Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

Կադրի Գյուրսելի դատավարությունը ցույց տվեց Թուրքիայում լրագրողների դեմ մեղադրանքների անհիմն լինելը. Հարլեմ Դեզիր


ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը ողջունել է թուրքական Cumhuriyet պարբերականի գլխավոր խմբագիր և խորհրդական, հայտնի լրագրող Կադրի Գյուրսելի ազատ արձակումը, որն արդեն մեկ տարի է ինչ գտնվում էր ազատազրկման մեջ, և նշել, որ նրա նկատմամբ մեղադրանքները պետք է հանվեն հրատապ կերպով:

«Դատավարությունը ցույց տվեց, որ նրա և Cumhuriyet-ից նրա գործընկերների դեմ մեղադրանքները անհիմն են: Դրա համար էլ ես հաստատակամորեն կոչ եմ անում թուրքական իշխանություններին ազատ արձակել ազատազրկման վայրում գտնվող  Cumhuriyet-ի բոլոր լրագրողներին և անհապաղ դադարեցնել նրանց նկատմամբ մեղադրանքները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Դեզիրը:

Նրա խոսքով, այս գործընթացը, հատկապես նախնական կալանքը և ապացույցների շարունակական բացակայությունը, ցույց են տալիս Թուրքիայում լրագրողների առջև ծառացած խնդիրները: «Բոլոր լրագրողները, ովքեր ազատազրկվել են իրենց աշխատանքի պատճառով, պետք է ազատ արձակվեն»,- ասել է Դեզիրը:

ԵԱՀԿ ներկայացուցիչը հորդորել է Թուրքիայի իշխանություններին զբաղվել իրավական և քաղաքական բարեփոխումներով, որոնք ԶԼՄ-ների համար խոսքի ազատության ճանապարհ կբացեն:    

Սեպտեմբերի 25-ին Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել Cumhuriyet-ի գլխավոր խմբագիր Կադրի Գյուրսելին ազատ արձակել մինչ դատական գործընթացի ավարտը, բայց որոշել է շարունակել ազատազրկման վայրում պահել նրա չորս գործընկերներին՝ Ակին Աթալային, Էմրե Իպերին, Մուրատ Սաբունկույին և Ահմեդ Շիկին: Դատական գործընթացը հետաձգվել է մինչ հոկտեմբերի 31-ը: Cumhuriyet-ի մյուս 12 աշխատակիցներին սպառնում է 43 տարվա ազատազրկում՝ ահաբեկչությանն աջակցելու տարբեր մեղադրանքներով:

Ոստիկանները գյուլենականների հետապնդման ակցիայի շրջանակում ձերբակալել են Cumhuriyet-ի 13 աշխատակցի, այդ թվում՝ գլխավոր խմբագիր և խորհրդական Կադրի Գյուրսելին: Գյուրսելը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին բազմաթիվ հոդվածների հեղինակ է: Իր հոդվածներից մեկում նա կոչ է արել ադրբեջանցիներին մոռանալ Լեռնային Ղարաբաղի մասին: Երևան կատարած այցի ժամանակ նա ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