Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

Հայաստանը և Լեհաստանը մշակութային նոր ծրագրեր կիրականացնեն  


ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարարի տեղակալ Յարոսլավ Սելինի գլխավորած պատվիրակությունն այս օրերին գտնվում է Հայաստանում: Մշակութային ոլորտում երկու երկրների միջև համագործակցության առաջիկա ծրագրերի, հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի, Լեհաստանում հայկական համայնքի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Յարոսլավ Սելինի հետ:

 -Երեկ հանդիպել եք ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ և հետագա համագործակցության փաթեթ եք առաջարկել: Ի՞նչ է ներառված այդ փաթեթում: Հստակ մշակված ծրագրեր կա՞ն:

-Զրուցել ենք երկու երկրների ուսանողների փոխանակման ծրագրի մասին: Լեհաստանի կրթական բոլոր հաստատությունները, երաժշտական ակադեմիաները  պատրաստ են ընդունել հայ ուսանողներին: Ցանկանում ենք, որ տարբեր բնագավառների մասնագետնեը Հայաստանից գան Լեհաստան և հակառակը, վերապատրաստվեն, նոր հմտություններ ձեռք բերեն: Դա փորձի փոխանակման հիանալի հարթակ կարող է լինել:

Պարոն Ամիրյանի հետ խոսել ենք նաև Հայաստանում կինոյի մասին օրենքից, որը շուտով կգործի: Կարծում եմ, այն մեզ հնարավորություն կտա հեռանկարում հայ-լեհական  ֆիլմարտադրությամբ զբաղվել:

Հաջորդ տարի Հայաստանը նշելու է Առաջին հանրապետության ստեղծման 100-ամյակը, ինչը համընկնում է Լեհաստանում անկախության հաստատման 100-րդ տարեդարձին: Այդ առիթներով պատրաստվում ենք ցուցահանդես բացել Լեհաստանի թագավորական ամրոցում: Ցուցահանդեսի թեման կլինի Լեհաստանի հայկական համայնքի քաղաքակրթությունը:

Ասեմ, որ Վարշավայում Ֆրեդերիկ Շոպենի թանգարանի դիմաց երգող նստարաններ են տեղադրված: Արմեն Ամիրյանը հարցումներ կատարեց դրանց ստեղծման տեխնոլոգիաների վերաբերյալ, որպեսզի Կոմիտասի ծննդյան 150-ամյակին Երևանում նման նստարաններ տեղադրվեն:

-Այս տարի լրանում է Լեհաստանում հայկական համայնքի գոյության  650-ամյակը: Հայ համայնքի ներկայացուցիչները  հատկապես ո՞ր բնագավառներում են ակտիվ. տնտեսական, քաղաքական,  մշակութային…

-Նախկինում հայերն իսկապես մեծ դեր են կատարել Լեհաստանի առևտրային ոլորտում, եղել են հրաշալի առևտրականներ, լեհերի համար դռներ են բացել դեպի հեռավոր երկրներ, քանի որ ունեցել են ողջ աշխարհով սփռված հայրենակիցներ: Շատ հաճախ լեհ մագնատները`մեծահարուստները, հայերին հորդորել են տեղափոխվել իրենց քաղաքներ` նպատակ ունենալով նրանց սատարել  ու աջակցել առևտրային ոլորտը տվյալ տարածքներում զարգացնելու համար:

Լեհաստանում մեծ հուզմունքով ենք ընդունում հայկական համայնքի 650-ամյա փաստաթղթային գոյությունը: Այդ կապակցությամբ մտածում ենք ընդլայնել լեհահայերի պատմությանն անդրադարձող գրքերի հրատարակության ծավալներն:

Շուտով Հայաստանում ներկայացնելու ենք ցուցահանդես` նվիրված լեհական բանակում ծառայած հայ զինվորականներին, որոնք մեծ ներդրում են ունեցել մեր երկրի անկախացման հարցում:

-Այս տարի լրանում է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների  ստեղծման 25-ամյակը: Այդ տարիներին երկու երկրների միջև համագործակցության արդյունքում մշակութային ոլորտում նշանակալի հաջողություններ գրանցվե՞լ են:

-Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից անմիջապես հետո մենք մշակութային ոլորտում համագործակցության պայմանագիր կնքեցինք: Այդ համագործակցության գլխավոր արդյունքն այն է, որ Լեհաստանի  և Հայաստանի համալսարանները, կրթական հաստատությունները կարողանում են շահավետ հարաբերություններ պահպանել, համագործակցել միմյանց հետ: Հենց այդ հենքի վրա երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց լեհ նկարիչ Հենրիկ Չեշնիկի «Վտանգավոր խաղեր» խորագրով կտավների ցուցահանդեսը: Ապագայում նպատակ ունենք մեկշաբաթյա երաժշտական փառատոն կազմակերպել Լեհաստանում, որտեղ կներկայացվեն Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների ազգային երաժշտությունը: Հուսամ` հայկական երաժշտությունն էլ  կընդգրկվի փառատոնում:

-Հայաստանում որտե՞ղ եք հասցրել լինել: Ի՞նչն եք հավանել:

-Եղել եմ Զվարթնոցում, Էջմիածնում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Շատ եմ տպավորվել: Վաղը պետք է այցելեմ Խոր Վիրապ և Նորավանք:

-Այսօր երեկոյան ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալի Լեհաստանի ընտրանուն: Ի՞նչ ակնկալիքներ ունեք խաղից:

-Հույս ունեմ, որ լեհերը հաղթանակ կտանեն, բայց բացարձակապես չեմ տխրի, եթե հայկական կողմը հաղթի:

Հարցազրույցը` Անժելա Համբարձումյանի

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