Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայտնի ղազախ դերասան Էրբոլատ Տագուզակովին հմայել է Արարատը

Հայտնի ղազախ դերասան Էրբոլատ Տագուզակովին հմայել է Արարատը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս Հայաստան էր այցելել սիրված ղազախ դերասան Էրբոլատ Տագուզակովը: Նա իր ողջ կյանքում կինոյի բնագավառում է աշխատել, սակայն իր առաջին գլխավոր դերը ստացել է բավականին հասուն տարիքում` նկարահանվելով «Օսկար»-ի ներկայացված ղազախական «Շալ» կինոնկարում: «Արմենպրես»-ի թղթակիցը դերասանի հետ զրուցել է նրա կյանքի և գործունեության մասին:

-Պարոն Տագուզակով, Դուք երկար տարիներ ադմինիստրատոր եք եղել «Ղազախֆիլմ»-ում: Այդ գործը Ձեզ տվե՞լ է հմտություններ, որոնք հետագայում օգնել են որպես դերասան կայանալուն:

-Այդ աշխատանքն իմ կյանքի կարևոր մասն է կազմել. նաև  ֆիլմերի տնօրեն եմ եղել, ռեժիսորի օգնական և գրեթե լիարժեք ուսումնասիրել եմ կինոարտադրությունը: Առնչվել եմ տաղանդավոր, հետաքրքիր ու վառ երևակայության տեր ստեղծագործողների հետ: Տարբեր երկրներից նկարահանող խմբեր էին գալիս «Ղազախֆիլմ», և միշտ նորը տեսնելու, նորին ծանոթանալու հնարավորություն կար: Լավ ժամանակներ էին. եթե դու ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ էիր, ապա նշանակում է, որ Հայաստանի, Լատվիայի, մյուս խորհրդային հանրապետությունների կինոկյանքի մի մասն էիր: Այդ տարիներին իմ մասնակցությամբ նկարահանված ժապավենները («Քոչվորը», «Ուրալսկը կրակի մեջ» և այլն) անմոռանալի հետք են թողել իմ կյանքում: Կարծում եմ` այդ ամենն իր ազդեցությունն ունեցել է իմ հետագա գործունեության վրա:   

-Հայ կինոյի ներկայացուցիչներից որևէ մեկին ճանաչու՞մ եք:

-Շատ եմ սիրում Ֆրունզիկ Մկրտչյանին, ում հիանալի դերասան եմ համարում: Կարծում եմ, որ դերասաններն առանձին ազգություն են:

Շեշտեմ, որ առաջին անգամ եմ Հայաստանում: Սիրեցի Արարատը. այն ինձ հմայել է, ասես նկարած լինի: Ղազախստանում այդ լեռն ասոցացվում է «Արարատ» բարձրորակ  խմիչքի, ինչպես նաև «Արարատ-73» ֆուտբոլային թիմի հետ: Հիշում եմ, թե ինչ լավ էին խաղում արարատցիները. մարզադաշտերը լեփ-լեցուն էին:

Պտտվել եմ Երևանի կենտրոնում, եղել Կասկադում ու այցելել մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի թանգարան: Անգամ հուզվեցի. իսկապես հաճելի է, որ նման մարդն ըստ արժանվույն է գնահատվում իր ժողովրդի կողմից:

 -Կա՞ն դերասաններ կամ կինոյի ոլորտի այլ ներկայացուցիչներ, ովքեր մեծ ազդեցություն են ունեցել ձեզ վրա:

-Գուցե շատերը զարմանան, բայց իմ ուսուցիչը Չարլի Չապլինին եմ համարում: Նրա ֆիլմերը հարյուրավոր անգամ եմ դիտել ու չեմ դադարում  ծիծաղել, արտասվել կամ հրճվել դրանք վերանայելիս: Ժամանակին անգամ փորձում էի կրկնօրինակել նրա շարժումները: Չապլինն անկրկնելի է, յուրահատուկ դերասան, ռեժիսոր: Ընդգծեմ, որ իմ ամենասիրած ֆիլմը Չապլինի «Փոքրիկն» է:

-Հասուն տարիքում ձեզ հնարավորություն տրվեց Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» գրքի հիման վրա նկարահանվող «Շալ» ժապավենում  մարմնավորել գլխավոր հերոսին: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ հենց  ձեզ առաջարկեցին այդ դերը:

