Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Էլեկտրոնային աճուրդներ, պետգույքի արդյունավետ տնօրինում, մասնավորեցման ծրագիր, ներդրումներ. Արման Սահակյանի հարցազրույցը   

Էլեկտրոնային աճուրդներ, պետգույքի արդյունավետ տնօրինում, մասնավորեցման ծրագիր, ներդրումներ. Արման Սահակյանի հարցազրույցը   

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից իրականացվել են արմատական բարեփոխման աշխատանքներ, որոնց ընթացքի, ստացված հանձնարարականների կատարման, հանրության ուշադրության կենտրոնում գտնվող մասնավորեցման ծրագրի և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ:

-Պարոն Սահակյան, լրացել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության մեկ տարին. այն պետական գույքի կառավարման ոլորտին ի՞նչ փոփոխություններ է բերել, ինչքանո՞վ էր տարին արդյունավետ վարչության համար:

-Այո, հագեցած աշխատանքային տարի ենք ամփոփել, որ և արդյունավետ էր, և կարևոր՝ մի շարք բարեփոխումներ կյանքի կոչելու առումով: Վարչության  կողմից,  ի կատարումն երկրի Նախագահի, վարչապետի հանձնարարականների, իրականացվել են արմատական բարեփոխման աշխատանքներ, որոնք հրապարակային են եղել, եղել են  հանրության տեսադաշտում: Մենք  համարձակ ծրագրեր ենք  առաջ քաշել, որոնք քայլ առ քայլ  իրականացնում ենք:

-Որոնք են այդ ծրագրերը,  մի փոքր կմանրամասնե՞ք: Օրինակ, ավելի վաղ խոստացել էիք, որ պետական գույքի հաշվառման և օտարման  բնագավառում  էլեկտրոնային ծրագրեր կկիրառվեն:

-Այո, կառավարության ծրագրից ելնելով, վարչությունում համակողմանի աշխատանք է տարվում պետական գույքի հաշվառման համակարգը արդիականացնելու և օտարման բնագավառում էլեկտրոնային աճուրդներ ներդնելու  համար: Սա նաև երկրի Նախագահի հանձնարարականն է, որպեսզի  Էլեկտրոնային աճուրդների շնորհիվ վաճառքի գործընթացը դառնա առավել թափանցիկ, վերանան վարչական քաշքշուկները, և յուրաքանչյուր անձ, անգամ  արտերկրից, ցանկության դեպքում էլեկտրոնային կապի  միջոցով կարողանա մասնակցել պետական գույքի վաճառքի գործընթացին: Մենք առաջիկայում կառավարության քննարկմանն ենք ներկայացնելու առաջարկություններ՝ պետական գույքի վաճառքի առցանց հարթակ ստեղծելու և առանց նախապես հայտարարված  մեկնարկային գնի՝ աճուրդային եղանակով վաճառքի գործընթացը կանոնակարգելու վերաբերյալ: Սա նշանակում է, որ, եթե կառավարության որոշմամբ աճուրդի դրված գույքը չի վաճառվում,  մինչև  նոր որոշման  կայացումը, գույքը վաճառքի է դրվում վարչության կայքի  առցանց հարթակում: Այսինքն,  ժամանակի  կորուստ  չենք ունենում   մինչև նոր որոշման մշակումը  և նոր աճուրդի հայտարարումը: Էլեկտրոնային աճուրդներ կազմակերպելու համար մեզ այսօր միայն համակարգչային ծրագրային լուծումն է պակասում: Կարծում եմ՝ եկող տարի արդեն այդ խնդիրն էլ  կկարգավորվի:

Իսկ պետական գույքի հաշվառման համակարգը արդիականացնելու համար նախատեսվում է հաշվառման փաստաթղթային համակարգից անցում կատարել էլեկտրոնային ինտեգրացված համակարգին, որը հնարավորություն կընձեռի տարբեր պետական մարմիններին մուտք գործել  համակարգ, փոխանցել և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն: Օրինակ՝  լուսանկարներ, տեսանյութեր և այլն:

