1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռաֆայել Մեգալի հովազներ պատկերող 12 կտավները ցուցադրվեցին Երևանում

Ռաֆայել Մեգալի հովազներ պատկերող 12 կտավները ցուցադրվեցին Երևանում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Երիտասարդ նկարիչ Ռաֆայել Մեգալի ստեղծագործություններում բազմերանգ ու փարթամ բնության մեջ ընկղմված նրբագեղ և ագրեսիվ հովազներ են պատկերված: «Հովազներն իմ ծաղկած այգում» խորագիրը կրող ցուցահանդեսը բացվեց սեպտեմբերի 29-ին Հայաստանի ազգային պատկերասրահում: 

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

«Հովազներ կարելի է տեսնել մատենադարանում պահվող ձեռագրերում,  հայկական մանրանկարչության մեջ, եկեղեցիների վրա, անգամ Հայաստանի պատմության թանգարանում գավաթ կա, որի վրա հովազներ են պատկերված: Փորձել եմ նրանց նորովի լուծումներով որպես  հայկական խորհրդանիշ ներկայացնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Ռաֆայել Մեգալը:

Անդրադառնալով գործերից մեկին՝ նկարիչն ընդգծեց, որ Արշիլ Գորկու պատառոտված կտավով ցանկացել է մի ազգի կոտորած ցույց տալ. «Կտավում պատկերված են երկգլխանի հովազներ. գլուխներից մեկը օսմանյան կայսրությունն է խորհրդանշում, մյուսը՝ երիտթուրքերին, նրանք նստած  են հայկական գորգի վրա»:

Նկարիչն ասաց, որ ներկայացված հավաքածուն դրական արձագանքների է արժանացել նաև Վենետիկում ու գրավել  արվեստասերների ուշադրությունը:

«Կարծում եմ՝ Ռաֆայելին Աստված իսկապես օրհնել է, և հենց նրա կամոք է, որ մենք նման տաղանդավոր ու հեռանկարային երիտասարդ նկարիչ ունենք: Մեգալը պրպտող անձնավորություն է ու միշտ ձգտում  է ավելին անել, կատարելագործվել, իսկ դա նրա մեծագույն առավելությունն է: Ռաֆայելը  խենթանում է նկարչության համար և նրա առաջնային նպատակը իր ստեղծած կտավները վաճառելը չէ: Նկարչությունը նրա համար պոռթկում է»,-շեշտեց գեղանկարիչ Հրայր Գրիգորյանը:

Ռաֆայել Մեգալի կտավների համադրող իտալացի մասնագետ Դեմետրիո Պապպարոնիի խոսքով՝ երբ առաջին անգամ տեսել է Մեգալի գործերը, անակնկալի է եղել: «Շատ հավանեցի դրանք, բայց որոշեցի բարդացնել նրա գործն  ու ասացի, որ ամեն բան չէ, որ ինձ դուր է գալիս: Ռաֆայելը բնավ չվիրավորվեց ու ասաց, որ մեկ ամսից կհանդիպենք: Այնուհետև ուղարկեց իր նոր աշխատանքների լուսանկարները, և ես  հասկացա, որ իմ առաջ իսկապես մեծ տաղանդ է, որը դեռ կարող է զարգանալ ու բարձունքներ նվաճել: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ նրան»,-եզրափակեց համադրողը:

Վենետիկի բիենալեի հայկական տաղավարում Մեգալը ներկայացրել է 12 կտավ և 3 իկոնա: Այս կտավներում բնական տարրերը վերափոխվում են զարդանախշերի, որոնք ոճի, կրկնողության, կապվածության և միաձուլման միջոցով գործածվում են նաև հին հայկական մանրանկարչության մեջ և հարթաքանդակների վրա:

Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 25-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]