-Հավանաբար, իմ արտաքինն էր պատճառը (ժպտում է): Հրավիրեցին մասնակցել ֆիլմի քասթինգին: Ասեմ, որ ինձ պրոֆեսիոնալ դերասան չեմ համարում, ուստի չէի կարող անգամ ակնկալել, որ կարժանանամ նման ուշադրության, և ինձ կցանկանան տեսնել ֆիլմի գլխավոր դերում: Երկրի վաստակավոր դերասաններ էին մասնակցում ընտրություններին, տասներկու վարպետ: Իսկապես ապշել էի, որ ես ընտրվեցի: Ռեժիսորին ասացի, որ, հավանաբար, սխալվում է, բայց հաստատակամ էր և խոստացավ նկարահանումների ժամանակ ամեն կերպ աջակցել:

Շատ եմ սիրում այդ դերը և երբ տարբեր երկրներում եմ լինում, ֆիլմը դիտած մարդիկ մոտենում են ու ասում, որ ես նրանց պապին եմ հիշեցնում: Իմ երկրում ևս սիրել են այդ կերպարը և ինձ դիմում են «աթա»-ով, ինչը նշանակում է պապ:

-Ձեր հարցազրույցներից մեկում ընդգծում եք, որ «Շալ»-ը ձեզ համար իսկական հաջողություն էր, ճակատագրի երջանիկ շրջադարձ: Ինչո՞ւ:

-Այդ ժապավենից հետո իմ նկատմամբ վերաբերմունքն էականորեն փոխվեց, ավելի բարեհամբույր դարձավ: Ինձ ամենուր ճանաչում են, փաթաթվում ու նկարվում հետս. սկզբում անսովոր էր, իսկ հիմա հարմարվել եմ: «Շալ»-ից հետո այլ ժապավեններում նկարահանվելու բազմաթիվ առաջարկներ ստացա: «Ճանապարհ դեպի տուն»-ը դրանցից մեկն է:

-Վերը նշված  հոլիվուդյան ֆիլմում նկարահանվելով՝ հնարավորություն ունեցե՞լ եք ծանոթանալու ամերիկյան կինոինդուստրիային: Եթե այո, ապա, ըստ Ձեզ, ինչո՞վ է տարբերվում հոլիվուդյան կինոն ղազախականից:

-Այո, ինձ տրվել է հանրահայտ դերասաններ Քոլին Ֆարելի և Էդ Հարիսի հետ նույն ժապավենում նկարահանվելու հնարավորություն: Դա իսկապես զարմանալի էր ու հետաքրքիր, սակայն ես էպիզոդիկ դեր եմ խաղացել և ընդամենը մեկ օր եմ մասնակցել ֆիլմի նկարահանումներին: Պետք է փաստեմ, որ ամեն ինչ բարձր մակարդակով էր կազմակերպված ու մեծ պատասխանատվությամբ:

-Ո՞րն եք  համարում ձեր կյանքի մեծագույն ձեռքբերումը:

-Հաջորդ տարի կնշեմ 70-ամյակս և, կարծում եմ, անկախ որոշ դժվարություններից, կյանքս, ընդհանուր առմամբ, հաջողվել է: Կյանքը հիասքանչ է, և ես ցանկանում եմ, որ մարդիկ չհուսահատվեն անգամ ամենաբարդ ու ծանր իրավիճակներում հայտնվելիս: Կյանքը ցույց է տալիս, որ աշխատելու, ձգտելու և մեծ ցանկության դեպքում կարելի է երջանիկ լինել անկախ տարիքից:

-Ինչի՞ մասին եք երազում այսօր:

-Երբ դիտեցի «Դերսու Ուզալա» կինոնկարը, ինձ անչափ զարմացրեց ու անգամ ցնցեց այդ ժապավենը: Դերասաններն անզուգական էին, հիանալի: Եվ պետք է խոստովանեմ, որ շատ կցանկանայի մարմնավորել Դերսու Ուզալային` չնայած կրկնությունների կողմնակից չեմ: Իմ ընկալմամբ` նա միամիտ, հասարակ, բարի մարդ է, ով բնության հետ է ապրում: Ֆիլմում հիանալի են ներկայացված բնություն-մարդ հարաբերությունները:

 Հարցազրույցը` Անժելա Համբարձումյանի

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]