Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Մանկական բեսթսելեր 4/20. «Ինչպես ծաղկեց գազարը», «Իմ անունն է Ստիլտոն, Ջերոնիմո Ստիլտոն» գրքերը սիրվել են փոքրիկների կողմից


ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է մեկ ամսվա ընթացքում ամենից շատ վաճառված մանկական գրքերի ցանկը:

Առաջին հորիզոնականում Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ն են: Թումանյանի  ստեղծագործությունները, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք միշտ պահանջված են բոլոր սերունդների կողմից, հաճույքով են կարդում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ը երկրորդ տեղում են: Անդերսենյան գործերը քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլ նաև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

Երրորդ տեղում «Հայ ժողովրդական հեքիաթներ»-ն են: Գրքում ներկայացված են հեքիաթներ, որոնք չափազանց հետաքրքիր են և դաստիարակչական նշանակություն ունեն:

Չորրորդ հորիզոնականում դանիացի գրող, բանաստեղծ Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ն են, որոնց զգալի մասն էկրանավորվել է: 

Վարկանիշային աղյուսակի հինգերորդ հորիզոնականում «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» գիրքն է: Այն մեծ մասսայականություն է վայելում փոքրիկների շրջանում: «Արքայադուստր Լինդան», «Կեռնեխ թագավորը» և «Ոսկեծամիկը» հեքիաթները դաստիարակչական են, անչափ հուզիչ և գեղեցիկ: Այս բոլոր հեքիաթները մեկտեղված են վերոնշյալ գրքում:

«Ագահ Մեդոկը», «Ֆինվարայի կախարդական գավաթը» և «Հավեյն ասպետի պսակադրությունը» տղաներին կսովորեցնեն լինել քաջ, բարի, մեծահոգի և հնարամիտ: Դրանք զետեղված են «Հեքիաթներ տղաների համար» գրքույկում, որը վեցերորդն է:

Յոթերորդ հորիզոնականն է զբաղեցրել Ջ.Ռոուլինգի «Հարի Փոթերը և գաղտնիքների սենյակը» ստեղծագործությունը: Ամառային արձակուրդներն ավարտվում են, և Հարի Փոթերը կրկին վերադառնում է Հոգվարթսի վհուկության և կախարդության դպրոց: Դղյակի պատերին հայտնվող սպառնալից գրությունները զգուշացնում են, որ գաղտնիքների սենյակը կրկին բացվել է:

«Իմ անունն է Ստիլտոն, Ջերոնիմո Ստիլտոն» գիրքը վերադարձել է մեր ցանկ և զբաղեցրել ութերորդ տեղը: Հեղինակը  Ջերոնիմո Ստիլտոնն է: Հեռո՜ւ, հեռո՜ւ, հեռավոր մի վայրում, շրջապատված Հարավային Առնետ օվկիանոսի խոր ջրերով, կա մի արտասովոր կղզի՝ բնակեցված  միայն կրծողներով. դա Մկների կղզին է։ Այստեղ է ապրում Ջերոնիմո Ստիլտոնն իր ընտանիքի և ընկերների հետ, որոնք հաճախ նրան ներքաշում են աներևակայելի, բայց միշտ չափազանց զվարճալի արկածների մեջ:

Իններորդ տեղում է Կատարինա Մացուրովայի «Ինչպես ծաղկեց գազարը» գիրքը:  Այն արջուկի մասին է, որն ամեն օր ջրում էր բույսը, հովանոցով պաշտպանում արևի ճառագայթներից և երբեք չէր մոռանում քնելուց առաջ բարի գիշեր մաղթել նրան: Բայց բույսը ոչ մի կերպ չէր արձագանքում: «Ախր ինչու՞ չես ծաղկում »,- տրտում մտածում էր արջուկը: Բայց արի ու տես, որ նա չէր էլ պատկերացնում, թե ի՜նչ է կատարվում հողի տակ:

Տասներորդ տեղում Ուրլիխ Հուբի «Տապանի մոտ ժամը ութին» գիրքն է: Աստված էլի դժգոհ է աշխարհից, մարդկանցից ու կենդանիներից: Աշխարհն արդեն երկրորդ անգամ ողողվելու է ջրով: Նոյի աղավնին զգուշացնում է բոլորին: Վերջապես գտնում է նաև վերջին երկուսին՝ երկու պինգվինի, և նրանց հանձնում տապանի տոմսերը: Անձրևն արդեն սկսվել է: Պետք է շտապել: Իսկ ճամպրուկները կապող պինգվիններին մի միտք է անհանգստացնում` ինչպես փրկել երրորդ պինգվինին: Երկու տոմս, երեք պինգվին. ինչպե՞ս վարվել: Հավատարիմ ընկերները որոշում են ճամպրուկում իրերի փոխարեն տեղավորել իրենց փոքրիկ ընկերոջը: 
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13) և «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ժամանակ հաշվի չեն առնվել դասագրքերը:

Տեղ
Գիրք Հրատ. Քանակ
1 Հովհաննես Թումանյան
«Հեքիաթներ»
Արևիկ 67
2 Հանս Քրիստիան Անդերսեն
«Հեքիաթներ»
Արևիկ 52
3 «Հայ  ժողովրդական հեքիաթներ» Հաշ ընդ Հաշ 35
4 Հանս Քրիստիան Անդերսեն
«Հեքիաթներ»
Հաշ ընդ Հաշ 28
5 «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» Բուկինիստ 28
6 «Հեքիաթներ տղաների համար» Բուկինիստ 27
7 Ջ. Ռոուլինգ
«Հարի Փոթերը և գաղտնիքների սենյակը»
Զանգակ 23
8 Ջերոնիմո Ստիլտոն
«Իմ անունն է Ստիլտոն, Ջերոնիմո Ստիլտոն»
Զանգակ 20
9 Կատարինա Մացուրովա
«Ինչպես ծաղկեց գազարը»
Զանգակ 10
10 Ուրլիխ Հուբ
«Տապանի մոտ ժամը ութին»
Զանգակ 10
«Մանկական բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը


Այս թեմայով

... վերջին լուր "Մանկական բեսթսելլեր" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