Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կարեն Կարապետյանն ընդունել է Իրաքի գյուղատնտեսության նախարարին

Կարեն Կարապետյանն ընդունել է Իրաքի գյուղատնտեսության նախարարին

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Իրաքի գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը կարևորել է Իրաքի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը և վստահություն հայտնել, որ Երևանում տեղի ունեցած հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստը կնպաստի երկկողմ կապերի սերտացմանն ու ամրապնդմանը: Կարեն Կարապետյանը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության, կրթության ոլորտներում համագործակցությունը: «Մենք պետք է մաքսիմալ քայլեր ձեռնարկենք՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճ ապահովելու համար,  քանի որ  դրա համար մեծ ներուժ ունենք»,- նշել է կառավարության ղեկավարը՝ կարևորելով միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքն ու առևտրային պալատների միջև փոխգործակցության սերտացումը:

Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին Կարեն Կարապետյանին է փոխանցել Իրաքի վարչապետի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները՝ համոզմունք հայտնելով, որ Երևանում կայացած միջկառավարական հանձնաժողովի նիստը կնպաստի Հայաստանի ու Իրաքի միջև ավելի ամուր և խորը հարաբերությունների ձևավորմանը: Նա ընդգծել է, որ պատրաստ են ամեն ինչ անել՝ նիստի ընթացքում ձեռք բերված  պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար, ինչը, նրա խոսքով, թույլ կտա կտրուկ ավելացնել երկկողմ առևտրաշրջանառության ծավալները: «Մենք շահագրգռված ենք ներմուծել հայկական մրցունակ և որակյալ գյուղատնտեսական և այլ ապրանքներ: Իրաքն ունի էելկտրաէներգիայի պակաս, և մենք կարող ենք քննարկել նաև Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի արտահանման հարցը»,- ասել է միջկառավարական հանձնաժողովի իրաքյան կողմի համանախագահը: Նա կարևորել է նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցությունն ու իրաքցի ուսանողների՝ հայաստանյան բուհերում ուսում ստանալու համար բարենպաստ պայմանների ստեղծման հարցը: Այդ առումով Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին անհրաժեշտ է համարել դիտարկել վիզային ռեժիմի դյուրացման հնարավորությունները:  

Վարչապետ Կարապետյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները հնարավորինս արագ կյանքի կկոչվեն՝ ի շահ երկու ժողովուրդների:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am