Ի դեպ, հաշվետու  ժամանակահատվածում պետական գույքի հաշվառման բազայում ընդգրկված անշարժ գույքի միավորների քանակը կազմում է 8848 միավոր: Իսկ նման թիվը,  ինքներդ պատկերացրեք, թե ինչ ծավալի աշխատանք է ենթադրում: Ներկայացրածս մեր ծրագրերի ընդամենը մի ուղղությունն է:

- Ընդհանրապես պետական անշարժ գույքն այսօր ինչքանո՞վ է արդյունավետ տնօրինվում,  օգտագործվում:

-Պետական գույքի կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու  համար անընդհատ աշխատանք է տարվում վարչությունում: Դրա շնորհիվ վերջին  տարիներին մենք մի քանի ուղղություններով զգալի ավելացրել ենք  մեր ցուցանիշները: Ինչպես գիտեք, սկսած 2011թ.-ից, պետական  գույքի՝ մինչև մեկ տարի և ավելի ժամկետով վարձակալության տրամադրման գործընթացը թափանցիկ, հրապարակային դարձնելով, լուրջ փոփոխություններով  կարողացել ենք տարեցտարի ավելի շատ մուտքեր ապահովել պետական բյուջե: Օրինակ, մեկ տարվա կտրվածքով ՊՈԱԿ-ների բյուջե փաստացի մուտքագրվել է 178 մլն 863 հազար դրամ, իսկ մինչև այդ մուտքերը տարեկան միջինում 44 մլն դրամի էին հասնում: Իսկ այս տարվա սեպտեմբերին արդեն 214 մլն 757 հազար դրամի էինք  հասցրել: Սա մի օրինակ է և ավելի մեծ արդյունքի  հասնելու  համար նոր առաջարկություններ ենք  ներկայացրել  կառավարությանը՝ վարչարարությունն  առավել  պարզեցնելու  համար.  մասնավորապես, մինչև մեկ տարի ժամկետով և դրանից ավելի ժամկետով վարձակալության համար նախատեսել ուղղակի ձև, որ նախկինում չի եղել: Սրանից կշահեն պարտաճանաչ վարձակալները, որ կկարողանան արագ երկարացնել իրենց  պայմանագրերը: Մենք  վարձակալության ժամկետն ուզում ենք  10 տարվա հասցնել այն վարձակալների համար, ովքեր ներդրումային ծրագիր կներկայացնեն: Ներկայացված նախագծերով առաջարկվում է կատարելագործել նաև վարձավճարների հաշվարկման եղանակը:

-Կառավարության նիստերում  հաճախակի հանձնարարականներ են եղել Ձեր կողմից ղեկավարվող կառույցին. ի՞նչ նոր խնդիրներ եք  կարողացել  լուծել:

-Այո, բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել կառավարությունում, ոլորտի առանցքային խնդիրները քննարկել ենք նաև երկրի Նախագահի հետ: Խոսքն առաջնահերթ չօգտագործվող պետական  գույքի հետագա արդյունավետ տնօրինման խնդիրների մասին է, որոնց լուծումն էլ տարվա մեր գերակա խնդիրն է, քանի որ չաշխատող գույքի տնտեսական շրջանառության ապահովումը էապես կաշխուժացնի տնտեսությունը, կզարգացնի պետական գույքի օգտագործման արդյունավետությունը: Այս առումով  էլ մենք առաջարկությունների փաթեթ ենք ներկայացրել կառավարություն և արդեն իսկ, ինչպես Ձեզ ներկայացրի, նոր մոտեցումներ են կիրառվում:

-Պետական գույքի օտարման ոլորտում ի՞նչ եք անում, որպեսզի ոչ այնքան գրավիչ գույքը  հետաքրքրի ներդրողներին:

