Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

ՀՀ վարչապետը և Բելառուսի արդյունաբերության նախարարը քննարկել են տնտեսական համագործակցության խթանման հնարավորությունները


ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարար Վիտալի Վովկին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Կարապետյանի խոսքով՝ Հայաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական հարաբերությունների և ապրանքաշրջանառության ոլորտում չիրացված մեծ ներուժ կա, և անհրաժեշտ է հետևողական աշխատանքով, նոր ծրագրերով խթանել ու զարգացնել տնտեսական համագործակցությունը:

Վիտալի Վովկը, համակարծիք լինելով ՀՀ վարչապետի հետ, արդյունավետ է գնահատել այսօր տեղի ունեցած Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը, որի շրջանակում հայաստանյան համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարները:

Զրուցակիցները քննարկել են գյուղատնտեսության, տրանսպորտային ենթակառուցվածքների, քաղաքային տնտեսության, կրթության և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում գործակցությունը զարգացնելու հեռանկարները: Վարչապետն անդրադարձել է Իրանի հետ սահմանին ստեղծվող ազատ տնտեսական գոտու, ԵՄ երկրների հետ GSP+ և ԱՄՆ հետ GSP արտոնյալ ռեժիմների հնարավորություններին՝ առաջարկելով Հայաստանը դիտարկել որպես երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու արդյունավետ հարթակ:

Կոնկրետ արդյունքներ արձանագրելու համատեքստում կողմերը կարևորել են Տնտեuական համագործակցության հարցերով հայ-բելառուuական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը և քննարկել այս ամսվա ընթացքում հանձնաժողովի՝ Մինսկում կայանալիք նիստի օրակարգին վերաբերող հարցեր:

 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