Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայ-ռուսական առողջապահական համաժողովի օրակարգում ԵԱՏՄ-ում միասնական դեղային քաղաքականության հարցն է

Հայ-ռուսական առողջապահական համաժողովի օրակարգում ԵԱՏՄ-ում միասնական դեղային քաղաքականության հարցն է

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկել է հայ-ռուսական առողջապահական համաժողովը, որի օրակարգում ներառված են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հրատապ հարցեր: Համաժողովին մասնակցում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը և Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:

Համաժողովի մեկնարկին  բացման խոսքով հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Կարևորելով նման համաժողովի կազմակերպումը` նախարարն ընդգծեց, որ առողջապահությունը հանդիսանում է ողջ հասարակության ազգային անվտանգության, սոցիալ-տնտեսական զարգացման հիմքը: «Ժամանակակից հասարակության կյանքը վերջին 15-20 տարիներին էականորեն փոխվել է: Ցավոք, զարգացումները չեն հանգեցնում հիվանդությունների նահանջին և առաջ են բերում նոր բուժսանիտարական խնդիրներ` սրելով հները: «Նման խնդիրների թվում կցանկանայի նշել ոչ ինֆեկցիոն հիվանդությունները, տեխնածին աղետների հետևանքով առաջացող արտակարգ իրավիճակները, նոր ինֆեկցիոն հիվանդությունները, միգրանտների առողջական խնդիրները, ճանապարհատրանսպորտային պատահարները և այլն»,- ընդգծեց Լևոն Ալթունյանը:

Նա հավելեց, որ ֆորումի ընթացքում քննարկվելու է հարցերի լայն շրջանակ, որոնք երկար տարիներ օրակարգում են: Նա նշեց, որ քննարկվելու են միգրանտների առողջության և ծխելու դեմ պայքարի հարցերը, որտեղ Հայաստանի համար շատ հետաքրքիր է ՌԴ փորձը և արձանագրած հաջողությունները: «Քննարկելու ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղերի միասնական քաղաքականության հարցը, որը  ևս մեզ համար շատ կարևոր է: Այսօր այս համաժողովի ընթացքում երկու երկրների մասնագետներն աշխատելու են 6 տարբեր նիստերում: Դիմելով նրանց` ես կոչ եմ անում միշտ հիշել մարդկանց մասին, քանի որ մեր քննարկումները և դեբատները իմաստ ունեն միայն այն ժամանակ, երբ դրանք նպաստում են մարդկանց  առողջության և կյանքի որակի բարելավմանը»,-  ընդգծեց Լևոն Ալթունյանը:

ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան նշեց, որ հայ-ռուսական առողջապահական համաժողովն ավանդական հարթակ է դարձել, որը նպաստում է երկու երկրների առողջապահական համակարգերի միասնական սկզբունքների ձևավորմանը և թույլ է տալիս աշխատել միասնական Եվրասիական քաղաքականության շրջանակներում և այլ միջազգային  կազմակերպություններում: «Ինչպես նշեց իմ հայ գործընկերը, մենք քննարկում ենք շատ արդիական և առաջնահերթ հարցեր ոչ միայն այսպիսի համաժողովների ընթացքում, այլ նաև տարբեր այլ հարթակներում, ինչպես նաև մեր ամենօրյա աշխատանքում: Այդպիսի խնդիրներից են ոչ ինֆեկցիոն հիվանդությունները, իսկ մեզ համար առաջնահերթություն է առողջ կյանքի համար պայմանների ձևավորումը»,- ասաց Սկվորցովան:

Նա հավելեց, որ մեկ ամսից Ուրուգվայում կանցկացվի առողջապահական գլոբալ կոնգրես, որի քննարկման առանցքում լինելու է ծխելու դեմ պայքարը: «Սա ոչ ինֆեկցիոն հիվանդություն է, և շատ կարևոր խնդիր մեզ համար, որին մենք անդրադառնալու ենք նաև այս համաժողովի ընթացքում»,- ընդգծեց ՌԴ առողջապահության նախարարը:

Վերոնիկա Սկվորցովան Լևոն Ալթունյանին հրավիրեց մասնակցել նոյեմբերին Մոսկվայում կայանալիք «Տուբերկուլյոզի դեմ պայքարի» թեմայով առաջին գլոբալ նախարարական կոնֆերանսին:

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինն էլ նշեց, որ համաժողովը լավ հնարավորություն է երկու երկրների բժիշկների համար փոխանակելու իրենց փորձը, ցույց տալու այն ուղղությունները, որտեղ Հայաստանը և Ռուսաստանը հաջողությունների են հասել, իսկ փորձի փոխանակումն, անկասկած, կհանգեցնի ընդհանուր զարգացման: Դեսպանը հույս հայտնեց, որ համաժողովը կլինի օգտակար և արդյունավետ: Նա համաժողովի մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]