-Մենք վարչարարության պարզեցման նպատակով վերանայել ենք օտարման կարգը,  ինչպես նաև աշխատանք ենք տանում պետական գույքի օտարման բնագավառում «գործարար  միավոր վաճառքի» սկզբունքը  ներդնելու համար: Սրանով ուզում ենք ոչ թե գույք վաճառել, այլ բիզնես գաղափարով ներդրումային ծրագիր: Ասենք՝  տարածք, որը կարող է լինել ուսումնական կենտրոն կամ արտադրամաս, հյուրանոց և այլն: Այս գաղափարի իրականացման համար կընդգրկենք նաև մասնագիտացված բրոքերային կազմակերպությունների:

-Մասնավորեցման ծրագիրն ինչ վիճակում է, գործընթացը սկսվե՞լ է:

- Ինչպես գիտեք, 2017-2020թթ. մասնավորեցման ծրագիրը ԱԺ-ն ընդունեց  ամիսներ առաջ: Ցանկում պետական մասնակցությամբ 47 ընկերություններ են, որոնցից 24-ը մասնավորեցման նոր առաջարկվող ընկերություններ են, 23-ը՝ նախորդ ցանկից մնացած: Նպատակը մեկն է՝  ներդրումներ ներգրավել, խթանել ընկերությունների գործունեությունը, դրանք  մասնավորեցման արդյունքում դարձնել  մրցունակ: Իմ անձնական կարծիքով՝ մասնավորն ավելի լավ է կառավարում: Ներկայում վարչությունում լայնածավալ աշխատանք է տարվում ընկերությունները մասնավորեցման նախապատրաստելու համար: Այսօր արդեն  ծրագրում ընդգրկված 19 ընկերությունների և 1 գույքի մասնավորեցման նպատակով ներկայացվել են ելակետային փաթեթներ, գնահատման աշխատանքներ են սկսվել:

-Տարվա ընթացքում կառավարությունում հաճախակի անդրադարձ է եղել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների արդյունավետությանը: Այստեղ հնարավո՞ր է ինչ-որ բան փոխել:

- Ոչ միայն հնարավոր է, այլև արդեն իսկ փոխվել է և ավելին կարվի: Այս խնդիրը ևս երկրի Նախագահի,  վարչապետի մշտական  տեսադաշտում է և այստեղ ևս հստակ հանձնարարականներ ունենք ու գործողությունների ծրագիր: Տեղեկացնեմ, որ սկսած 2011թ.-ից, պետական գույքի կառավարումն իրականացվում է եռամյա ծրագրերի միջոցով:  Արդեն  իսկ կառավարության քննարկմանն ենք ներկայացրել պետական գույքի 3-րդ՝ 2018-2020թթ. համար կազմված եռամյա ծրագիրը, որը տարբերվում է նախորդներից նրանով, որ ներառում է պետական գույքի համար նախատեսվող բոլոր գործողությունները՝ ժամկետային առաջադրանքները, ըստ տարիների սպասվելիք ֆինանսական արդյունքները,  պահանջվող ծախսերը, ակնկալվող հիմնական տնտեսական ցուցանիշները և այլն:

Այդ ծրագրով սահմանված ցուցանիշների կատարման հսկողությունը կվերապահվի վարչությանը: Ընդ որում, յուրաքանչյուր կազմակերպություն, ըստ իր եռամյա ծրագրի, պարտավոր է 2018թ.-ից սկսած, ամեն եռամսյակ վարչություն տեղեկություն ներկայացնել առաջադրանքների կատարման վերաբերյալ:

Ասեմ նաև, որ երկու եռամյա ծրագրերի գործողության ժամանակահատվածում տարեցտարի  ավելացել են պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններից՝  պետբյուջե մուտքագրվող շահաբաժինների գումարները:

