1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայերեն տպագիր առաջին գիրքը, պարբերականը, քարտեզը ներկայացված են Գրատպության թանգարանում

Հայերեն տպագիր առաջին գիրքը, պարբերականը, քարտեզը ներկայացված են 
Գրատպության թանգարանում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրատպության թանգարանը, որտեղ ցուցադրված են 400 նմուշներ, բացառիկ թանգարան է, կենդանի օրգանիզմ, որը պարբերաբար կնորացվի ու կթարմացվի: Այս մասին սեպտեմբերի 25-ին Գրատպության թանգարանի բացմանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Գրատպության 500-ամյակին, երբ Երևանն ընտրված էր որպես գրքի մայրաքաղաք,  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով Հայաստանի ազգային գրադարանի ղեկավարությունը լծվեց այս թանգարանի ստեղծմանը: Կարծում եմ` սա բացառիկ թանգարան է, կենդանի օրգանիզմ, որը պարբերաբար կնորացվի ու կթարմացվի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց  նախարարը:

 Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանի խոսքով`   թանգարանն ունի  ճանաչողական, կրթական նշանակություն: «Այն բաղկացած է վեց սրահներից` «Գրի ակունքները», «Հայոց այբուբենը», «Հայ գրատպության առաջնեկները», «Հայկական գրատպության սփյուռքը», «Գրահրատարակչություն», «Գրի հավերժությունը»:  Սրահներում ներկայացված է հայ գրատպության ուղին առաջին գրքից սկսած մինչև մեր օրերը:  Թանգարանի շնորհիվ աշակերտները, ուսանողները կհասկանան, թե ինչ է հայ գիրքը, ինչ ճանապարհ է այն անցել: Ըստ իս` այս կառույցը կարող է գրքի հետազոտման խոշորագույն կենտրոններից մեկը լինել, քանի որ աշխարհում գրատպության թանգարանները սակավ են»,- ընդգծեց Զարգարյանը:

Թանգարանի նպատակը գրատպության անցած ուղին, նրա երախտավոր զավակների ստեղծած ժառանգությունը սերունդներին ներկայացնելն է:

«Թանգարանում կան ցուցանմուշներ նախագրային շրջանից մինչև տպագիր գիր ընկած ժամանակահատվածը: Վեց սրահում կարելի է գտնել սեպագիր արձանագրություններ, գրչության տեսակներ, եվրոպացի հրատարակիչների գործերում փայտափորագիր հայոց այբուբենը, հայերեն տպագիր առաջին գիրքը` «Ուրբաթագիրքը», առաջին Աստվածաշունչը, «Համատարած աշխարհացույցը»,  քարտեզը, պարբերականը` «Ազդարարը» և այլ նմուշներ»,-շեշտեց Գրատպության թանգարանի վարիչ Բալասան Հարությունյանը:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Նա հավելեց, որ «Հայկական գրատպության սփյուռք» սրահում ներկայացված են Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Հնդկաստանում, Ամստերդամում և այլ երկրներում տպագրված հայկական գրեր: «Այցելուն կարող է ընդհանուր պատկերացում կազմել տպագրավայրերի համառոտ պատմության, ինչպես նաև ներկայացված գրքերի մասին»,-եզրափակեց թանգարանի վարիչը:

Գրատպության թանգարանը բացվեց Հայաստանի ազգային գրադարանում, քանի որ այն համարվում է հայերեն տպագիր նյութի ամենամեծ պահոցը: Թանգարանը հագեցած է նոր տեխնոլոգիաներով, որոնք ոչ ֆորմալ կրթության համար ինտերակտիվ միջավայր են ստեղծում: Այն հայ գրքի հետազոտման կենտրոն դառնալու միտում ունի:

21-րդ դարի մարտահրավերներին ընդառաջ կարևորելով նաև հայ գրքի ռազմավարական նշանակությունը, աշխատանքներ են տարվում ստեղծելու համահայկական թվային գրադարան, որի նպատակը գրքի երկարաժամկետ պահպանությունը և հասանելիությունը ապահովելն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]