ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նորանշանակ համանախագահը շատ արդյունավետ է համարում Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ մեր հանդիպումը շատ արդյունավետ է եղել և մենք քննարկել ենք հակամարտության հետ կապված բազմաթիվ հարցեր: Այս մասին Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից անմիջապես հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ճանաչողական այցով Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերը:
«Տեղյակ եմ հակամարտության մասին: Այն իրոք բարդ է, որի խաղաղ կարգավորման համար, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ, մենք շարունակելու ենք պարբերաբար այցելել տարածաշրջան»,- հավաստել է Էնդրյու Շոֆերը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է նույն օրը ճանաչողական այցով Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերին: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, սահմաններում տիրող իրավիճակին, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել է Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման եւ այս ուղղությամբ հետեւողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը:
Էնդրյու Շոֆերին ընդունել է նաև Արցախի պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։ Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը անդրադարձել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությանն ու դրանից բխող զարգացումներին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում