Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մայրաքաղաքի պոլիկլինիկաներից երեքը մինչև տարեվերջ կմատուցեն պալիատիվ ծառայություններ

Մայրաքաղաքի պոլիկլինիկաներից երեքը մինչև տարեվերջ կմատուցեն պալիատիվ 
ծառայություններ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունն աշխատում է պալիատիվ բժշկության ներդրման ուղղությամբ: Նախատեսվում է պալիատիվ բժշկության բաժանմունքներ ստեղծել մարզային և  մայրաքաղաքային պոլիկլինիկաներում, հիվանդանոցներում: Մինչ տարեվերջ արդեն մայրաքաղաքի երեք պոլիկլինիկա կմատուցեն նման ծառայություններ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

«Կառավարությունն ընդունել է պալիատիվ բժշկության ռազմավարական ծրագիր: Ներկայում աշխատում ենք աշխատանքային խմբով, որի ղեկավարը ես եմ: Աշխատում ենք մի շարք խնդիրների ուղղությամբ, որոնց լուծումը կնպաստի պալիատիվ բժշկության ներդրմանը»,-ասաց փոխնախարարն ու հավելեց, որ իրենք ինտենսիվ աշխատում են այդ ուղղությամբ, և 2018 թվականից կոնկրետ հիվանդանոցներում պալիատիվ ծառայություններ կմատուցվեն:

Խաչատրյանի խոսքով՝ համապատասխան բաժանմունքները, ծառայությունները պետք է մատուցվեն մարզերի 10 պոլիկլինիկաներում, մայրաքաղաքի 12 պոլիկլինիկաներում և այն հիվանդանոցներում, որոնք ներառված են կառավարության որոշման մեջ: Կարևոր բաղադրիչ է նաև համապատասխան կրթություն ունեցող բժիշկների առկայությունը: «Պոլիկլինիկաներից և հիվանդանոցներից հավաքագրելու ենք բժիշկների և բուժքույրերի և մինչ հոկտեմբերի վերջ իրականացնելու ենք երկշաբաթյա կուրսեր: Մինչև տարեվերջ մոտ 50 բժշկի և 100 բուժքրոջ ուսուցում ենք ապահովելու: ԵՊԲՀ-ում ստեղծվել է պալիատիվ բժշկության ամբիոն, մեկ այլ տեղ ամբիոն ստեղծելու ուղղությամբ ևս աշխատում ենք»,-ասաց նա:

Պալիատիվ օգնությունը ներառում է նաև հոգեբանական օգնություն և սոցիալական աշխատողի գործունեություն: Ուստի հաջորդ բլոկով պետք է ընտրեն նաև այդ մասնագիտությունների տեր մարդկանց:

Փոխնախարարի խոսքով՝ աշխատանքային խմբի խնդիրներից առաջինն այն չափորոշիչներն են, որոնցով պալիատիվ բժշկություն իրականացնող բուժհաստատությունները պետք է առաջնորդվեն: «Չափորոշիչներն արդեն պատրաստ են, որոնք մոտ ապագայում կհաստատվեն: Հաջորդը՝ լիցենզավորման պայմաններն են: Դրանք նույնպես մշակված են, և կառավարության որոշմամբ շուտով կհաստատվեն: Այս երկու փաստաթղթերի առկայությունը բուժհաստատություններին հնարավորություն է տալիս ստանալ լիցենզիա և իրականացնել աշխատանք»,-ասաց Խաչատրյանն ու հավելեց՝ լիցենզավորման մասին օրենքում փոփոխություններ ևս իրականացրել են: Ըստ դրա՝  մի հասցեով լիցենզիա ստացած պոլիկլինիկան կարող է պալիատիվ ծառայություններ մատուցել նաև տնային պայմաններում:

Սկզբնական շրջանում պալիատիվ ծառայությունը կլինի վճարովի: Որոշակի հաշվարկների արդյունքում պարզ է դարձել, որ այն մատչելի ծառայություն է: «Առաջիկա երկու տարին ծառայությունների համար պետական բյուջեից գումար չենք հատկացնելու: Սակայն, վստահ եմ, որ մի քանի տարի հետո պետությունը որոշակի մասով կֆինանսավորի այն»,- ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ պալիատիվ բժշկությունն ուղղված չէ կյանքի երկարացմանը, այլ օգնում է հիվանդին արժանավայել ապրել կյանքի վերջին փուլը: «Պետք է հասկանալ, որ շատ ծանր հիվանդների համար երբեմն բժիշկներն այլևս ոչինչ անել չեն կարող: Ահա այս իրավիճակներում հիվանդներին տառապանքները թեթևացնելուն է կոչված պալիատիվ բժշկությունը: Այն հոգեբանորեն օգնում է թե հիվանդին, թե նրա ընտանիքին, մեղմացնում ֆիզիկական ցավերը, լուծում որոշակի սոցիալական հարցեր»,-ասաց նա ու հավելեց՝  առանց մեծ գումարների Հայաստանում արվում է այն, ինչը, օրինակ, ԱՄՆ-ում այս վերջին 50-60 տարում կատարում է հսկայական գումարներով:

Պալիատիվ ծառայությունները կլինեն հիվանդանոցային և արտահիվանդանոցային, սակայն չի բացառվում նաև հոսփիսների ստեղծումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]