Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Համատեղ ուժերով հայ կինոն դարձնել աշխարհի հետ հաղորդակցվելու միջոց. Հարություն Խաչատրյան

Համատեղ ուժերով հայ կինոն դարձնել աշխարհի հետ հաղորդակցվելու միջոց. 
Հարություն Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը պետք է միավորի կինոարտադրությամբ զբաղվող մարդկանց և կազմակերպություններին, որոնք համատեղ կնպաստեն հայ կինոյի զարգացմանը: Այս մասին հոկտեմբերի 4-ին ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու Հարություն Խաչատրյանը: Նա ներկայացրեց ընտրվելու դեպքում իր անելիքների ծրագիրը, որը կրում է «Վերջապես պետք է բացվի Կինոյի տան դուռը» խորագիրը;

«Կարծում եմ, որ կինեմատոգրաֆիստներին նախևառաջ իրավաբանական և մասնագիտական պաշտպանվածություն է հարկավոր, քանի որ մեր օրերում մարտահրավերները շատ են: Շատ եմ կարևորում նաև կինոյի մասին օրենքը, որը բավականին հապճեպ է մշակվել, և այս ոլորտի ներկայացուցիչների մեծ մասը դրան կողմ չէ: Ըստ իս` նման օրենք ստեղծելիս պետք է հրավիրել մշակույթի համաշխարհային փորձագետների: Կինոռեժիսորներն ու դերասանները պարզապես չեն կարող իրավաբանական տեսանկյունից համապատասխան օրենքներ մշակել, քանի որ նրանք ստեղծագործողներ են ու զգացմունքային մարդիկ»,-ասաց Խաչատրյանը:

Նա ընդգծեց, որ կինոարտադրության համար գումարներ տրվում են, սակայն հայկական կինոն առաջ չի շարժվում: Հայաստանում դեռ չկա հայկական կինոտեսակ: «Մենք ստեղծեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որի նպատակն այդ տեսակը ստեղծելն էր. առաջ քաշել հայկական կինոյի խնդիրներն ու փորձել լուծել դրանք: Մենք կարողացանք հաջողությունների հասնել. ստեղծեցինք մթնոլորտ, կարողացանք վարպետության դասեր անցկացնել, Հայաստանում լավագույն ֆիլմերը ցուցադրեցինք, բայց կինոտեսակ չստեղծվեց: Հավանաբար, չկա ճիշտ քաղաքականություն: Դա ինձ շատ է անհանգստացնում, քանի որ ես ապրում եմ կինոյով, մտածում եմ կինոյով, և իմ լեզուն կինոլեզուն է»,- ասաց Խաչատրյանը:

Նա շեշտեց, որ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունն իրեն հետաքրքրել է, քանի որ այն կարող է մեկ հարկի տակ միավորել բոլոր կինոարտադրողներին: Դա հնարավորություն կտա համատեղ ուժերով հայ կինոն դարձնել աշխարհի հետ հաղորդակցվելու միջոց:

Հարություն Խաչատրյանի խոսքով` ընտրվելու դեպքում իրենք մշակելու են հայկական կինոարտադրանքը պատշաճ կերպով համաշխարհային կինոշուկայում, կինոփառատոններում, այլ հարթակներում ներկայացնելու պարզեցված համակարգ, որից կարողանան օգտվել բոլորը:

«Առաջարկելու եմ շատ կարճ ժամանակում լուրջ փոփոխություններ կատարել միության կանոնադրությունում, որպեսզի ամիսներ հետո խորհրդարանական կառավարման անցնող Հայաստանում միության ազդեցությունը կինոարվեստում կատարվող իրադարձությունների վրա դառնա ավելի ազդեցիկ և որոշիչ: Սերտորեն աշխատելու ենք կինոբնագավառի այլ կառույցների` կինոկենտրոնի, նոր ստեղծվող ֆիլմի հանձնակատարի ինստիտուտի, Հայաստանում գործող կինոփառատոնների գրասենյակների, ՀՀ մշակույթի նախարարության հետ»,-ընդգծեց Հարությունյանը:

Նախատեսվում է նաև մասնակցություն ունենալ օրենքների և ենթաօրենսդրական ակտերի, կինոկառույցների կանոնադրությունների մշակմանը, կինոյի ֆինանսավորման մեխանիզմները հստակեցնելուն, կանոնակարգելուն:

Ստեղծվելու են կինոգործիչների` ռեժիսորների, պրոդյուսերների և այլոց միջազգային հարթակներ դուրս գալուն օգնող մշտապես գործող խումբ: Օգտագործելով միջազգային հիմնադրամների, տնօրենների, կազմակերպիչների և կինոյի ոլորտում մեծ ճանաչում ու հեղինակություն, ազդեցություն ունեցող մարդկանց հետ իր սերտ հարաբերությունները, վերջին տասը տարիների իր աշխատանքի փորձառությունը Հարություն Խաչատրյանը օգնելու է կինոյի մարդկանց՝ գտնել համաֆինանսավորումներ:

Նրա խոսքով` կինեմատոգրաֆիստների միությունը կարող է հզոր խորհրդատվական կենտրոն լինել: Բացառապես բարերարների, հիմնադրամների աջակցությամբ միջազգային բարձր չափանիշներին համապատասխան նորոգվելու է միության դահլիճը:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության համագումարը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին: Այդ օրը ընտրվելու է կինեմատոգրաֆիստների միության նոր նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]