Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունվար

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն աջակցում է Արցախի «հնարավորինս արագ և ամբողջական» ականազերծմանը: Թիլերսոնն իր դիրքորոշումը հայտնել է ի պատասխան կոնգրեսականներ Բրեդ Շերմանի և Դևիդ Սիսիլինի ներկայացրած հարցման: Պետքարտուղարի պատասխանը հրապարակվել է այս շաբաթ: Թիլերսոնը հաստատել է, որ շուրջ 45 մլն ԱՄՆ դոլար է հատկացվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տուժածներին:

Արցախի Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերին: Երկրի ղեկավարը շնորհավորել է համանախագահին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, սահմաններում տիրող իրավիճակին, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել է Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման եւ այս ուղղությամբ հետեւողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Հանդիպմանը շարունակվեցին Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպման կազմակերպման վերաբերյալ քննարկումները։ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շեֆերին: Ընդգծելով, որ նորանշանակ համանախագահը դիվանագիտական առաքելությունն ստանձնել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկայիս բավականին բարդ ժամանակահատվածում, Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել նրան այդ կարևորագույն առաքելության իրականացման գործում: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին։ Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավորությունները, այդ թվում ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման վերաբերյալ հարցերը, անդրադարձել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակին: Հանդիպման մասնակիցները կարևորել են հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքն ու բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու հարցը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը ՝ տարածաշրջան այցի ավարտին հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ հանդիպումների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ: Դրանում նշվել է, որ քննարկումների նպատակն է եղել ավարտել նախագահների հանդիպում կազմակերպելու աշխատանքը, այդ թվում՝ հստակեցնելու քննարկման հնարավոր թեմաները:  «Երկու նախագահներն էլ հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ վերսկսելու բանակցությունները՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով: Առաջիկա գագաթնաժողովի մասին տեղեկատվությունը համապատասխան կողմերը կներկայացնեն մոտակա ապագայում»,-  ասված է համանախագահների հայտարարության մեջ:  

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպումների վերաբերյալ:

Հայոց ցեղասպանության դատապարտում

Նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյորնը Հայոց ցեղասպանության օրերին նվիրվել է հայ ժողովրդին ծառայելու գործին: Իմանալով հայերի տառապանքների մասին՝ նա գնացել է Մուշ՝ միաժամանակ օգնելով նաև շրջակայքի հայությանը: Խնամել և բժշկել է  որբերին, փրկել է բազմաթիվ կանանց և երեխաների կյանքեր: Մանկատուն է հիմնել նաև Ալեքսանդրապոլում՝ ներկայիս Գյումրիում: Այս գործից 102 տարի անց Հայաստանում է միսիոներուհու թոռը: «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Յուսի Բյորնի հետ:

Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ժխտման ճարտարապետները» փաստավավերագրական ֆիլմի հեղինակ և պրոդյուսերներ, ամերիկյան հեռուստաաստղեր Մոնթել Ուիլյամսը և Դին Քեյնը ԱՄՆ Կապիտոլիումում հանդիպումներ են ունեցել ԱՄՆ օրենսդիրների հետ: Հանդիպումների ընթացքում նրանք հորդորել են ԱՄՆ օրենսդիրներին մերժել Թուրքիայի կողմից եկող ճնշումները և ընդունել H.Res.220 և S.Res.136 բանաձևերը, որոնք ենթադրում են դասեր քաղել անցյալում տեղի ունեցած պատերազմական, մարդկության դեմ հանցագործություններից, ինչպիսինն է Հայոց ցեղասպանությունը՝ կանխելու հետագայում նման ոճրագործությունների կրկնությունը: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 220 բանաձևին աջակցող կոնգրեսականների թիվն անցել է 100-ը: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն այս փաստը պայմանավորում է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խոստումը» ֆիլմի արձանագրած հաջողություններով, «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի հանրային ցուցադրությամբ և ամռան ընթացքում կոնգրեսականների հետ իրականացված շփումներով:  

Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հայաստան և աշխարհ

 Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շնորհավորել և բարեմաղթանքներ հղել նրան հոբելյանի առթիվ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 68-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և կանցլեր Անգելա Մերկելին՝ երկրի ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների մասնակիցներին և հյուրերին: Շատ կարևոր է զարգացնել երկխոսություն ՌԴ սուբյեկտների և Հայաստանի մարզերի միջև: Այս մասին ասվում է  հոկտեմբերի 6-ին հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում: «Մեր շրջանների արդյունավետ կապերը ծառայում են կրթության, տնտեսության, մշակույթի ոլորտներում համագործակցությանը: Այդ պատճառով շատ կարևոր է զարգացնել երկխոսություն ՌԴ սուբյեկտների և Հայաստանի մարզերի միջև»,-ասված է ՌԴ նախագահի ուղերձում:  

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը արդյունավետորեն և դինամիկ զարգանում է։ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, անդրադարձել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահն ընդգծել է, որ իր երկիրն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին և համարում է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին, ով Հայաստան է ժամանել Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովներին մասնակցելու նպատակով: 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների համատեղ լիագումար նիստի բացմանը: «Մենք ունենք ապրանքաշրջանառության բարձր աճ Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, ունենք ներմուծման և արտահանման աճ: Ռուսաստանյան ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորության վերաբերյալ որոշման ընդունումից հետո ունենք 37 տոկոս աճ զբոսաշրջության ոլորտում», - նշել է վարչապետ Կարապետյանը և բոլորին արգասաբեր ու արդյունավետ աշխատանք մաղթել:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսական հարաբերությունների օրակարգի, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և հեռանկարային ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկան, զբոսաշրջությունը, կրթությունը և գիտությունը, սննդի արդյունաբերությունը և այլն, փոխգործակցության զարգացման ու խորացման, նաև վերջին շրջանում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցել է Իտալիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը: Հայ-իտալական տնտեսական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործման, հեռանկարային ոլորտներում համագործակցության զարգացման նպատակով Հանրապետության Նախագահի կողմից շահագրգիռ նախարարություններին և գերատեսչություններին տրվել են մի շարք հանձնարարականներ: 

ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը: Համաձայնագիրը վավերացնելու մասին հարցին կողմ քվեարկեցին 87, դեմ՝ 7 պատգամավոր: Միացյալ զորքերի կազմը որոշում են լիազոր մարմինները, որոնք, ըստ համաձայնագրի, երկու երկրների պաշտպանության նախարարություններն են: Լիազորված մարմինները ռազմաքաղաքական իրավիճակի համապատասխան վերլուծության և համաձայնեցված եզրահանգումների հիման վրա, հաշվի առնելով հնարավոր սպառնալիքների ուղղվածությունը և զորքերի կիրառման ընդհանուր մտահաղացումը, տալիս են իրավիճակի գնահատականը:

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի Հայաստան այցի շրջանակում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացել է հայ-չեխական գործարար համաժողով, որի բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը եւ Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխը:

Երևանում մեկնարկած հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի ընթացքում երկու երկրների միջև ստորագրվեցին տարբեր ոլորտների առնչվող մի շարք փաստաթղթեր:

Ռուսաստանը 200 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին զենքի մատակարարումն ավարտին կհասցնի ընթացիկ տարվա վերջին: Այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Այդ վարկի շրջանակներում Հայաստանին զենքի մատակարարումը կավարտենք այս տարվա վերջին, ինչպես նշված էր պայմանագրում: Այսինքն, այստեղ որևէ խնդիր չկա»,-  նշեց Վիգեն Սարգսյանը:

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը փակ ձևաչափով քննարկել է «Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվե. ազդեցություններ տարածաշրջանի վրա» հարցը:Հայաստանի խորհրդարանը միաձայն վավերացրեց Հորդանանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրերը:

Քառօրյա պատերազմից ամենաշատ տուժած գյուղը` Թալիշը, նոր շունչ է ստանում: «Հայաստան» համահայկական հիմնադրամը, բարերար Անդրանիկ Պաղտասարեանի աջակցությամբ, ներդնում է մոտ 541.331.200 դրամ Թալիշի զարգացմանը: 

