Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում ֆրանսիական համալսարանը միավորում է նախկին ու ներկայիս ուսանողներին մեկ ցանցում. ստեղծվել է շրջանավարտների ասոցիացիա

Հայաստանում ֆրանսիական համալսարանը միավորում է նախկին ու ներկայիս 
ուսանողներին մեկ ցանցում. ստեղծվել է շրջանավարտների ասոցիացիա

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ֆրանսիական համալսարանը ստեղծել է շրջանավարտների ասոցիացիա, որին միանալու կոչ է անում համալսարանի, ինչպես նաեւ Ֆրանսիայի բուհերի ուսանողներին եւ շրջանավարտներին: Այս կապակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը կազմակերպել էր ընդունելություն, որին հրավիրված էր բուհի ուսանողական, դասախոսական կազմը:

Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նշեց, որ սա Հայաստանում նրա վերջին ընդունելությունն է, քանի որ դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը: Նա ընդգծեց, որ ուրախ է  վերջին ընդունելության շրջանակում հենց  Ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ հանդիպելու կապակցությամբ:

«Այս երկրում ապրել եմ երեք տարի, տարբեր մարդկանց եմ հանդիպել, բայց  մի բան հստակ գիտեմ. Հայաստանի հարստությունը երիտասարդներն են: Ես տեսնում եմ երիտասարդների նպատակասլացությունը եւ համոզված եմ, որ  նրանք են կառուցելու երկրի ապագան: Ուրախ եմ նաեւ՝ տեսնելով,  որ այստեղ ոչ միայն ներկայիս ուսանողներն են, այլեւ երիտասարդ մասնագետները, ովքեր արդեն աշխատում են եւ կառուցում այս երկիրը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց դեսպանը:

Համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը ասաց, որ համալսարանը Հայաստանում գործելուց ի վեր ունեցել է 1700 շրջանավարտ:

«Մեր շրջանավարտների մեծամասնությունն արդեն իսկ պատասխանատու պաշտոններ է զբաղեցնում հանրային  եւ մասնավոր ոլորտներում: Երբ ղեկավարում են համալսարանը, պետք  է ճիշտ ռազմավարություն  մշակել: Ցանկացած համալսարանի հիմնական խաղաքարտը շրջանավարտներն են,  նրանց վրա է հիմնվում ողջ համալսարանը: Այդ պատճառով ցանկանում էինք նրանց միավորել  մեր ասոցիացիայում: Այն մի քանի շաբաթ է, ինչ ձեւավորվել է:  Կարծում եմ՝ այն կլինի ինֆորմացիայի փոխանակման աղբյուր, աջակցության ցանց ուսանողների համար, ովքեր սովորում են համալսարանում: Այն կօգնի նաեւ նորավարտներին աշխատանք գտնելու հարցում»,-ասաց համալսարանի ռեկտորը:

Բուհի շրջանավարտներից Վիկտորյա Մուրադյանը, ով այժմ գործունեություն է ծավալում մարքեթինգի եւ գովազդի ոլորտում, կարծում է, որ ասոցիացիա հիմնելու որոշումը ճիշտ է եւ շահավետ բոլորի համար, քանի որ այն, նախևառաջ, համագործակցության յուրօրինակ հարթակ է:

«Օրինակ՝ Ամերիկյան համալսարանի ուսանողները միմյանց ճանաչում են, գիտեն՝ ով որտեղ է աշխատում, ինչով է զբաղվում, այսինքն՝ համագործակցություն կա, իսկ ֆրանսիական համալսարանի շրջանավարտները միմյանց չեն ճանաչում, չնայած նրան, որ այդքան մեծ ցանց ունի, իսկ շրջանավարտներն էլ աշխատում են կարեւոր տեղերում: Իմ կարծիքով՝  օգտակար է նման ցանցի ստեղծումը, քանի որ, վերջապես, կարող ենք միմյանց հետ կապի մեջ լինել,  համագործակցել»,-ասաց նա:

Մեկ այլ շրջանավարտ Անի Սահակյանն էլ աշխատում է Շիրակի պետական համալսարանում: Նա տնտեսագիտության մասնագետ է եւ փաստում է, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանը եզակի բուհերից է, որը տարիներ շարունակ կապ է պահպանում շրջանավարտների հետ, մտածում է նրանց հետագա գործունեության մասին:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]