Այսպես՝ 2016թ.-ին 2015թ.-ի նկատմամբ շահաբաժինների աճը կազմել է 235%՝ 640 մլն դրամից հասնելով 1մլրդ 510 մլն դրամի: 2017թ.-ի համար նույնպես աճ է կանխատեսվում:

-Իսկ  ինչ վիճակում է  հանրակացարանային տարածքների սեփականաշնորհումը: Թվում է, թե դա անվերջ գործընթաց է:

-Գործընթացն  իսկապես երկար ժամանակ է շարունակվում, սակայն անվերջ լինել  չի կարող,  մենք  հենց այն ավարտին հասցնելու ծրագիրն ենք իրականացնում: Տեղեկացնեմ, որ սոցիալական կարևորություն ունեցող այս խնդիրը մշտապես ՀՀ Նախագահի ուշադրության ներքո է և հանձնարարական ունենք երկրի Նախագահի կողմից՝ հնարավոր կարճ ժամկետում ավարտին հասցնել հանրակացարանային տարածքների նվիրատվության և սեփականաշնորհման գործընթացը: Այդ նպատակով ևս  մեկ անգամ  մեր աշխատակիցներն այցելել են հանրակացարաններ` վերջնական պատկերը պարզելու համար:

Ըստ այդմ,  ներկա պահին հանրապետությունում նվիրատվության և սեփականաշնորհման ենթակա սենյակների ընդհանուր թիվը կազմում է 903, որոնցից մի քանի հարյուրի հարցը կարող է առաջիկա  ամիսներին լուծվել, սակայն մեծ մասը տարատեսակ  խնդիրներ ունեն, որոնց կարգավորման նպատակով առաջարկություններ կներկայացնենք կառավարություն: Այս խնդրով մենք ամենօրյա աշխատանք ենք կատարում, ամեն ինչ անում, որ հատկապես մարզերի բնակիչների համար ավելորդ ծախսեր ու ժամանակի  կորուստ չլինեն, մանավանդ որ այդ տարածքներում ապրող մարդիկ սոցիալապես անապահով են: Որպեսզի, ասենք, Սյունիքի, Տավուշի մարզից մարդը չգա-հասնի Երևան իր հարցը լուծելու  համար,  մեր աշխատակիցներն իրենք  են գնում, տեղում գնահատում իրավիճակը,  խորհրդատվություն իրականացնում: Եթե այլ  գերատեսչություններից փաստաթղթեր են անհրաժեշտ, դարձյալ  իրենք են զբաղվում:

-Ասում եք, որ արդյունավետ տարի եք ունեցել, իսկ թվային փաստեր ունե՞ք, ներդրումային ծրագրերն  ի՞նչ վիճակում են:

-Մեր կողմից այս մի տարվա ընթացքում ապահովված ֆինանսական մուտքերը  հակիրճ  ներկայացնեմ,  կարծում եմ,  պատկերը բավականին  խոսուն կլինի:

 2016թ. սեպտեմբերից մինչ այս տարվա սեպտեմբեր պետական գույքի օտարումից, մասնավորեցումից, վարձակալությունից, պետական սեփականություն համարվող հողերի կադաստրային արժեքի վճարումից, կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման պայմանագրերից ստացված դրամական միջոցները կազմել են շուրջ 3 մլրդ դրամ, իսկ  տարեվերջին այս թվերն ակնհայտ  ավելի մեծ կլինեն:

Ինչ վերաբերում է ներդրումներին, կարծում եմ, այս տարին էլ կփակենք լավ արդյունքներով, քանի որ մեկնարկած ներդրումային ծրագրերը  բարեհաջող են  ընթանում, որոշները` առաջանցիկ: Ուղղակի մենք փաստացի արդյունքն ամփոփում ենք օրացուցային տարվա ավարտից հետո, հունվարից ներկայացվող հաշվետվություններն  ընդունելուց և ուսումնասիրելուց հետո : Վստահ եմ, որ լավ պատկեր կունենանք  նաև այս առումով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]