Ներհայաստանյան զարգացումներ

Հայաստանի հյուսիսային մաքսային դարպասների արդիականացման ծրագրի շրջանակում շահագործման հանձնվեց Բավրայի նորակառույց սահմանային անցակետը՝ այսպես ամբողջացնելով ծրագիրը, որը նախատեսում էր եւս երկու ՝  Գոգավանի եւ Բագրատաշենի անցակետերի արդիականացումը: Անցակետի պաշտոնական բացմանը ներկա էր  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ սահմանի կառավարմանն առնչվող պետական մարմինների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Վրաստանից ժամանած պատվիրակությունը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին, որոնց շրջանակներում այցելել է քաղաքի մի շարք մշակութային օջախներ, դիտել գյումրեցիների ավանդական կենցաղը, արհեստներն ու ավանդույթները ներկայացնող «Հացի փառատոնը», մասնակցել Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի բացման արարողությանը: Նախագահն այցելել է նաև Գյումրու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շինհրապարակ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը մայրաքաղաքի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա են գտնվել հոկտեմբերի 5-8-ը անցկացվող «Երևան շոու-2017» ոսկերչական իրերի և ժամացույցների միջազգային 8-րդ ցուցահանդեսի բացման արարողությանը: Աշխատանքային այցով Սյունիք այցելած Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է մարզում առաջին անգամ անցկացվող Սպարապետի օրվան նվիրված միջոցառումներին: ՀՀ Նախագահը միջոցառումների շրջանակներում այցելել է Խնձորեսկ համայնքում գտնվող Մխիթար Սպարապետի գերեզմանին, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել Սպարապետի հիշատակին, իսկ երեկոյան ներկա է գտնվել օրվա խորհրդի ներքո կազմակերպված գալա համերգին: Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում գտնվող ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Ջերմուկ քաղաքում հետևել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի և Շախմատի եվրոպական միության հետ համագործակցությամբ Հայաստանի շախմատի ակադեմիայի կազմակերպած Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի 2-րդ փուլի ընթացքին, որն անցկացվում է հոկտեմբերի 4-15-ը «Ջերմուկ աշխարհ» նորակառույց հյուրանոցում: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել Ջերմուկում՝ դիտել քաղաքի ձախափնյա թաղամասում սկսված շինարարական աշխատանքների ընթացքը:

Պետական եկամուտների կոմիտեն ամեն ամիս հարկային եկամուտների շարունակական աճ է արձանագրել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը` ներկայացնելով 2017 թվականի 9 ամսվա գործունեության արդյունքները. «2017 թվականի 9 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 860.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ` ներառյալ ԱԱՀ-ի գումարները: Նախորդ տարվա 9 ամիսների համեմատ պետական բյուջեի եկամտային աճը կազմել է ավելի քան 74 մլրդ դրամ կամ 9.4 տոկոս: 640.7 մլրդ դրամն ապահովվել է հարկային մարմինների, իսկ 219.7 մլրդ դրամը` մաքսային մարմինների կողմից: Հարկային մարմինների մասով աճը կազմել է 39.9 մլրդ դրամ կամ 6.7 տոկոս, իսկ մաքսային մասով` 34 մլրդ կամ 18.3 տոկոս»:

Տեղեկատվական տեխնոլոգիաների  ոլորտը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսական զարգացման գերակա ուղղություններից մեկը: «Հայկական ինտերնետ կառավարման 3-րդ համաժողով»-ին ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ՀՀ կառավարությունն իր որդեգրած քաղաքականությանը հավատարիմ՝ մեծ ջանքեր է գործադրում ՏՀՏ ոլորտի արդյունավետ զարգացման և ամրապնդման համար. «Այդ առումով ուրախությամբ կարող եմ փաստել, որ 2017թ. առաջին կիսամյակում ոլորտում գրանցվել է 35 տոկոս տնտեսական աճ: Ինտերնետն այսօր մեր կյանքի մի մասն է դարձել, և առանց դրա, առանց հասարակության տարբեր շերտերի ներգրավման հնարավոր չէ այդ կառավարումն իրականացնել: Համոզված եմ, որ համաժողովի օրակարգում ընդգրկված թեմաների քննարկումները մարտահրավերների լուծման տարբերակներ գտնելու հնարավորություն կտան»։

Արենի գինու 9-րդ փառատոնին մասնակցում է 20.000 և ավելի զբոսաշրջիկ։ Այս մասին հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի պետի տեղակալ Մեխակ Ապրեսյանը։ Նա ընդգծեց, որ սկսած 2009 թվականից ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, այսօր արդեն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն աջակցում է Արենի գինու փառատոնի կազմակերպմանը՝ համոզմունք հայտնելով, որ Արենի գինու փառատոնը շատ շուտով կդառնա համաշխարհային նշանակության փառատոն. «Այսօր այստեղ կա 21 գինեգործբացի դրանիցտան պայմաններում  պատրաստող  հարյուրավոր գինեգործներ են։ Դեռ 8 տարի առաջ այսպիսի մասնակցություն չկարշատ հայնտի չէր։ Այսօր արդեն բազմաթիվ զբոսաշրջիկներ հատուկ գալիս են մասնակցելու Արենի գինու փառատոնին»։

