Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 4/81. Հանսյորգ Շերթենլայբի «Գիշերային լողորդը» գիրքը մտել է ամենավաճառվածների ցանկ

Երևանյան բեսթսելեր 4/81. Հանսյորգ Շերթենլայբի «Գիշերային լողորդը» գիրքը մտել է 
ամենավաճառվածների ցանկ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունը: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է: Շուտով գրքի հիման վրա ֆիլմ է նկարահանվելու:

Իր դիրքերը բարելավել և երկրորդ տեղում է հայտնվել Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից:

Առաջինից երրորդ հորիզոնական է իջել հայ ժամանակակից գրող Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» գիրքը: Այն ներառում է պատմվածքներ, էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունը, շատերի հիշողություններում դեռ թարմ «մութ ու ցուրտ տարիները», այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում։ 

Չորրորդ տեղում նոր գիրք է: Շվեյցարացի ժամանակակից հեղինակ  Հանսյորգ Շերթենլայբի  «Գիշերային լողորդը» վեպը տարանցիկ ժամանակների հետաքրքիր հյուսվածք է առաջին սիրո, կարոտի, գաղտնիքների, վախերի, հույզերի ու ատելության, ինքնակայացման, ծնողների ու միջավայրի դեմ ընդդիմության  բարդ ճանապարհի մասին։ Գրքում ներկայացվում է պատանի հերոսի կենսագրությունը՝ սիրուն ու հաստատման հասնելու ճանապարհը լցնելով գեղեցկության, նվիրումի արժևորմամբ, պայքարելու կամքով: 

Հինգերորդ հորիզոնականում է ֆրանսիացի հանրահայտ գրող Գի դը Մոպասանի «Ընտիր նովելներ» գիրքը, որում ներառվել են նրա լավագույն գործերը: Մոպասանը Ֆրանսիայի առօրյա կյանքը նկարագրող բազմաթիվ պատմվածքների, վիպակների և վեպերի հեղինակ է։ Հայերեն են թարգմանվել և հրատարակվել նրա բազմաթիվ ստեղծագործություններ:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» բարելավել է իր դիրքերը և այս անգամ վեցերորդն է: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։

Յոթերորդ տեղն է գրավել Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունը: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք:

Ութերորդ հորիզոնականում է Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը, որում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ: Թարգմանիչներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը:

Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ը իններորդն է: Հրկիզող Գայ Մոնթագի ընտանիքը տան հեռուստապատերն են, որոնց ստեղծած իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ թաքստոցները կամովին մատնում է հրկիզողներին: 
Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է: Գիրքը բնագրից թարգմանել է Լուսինե Հարոյանը:

Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» վերադարձել է մեր ցանկ՝ հայտնվելով վերջին՝ տասներորդ տեղում: Այն Միլան Կունդերայի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է նաև 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Վեպը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (54-07-06), «Զանգակ» (23-25-28) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +1

Մարկ Արեն
«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 52
2 +3 Էդգար Հարությունյան
«Չգտնված երիցուկներ»
Անտարես 21
3 -2 Դավիթ Սամվելյան
«Ռոդենի ձմեռը»
Ասողիկ 13
4 Նոր Հանսյորգ Շերթենլայբ
«Գիշերային լողորդը»
Զանգակ 11
5 -2 Գի դը Մոպասան
«Ընտիր նովելներ»
Բուկինիստ 10
6 +3 Օսկար Ուայլդ
«Դորիան Գրեյի դիմանկարը»
Էդիթ Պրինտ 8
7 -3 Ջոն Բոյն
«Զոլավոր գիշերազգեստով տղան»
DirectMEDIA 7
8 -2 Ստեֆան Ցվայգ
«Ընտիր նովելներ»
Բուկինիստ 7
9 -1 Ռեյ Բրեդբըրի
«Ֆարենհայթ 451»
Զանգակ 7
10 * Միլան Կունդերա
«Կեցության անտանելի թեթևությունը»
Անտարես 6

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]