադաշտից։ Արդեն 2012թ. Վրաստանի Զինված ուժերն առաջին անգամ մասնակցեցին ադրբեջանա-թուրքական զորավարժություններին, այնուհետև՝ 2014թ. օգոստոսին, այդ երկրների միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց դիվանագիտական նոր ձևաչափի՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպման մասին։ Նշենք, որ 2014թ. օգոստոսի 19-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում տեղի ունեցավ պաշտպանության նախարարների առաջին հանդիպումը, և այդ ժամանակից ի վեր նման հինգ հանդիպում է կայացել։ Այդ հանդիպումների ժամանակ նշվել են ռազմական համագործակցության առավել ակտուալ հարցերը՝ տարածաշրջանային անվտանգություն, երկրների տարածքային ամբողջականության ապահովում և այլն։ Կարծում ենք՝ կասկած չի հարուցում, որ այդ երեք երկրների ռազմական համագործակցությունն ուղղված է առաջին հերթին Ռուսաստանի և Հայաստանի դեմ։ Քաղաքական այս իրողությունների ըմբռնումն էլ հենց դարձավ «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Միավորված զորախմբի (ուժերի) մասին համաձայնագրի» կնքման շարժառիթներից մեկը։ Այս մասին ձեր խոնարհ ծառան փոքր-ինչ ավելի հանգամանալի խոսել է ՀՀ ԱԺ-ում ունեցած իր ելույթում, որին էլ ընդամենը մեկ օր անց հետևեց ընդդիմությունից գործընկերոջ ջղաձիգ արձագանքը. հատկանշական է, որ դա տեղի ունեցավ միանգամայն այլ հարցի քննարկման ընթացքում։ Այսինքն՝ «Ելք» խմբակցության պատգամավորների՝ միավորված զորախմբի մասին համաձայնագրի վավերացման հակառակորդների ողջ ռազմաշունչ հռետորաբանությունը ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից հասանելի ձևով չեղարկվեց, հասցվեց զրոյի։ Այստեղ, որպես հիշեցում մեր ընդդիմախոսներին, կուզենայի մեջբերում կատարել Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովի՝ REGNUM լրատվական գործակալությանը տված հարցազրույցից, որը դեռևս 2010թ. ամռանն ասել էր. «Թուրքիայի համար Ադրբեջանի, հատկապես նրա անքակտելի մասի՝ Նախիջևանի ինքնավարության անվտանգությունը շատ մեծ նշանակություն ունի... Թուրքական ներկայությունը կազատեր ադրբեջանական բանակի՝ Նախիջանում տեղակայված կորպուսը բացառապես պաշտպանական գործառույթներից»։ Այնուհետև նա հավելել է, որ «Թուրքիան արդեն ցուցադրել է Կիպրոսի, Իրաքում Քրդստանի բանվորական կուսակցության գործողությունների համատեքստում. երբ խոսքը վերաբերում է անվտանգությանը, թուրքական քաղաքական և ռազմական ղեկավարությունն ի զորու է կայացնել ինքնուրույն որոշումներ»։

Սակայն քաղաքագետն այսքանով չի սահմանափակվել։ Նա հետո պնդում է, որ «Կարսի համաձայնագիրը (նկատի ունի 1921թ. հոկտեմբերի 13-ին Հայկական, Ադրբեջանական և Վրացական ԽՍՀ-ների՝ մի կողմից, և մյուս կողմից՝ Թուրքիայի միջև ՌԽՖՍՀ-ի մասնակցությամբ ստորագրված Կարսի պայմանագիրը- Ա.Գ.) Թուրքիային իրավունք է վերապահում ռազմակայան պահել Նախիջևանում»։ Կարծում ենք, որ նման հայտնությունները ոչ մեկի մեջ կասկած չեն հարուցում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի թափ հավաքող ռազմական համագործակցության իսկական նպատակների մասին։ Էլ չեմ ասում Կարսի պայմանագրի «ազատ» մեկնաբանման մասին, որը Թուրքիային օժտում է գոյություն չունեցող լիազորություններով, բայց սա առանձին վերլուծության թեմա է։

Վերադառնալով ՀՀ ԱԺ-ում վերոնշյալ օրինագծերի քննարկման ժամանակ տեղի ունեցած բանակռիվներին՝ ակամա հարց է ծագում. ո՞ւմ շահերն էին պաշտպանում «Ելք» խմբակցության պատգամավորները։ Համենայն դեպս՝ հաստատ ո՛չ Հայաստանի Հանրապետության։ Այս հաշվով եզրահանգումները թողնում ենք ընթերցողներին և մեր այն ընդդիմախոսների քաղաքական ուղեվարներին, որոնք, կամա, թե ակամա, ջանում են ՀՀ ԱԺ որոշ անփորձ պատգամավորների վերածել կույր զենքի Հայաստանի բացահայտ թշնամական ուժերի ձեռքին։ Նրանց մարտավարությունը նաև այն է, որպեսզի Ռուսաստանի նախագահական ընտրությունների նախօրեին ապակայունացնեն իրավիճակը Հայաստանում, որը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է՝ դրանով իսկ շեղել Ռուսաստանի ղեկավարության ուշադրությունը իրենց երկրի ներքաղաքական գործընթացներից։ Ընդ որում՝ նրանց մտահղացումն այն է, որպեսզի, ահա արդեն ոչ առաջին տարին՝ այդ քաղաքականությունն իրականացվի նպատակաուղղված կերպով թեժացող հակառուսական հիստերիայի համապատկերում։ Կրկնում եմ՝ հաշվարկը պարզ է. ապակայունացնել Հայաստանը, հետո էլ՝ Ռուսաստանը։ Բայց դժբախտությունն էլ հենց այն է, որ այդ նսեմ հակահայկական դավադրությունն արդեն բացահայտվել է, նշանակում է՝ դրա տապալումը կանխորոշված է։

Չէի ցանկանա հոդվածս ավարտել տխուր նոտայով, ուստի ամփոփելով՝ ուզում եմ մեջբերում կատարել Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի շնորհավորանքից ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հոբելյանի առիթով. «Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներ Ձեր հոբելյանի առթիվ... Կցանկանայի երախտագիտությամբ նշել Ձեր անձնական ներդրումը մեր երկրների ժողովուրդների բարեկամության, եղբայրության և փոխադարձ աջակցության բազմադարյա ավանդույթների վրա հիմնված Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում: Հետևողական ջանքերի շնորհիվ մեզ հաջողվել է զգալիորեն հարստացնել հայ-ռուսական համագործակցության օրակարգը նոր համատեղ նախաձեռնություններով և նախագծերով, ինչը, անկասկած, համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների արմատական շահերին, ընթանում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման հունով...

Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, քաջառողջություն, երջանկություն, բարօրություն և ամենայն բարիք»։

Ամենայն անկեղծությամբ կիսում եմ մեր Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի դիրքորոշումը և միանում նրա շնորհավորանքին։

Հայաստանի հաստատակամությունը չե՛ս սասանի. Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշինքը դարերի համար է։

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցությունից,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]