Կարագի մանրածախ վաճառքի գները Հայաստանում մեկուկես տարվա ընթացքում բարձրացել են ընդամենը 44-50 տոկոսով. նույն ժամանակահատվածում կարագի միջազգային գներն աճել են ավելի քան 130 տոկոսով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) վերլուծության վարչության պետ Գնել Ալավերդյանը: Հայաստանում մսի շուկայում նկատվող թանկացումները պայմանավորված են պահանջարկով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ անդրադառնալով մսի շուկայում նկատվող թանկացումներին։ Նա հերքեց շրջանառվող խոսակցությունները, թե մսի գների բարձրացմանը նպաստել է երաշտը: «Երաշտը չէր կարող մսի գնի վրա ազդեցություն ունենալ: Երաշտի հետևանքով մենք անասնագլխաքանակի նվազում չենք ունեցել»,- ասաց նախարարը: Նախարարը տեղեկացրեց, որ շուկայում 30 տոկոսով թանկացել է նաև խոտի գինը, ինչը կարող էր նպաստել մսի գնի թանկացմանը 15 տոկոսով:

Սփյուռք

Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստի ժամանակ նոր բացահայտումներ են արվել: Լսումների ժամանակ ցուցմունք է տվել կալանավորված կասկածյալ, Fox Tv-ի թուրքական ծառայության լրատվական ծրագրերի տնօրեն Էրջան Գյունը: Նա հայտնել է, որ ոստիկանության բաժանմունքում ձերբակալված լինելու ժամանակ նույն խցում է եղել ժանդարմերիայի աշխատակիցներից մեկի՝ Վեյսել Շահինի հետ: Վերջինս նրան հայտնել է, թե Յասին Հայալը, ով ցմահ ազատազրկված է մարդասպան Օգյուն Սամասթին «Հրանտ Դինքի սպանությանը դրդելու» մեղադրանքով, պարբերաբար այցելել է Տրապիզոնում Ազգային հետախուզական ծառայության գրասենյակ:

ՌԵՆ ՏՎ հեռուստաալիքը հրապարակել Է տեսանյութ, որտեղ ներկայացվում Է Մոսկվայի կենտրոնում հայ գործարար Արսեն Փափազյանի գնդակահարումը:

Միջազգային խճանկար

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը պաշտոնաթող Է եղել։ ԵԽԽՎ-ի հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում պետք Է կայանար Ագրամունտի պաշտոնական հեռացումը քվեարկության միջոցով: Ագրամունտի շուրջ սկանդալը ծավալվել Էր ԵԽԽՎ-ի ապրիլյան նստաշրջանի ընթացքում, երբ եվրախորհրդարանականներն սկսեցին Վեհաժողովի ղեկավարին քննադատել մարտին Սիրիա նրա կատարած ուղեւորության համար:  Ագրամունտի անվան հետ են կապվում նաև արբեջանական խավիարային դիվանագիտության որոշ բացահայտումներ: 

Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը տպավորիչ Է համարել Իսպանիայից ինքնավարության անկախության շուրջ հանրաքվեի ադյունքները։ Կատալոնիայի Ժեներալիտետի (կառավարության) պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը հայտարարել Է, որ Իսպանիայից անջատվելու օգտին հանդես Է եկել հանրաքվեում քվեարկածների 90 տոկոսը: Ընդամենը դրան մասնակցել Է 2,3 մլն մարդ՝ ձայնի իրավունք ունեցող 5,3 մլն քաղաքացիներից: Ավելի քան հազար մարդ Է տուժել Կատալոնիայի ընտրատեղամասերում իսպանական ոստիկանության հետ բախումների հետեւանքով, որտեղ հոկտեմբերի 1-ին հանրաքվե Է անցկացվել Իսպանիայից տարածաշրջանի անկախության շուրջ: Բուժօգնություն Է պահանջվել 33 ոստիկանների, որոնք ապահովում Էին հասարակական կարգը: WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել Է, որ Իսպանիայի ուժայինները Կատալոնիայում առգրավել են մոտավորապես 700 հազար լրացված քվեաթերթիկներ, եւ դրանք չեն ներառվել ձայների ընդհանուր պաշվարկում: Կատալոնիայում հոկտեմբերի 1-ին անցկացված հանրաքվեն անօրինական Էր՝ իսպանիայի Սահմանադրության համաձայն: Կատալոնիայում արհմիությունները համընդհանուր գործադուլ են հայտարարել հոկտեմբերի 1-ին տարածաշրջանում կայացած անկախության հանրաքվեից հետո, որն ուղեկցվել Է ոստիկանության հետ քվեարկության մասնակիցների զանգվածային բախումներով, տեղեկացնում Է։

