Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը լույս է տեսել անգլերեն

Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը լույս է տեսել անգլերեն

ԲՈՒԽԱՐԵՍՏ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հեղինակավոր Յեյլ Յունիվերսիթի պրես/Yale University Press, հրատարակչությունը լույս է ընծայել  Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը անգլերեն թարգմանությամբ, որի պաշտոնական թողարկումը հայտարարված է առաջիկա հոկտեմբերի 24-ին (Varujan Vosganian.The Book of Whispers, Yale University Press, 2017, 360էջ):

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վեպը ռումիներենից թարգմանել է Ալիսթար Յան Բլիսը/Alistair Ian Blyth: «Շշուկների մատյանը» լույս է տեսել Yale University Press հրատարակչության Margellos Republic of Letters սերիայով, որով հրատարակվում են արդի կարեւոր գրողների գործեր, որոնք դեռեւս թարգմանված չեն անգլերեն լեզվով:

«Շշուկների մատյան» վեպը դարձել է միջազգային երեւույթ», - ասվում է հրատարակչի կողմից վեպի անգլերեն տարբերակի ծանուցման տեքստում, որից ստորեւ մի հատված:

«Դա Հայոց Ցեղասպանության սահմռկեցուցիչ պատումն է այն վերապրողների ու նրանց ժառանգների կողմից, ովքեր հրաժարվում են մոռանալ:
Մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում սանձազերծված զանգվածային կոտորածների վերապրածների թոռ Վարուժան Ոսկանյանը մեծացել է Ռումինիայում` միշտ հիշելով ականատես վկաների ահասարսուռ պատմությունները անգութ կոտորածների, հրո ճարակ դարձած գյուղերի ու զանգվածային տեղահանումների մասին: Հայ ժողովրդի անպատկերացնելի ողբերգության այս հուզիչ ժամանակագրության ելեւջումներում հեղինակը իրական դեպքերը կերպափոխում է գեղարվեստի լեզվի` իր պատումը խարսխելով ականատեսների վկայությունների եւ  պատմական վավերաթղթերի ատաղձին:
 
Սիրիական անապատներում ծվարած փախստականների ճամբարներից մինչեւ ռուսական տունդրա ու ռումինական գյուղեր, գիրքը վավերագրում է անհատների ճակատագրերը` խեղված գաղափարական ու ավտորիտար բռնաճնշումների աքցաններում: Եվ այդուհանդերձ, այս վեպը պատմում է մարդկային առավել լայն չափումների մասին: Վերհանելով 20-րդ դարը ցնցած մեծագույն տառապանքների խճանկարը` համաշխարհային պատերազմներ, համակենտրոնացման ճամբարներ, եղբայրական գերեզմաններ, պետականազրկություն եւ այլն, այս գիրքը պատկանում է բոլոր այն ժողովուրդներին, ում ձայնը կորսվել է: Բովանդակելով վավերական կշռույթ եւ հուզաթաթավ հավաստարժանություն, Ոսկանյանի ստեղծագործությունը դարձել է միջազգային երեւույթ»: 

Ի դեպ, մի քանի օր առաջ, սեպտեմբերի 23-24-ին, Վարուժան Ոսկանյանը, որպես հատուկ հրավիրյալ, իր նշանավոր վեպը ներկայացրեց Լեհաստանի «Զիգմունտ Հաուպտ»/Zygmunt Haupt գրական փառատոնում: Դրանից առաջ, սեպտեմբերի 16-ին, հեղինակի մասնակցությամբ վեպի շուրջ քննարկում էր ծավալվել Բեռլին/Պոտսդամում կազմակերպված «Անցյալ եւ Ներկա. Եվրոպական մոտեցումը Հայոց ցեղասպանությանը» միջազգային կոնֆերանսի շրջանակներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]