Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հիշողության կերպարանքները…» սեմինարի շնորհիվ թանգարանների աշխատակիցները կծանոթանան ձեռագրերի պահպանման և վերականգնման առաջավոր փորձին

«Հիշողության կերպարանքները…» սեմինարի շնորհիվ թանգարանների 
աշխատակիցները կծանոթանան ձեռագրերի պահպանման և վերականգնման առաջավոր 
փորձին

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով 7-րդ միջազգային սեմինարի շնորհիվ մասնագետները ձեռք կբերեն ձեռագրերի պահպանման, վերականգնման հմտություններ: Սեմինարի մասնակիցները կծանոթանան բարձր տեխնոլոգիաների կիրառման համաշխարհային փորձի նորարարություններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 26-ին սեմինարին նվիրված ասուլիսում այս մասին ասացին կազմակերպիչները:

«Արդեն 7-րդ անգամ է կազմակերպվում գիտագործնական այս սեմինարը: Այս անգամ մասնակցում են աննախադեպ թվով մասնագետներ: Աշխարհագրությունը մեծ ընդգրկում ունի՝ ԱՊՀ բոլոր երկրներ, Վրաստան, Գերմանիա, Բալթյան երկրներ: Մասնակիցների շարքում են բնագավառում շատ հայտնի անուններ, տասից ավելի թանգարանների տնօրեններ և թանգարանային գործի խոշոր մասնագետներ»,-ասաց Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը:

Նրա կարծիքով՝ գրավոր փաստաթղթերի, լուսանկարների պահպանումն ունի բացառիկ նշանակություն: Հենց այդ պատճառով էլ սեմինարը կոչվում է գիտագործնական: Մասնակիցները, բացի զեկուցումները ներկայացնելուց, անցկացնելու են վարպետության գործնական դասեր:

«Մեր գլխավոր խնդիրներից է գրավոր փաստաթղթերի պահպանումը: Սեմինարի մասնակիցները կխոսեն գործնական բոլոր ծրագրերից: Մենք հուսով ենք նաև, որ սեմինարի արդյունքում շատ միջազգային գիտական հետազոտություններ կանցկացվեն: Սեմինարը փորձի փոխանակման, նոր գիտելիքների ձեռքբերման, մասնագիտական կապերի հաստատման հնարավորություն է»,-ասաց Եվրասիայի գրադարանային համաժողովի գործադիր տնօրեն Մարիա Ներյուևան:

Ռուսաստանի պետական թանգարանի տնօրեն Վլադիմիր Գուսևի կարծիքով՝ Հայաստանի ներդրումը համաշխարհային մշակութային ժառանգությունում ահռելի է: «Սանահինը, Հաղպատը, Գեղարդը, Հաղարծինը, Գոշավանքը… Անվերջ կարելի է թվել: Հայաստանը պահպանում է իր ժառանգությունը՝ քարերը, փաստաթղթերը: Այսօր Մատենադարանը պահպանում է նաև իր ստեղծողների հիշողությունները: Մատենդարանը ձեռագրերի հետ աշխատելու մեծ փորձ ունի: Մեր մեծ հավաքի մեծ նպատակը ձեռագրերի, մագաղաթների պահպանումն է»,-ասաց նա:

Սեմինարը համակարգող Արա Խզմալյանի խոսքով՝ իրենք ամեն տարի համոզվում են, որ սեմինարն իսկապես արդարացված է: «Մեր վերականգնողական բաժինը ձեռագրերի վերականգնման արդեն շուրջ 60 տարվա մասնագիտական փորձ ունի: Եվ այն կարող է փոխանցել ուրիշներին: Սեմինարն իր մասնագիտական թեմաների ընդգրկվածությամբ բացառիկ է»,-ասաց նա:

Սեմինարը ՀՀ մշակույթի նախարարության, Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի աջակցությամբ տեղի կունենա սեպտեմբերի 26-29-ը Մ. Մաշտոցի անվան մատենադարանում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]