Լույս հոկտեմբերի 2-ի գիշերը Լաս Վեգասում մարդկանց զանգվածային գնդակահարման մեջ կասկածվողը ինքնասպան Է եղել մինչեւ ոստիկանության ժամանումը: Այդ մասին հայտնել Է քաղաքի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն։ Նա տեղեկացրել է, որ զոհվածների թիվը հասել Է 59-ի, վիրավորվել Է 527 մարդ: Այդ մասին հայտնել Է քաղաքի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն։ ԱՄՆ-ի Նեւադայի նահանգի Լաս Վեգաս քաղաքում համերգի այցելուների վրա կրակ Էր բացել 64-ամյա Սթիվեն Պադոկը: Նախագահ Սերժ Սարգսյանը Լաս Վեգասում տեղի ունեցած բռնության դեպքերի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհել են ամերիկացի գիտնականներ Ջեֆրի Հոլլին, Մայքլ Ռոզբաշին եւ Մայքլ Յանգին մոլեկուլյար մեխանիզմների հետազոտման համար, որոնք վերահսկում են օրական կենսառիթմերը: Ֆիզիկայի բնագավառում 2017 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել Է ամերիկացի հետազոտողներ Քիփ Թոռնին, Ռայներ Վայսին եւ Հարրի Բերիշին: Քիմիայի բնագավառում 2017 թվականի Նոբելյան ստացել են Ժակ Դյուբոշեն, Յոահիմ Ֆրանկը եւ Ռիչարդ Հենդերսոնը՝ «բարձր լուծաչափի կրիոԷլեկտրոնային միկրոսկոպիայի զարգացման համար՝ լուծույթում բիոմոլեկուլների կառուցվածքի որոշման նպատակով» ձեւակերպմամբ: Գրականության 2017 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել Է Մեծ Բրիտանիայից ծագումով ճապոնացի Կաձուո Իսիգուրոյին՝ հուզական մեծ ուժով լի ստեղծագործության համար: Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել Է Միջուկային զենքի արգելման միջազգային ընկերությանը (ICAN):

Առնվազն 21 մարդ Է զոհվել Վլադիմիրի մոտ ավտոբուսի եւ գնացքի բախման հետեւանքով: Այդ մասին հայտնել Է վթարի հետեւանքների վերացման օպերատիվ շտաբի աղբյուրը:

Մշակույթ

Լույս է տեսել  Հովհաննես Շիրազի «Հուշարձան հայրիկիս»  գիրքը, որը ներկայացվեց Գյումրիում:  Պոեմ-բանաստեղծությունների ժողովածուն հրատարակվում է առաջին անգամ՝ ամբողջական  տարբերակով:

Կինեմատոգրաֆիստների միության նոր նախագահն է Հարություն Խաչատրյանը:  Արտահերթ համագումարում նա ընտրվեց 88 ձայնով: Նախագահի մյուս թեկնածուներից Վահե Գևորգյանցը ստացավ 29 ձայն, իսկ Գևորգ Գևորգյանը՝ 17: Ընտրությանը գրանցվել էր միության 145 անդամ:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Լուսինե Գրիգորյանի կատարմամբ Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունների ձայնասկավառակի շնորհանդեսը։ Դաշնակահարը նշեց, որ սկավառակը թողարկել է աշխարհում մեծ հեղինակություն վայելող գերմանական ECM records-ը:

Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը երրորդն է Տուրլիխանովի մրցաշարում: Օլիմպիական խաղերից հետո Ջուլֆալակյանն առաջին անգամ է վերադարձել մրցագորգ:

Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում ավարտված ձյուդոյի Համառուսաստանյան VII բաց մրցաշարում Հայաստանի մեծահասակների հավաքականից հաջողության կարողացան հասնել միայն 2 ձյուդոիստ՝ Ֆերդինանդ Կարապետյանը 73 կգ քաշային կարգում և Արսեն Խանջյանը՝ 100 կգ քաշային կարգում: Երկու մարզիկներն էլ գրավեցին 3-րդ մրցանակային տեղը։

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմն աշխարհի առաջնության ընտրական փուլի տնային վերջին խաղում խոշոր՝ 1:6 հաշվով զիջեց Լեհաստանի ընտրանուն:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