1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տիկնիկային թատրոնը թատերաշրջանը բացել է նորոգված դահլիճում

Տիկնիկային թատրոնը թատերաշրջանը բացել է նորոգված դահլիճում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի աջակցությամբ թատերասերներին ընդունեց մասամբ նորոգված դահլիճով. Նորացվել են հատակածածկը և աթոռները:  Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը:

Խոսելով թատրոնի հետագա անելիքների մասին` նա ասաց, որ տարվա ընթացքում երեք նոր ներկայացում են բեմադրել, և կլինեն դարձյալ երեքը: «Նախատեսում ենք պատրաստել տիկնիկային,  դրամատիկ, պարային գործեր: Շատ եմ կարևորում «Ո”վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» ներկայացումը, որը նոր ձևաչափով ու մոտեցմամբ ենք մատուցելու: Գործողությունները տեղի կունենան ետնաբեմում, իսկ հանդիսատեսը կնստի բեմում»,- ռեժիսորը:

Բաբայանը շեշտեց, թե շատ ուրախ է, որ տիկնիկային թատրոնում բեմադրվող բազմաժանր և բազմաբովանդակ ներկայացումները, որոնցում ընդգրկվում են թատերական տարբեր ժանրերում իրենց լավագույնս դրսևորած դերասաններ, գրավում են հանդիսատեսին:

Այս տարին տիկնիկային թատրոնի համար հագեցած է նաև տարբեր երկրներում կազմակերպվող փառատոններին մասնակցությամբ: Սեպտեմբերի 20-ին բեմադրիչ Սամսոն Մովսիսյանի «Մատնաչափիկը» տիկնիկային ներկայացմամբ թատերախմբի մի մասը մեկնել է Օմսկ «Առլեկին» տիկնիկային միջազգային հեղինակավոր փառատոնին մասնակցելու: «Երկրորդ անգամ ենք լինելու այնտեղ: Նախկինում ներկայացրել ենք ռեժիսոր Զարուհի Անտոնյանի «Ամպից պոկված հեքիաթը» բեմադրությունը: Չորս տարի առաջ այդ նույն փառատոնի ժյուրիի անդամ եմ եղել»,-ընդգծեց Բաբայանը:

Սեպտեմբերի 23-ին թատրոնից մեկ այլ խումբ մեկնել է Կահիրե, որտեղ անցկացվում է «Փորձարարական արվեստի փառատոնը»: Անտեղ ցուցադրվել է ռեժիսոր և դերասանուհի Նարինե Գրիգորյանի  «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը: Հոկտեմբերի սկզբին թատերախումբը Կանադայում հանդես կգա «Անխելք մարդը»  տիկնիկային ներկայացմամբ և համերգային հետաքրքիր ծրագրով: Նոյեմբերին Յուժնո Սախալինսկում կցուցադրվեն երկու գործ` Զարուհի Անտոնյանի «Ամպից պոկված հեքիաթը» և Ռուբեն Բաբայանի «Ակ. Ակ» տիկնիկային բեմադրությունները:

«Թատրոնն իր բնույթով երիտասարդ  է՝ անկախ նրանից, թե այնտեղ ինչ տարիքի մարդիկ  են աշխատում: Կարծում եմ, բոլոր ժամանակներում թատրոնն ունեցել է և ունի մի խնդիր. միշտ զգալ տվյալ ժամանակը և երիտասարդ մնալ: Լավ է, որ մեր երկրում ապրում են տաղանդավոր երիտասարդներ, որոնք ապացուցում են իրենց ասելիք ունենալը, իսկ ես, որպես  արվեստի գործիչ, փորձում եմ սատարել նրանց ու չխանգարել նրանց գործունեությանը»,-եզրափակեց Բաբայանը:

Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թ. հունիսի 1-ին: Թատրոնի հիմնադիրների թվում էին դերասան և ռեժիսոր Սոֆյա Բեջանյանը, նկարիչ Գևորգ Առաքելյանը, մանկավարժ Մարուքե Դուրգարյանը, դերասաններ Պավլոս Բորոյանը և Արաքսյա Արաբյանը: Թատրոնի առաջին տնօրենն էր Վարյա Ստեփանյանը: Թատրոնի պատմության մեջ նշանակալի տեղ են զբաղեցնում հայ հանրահայտ ռեժիսորներ Լևոն Քալանթարը (“Չախ-չախ թագավորըըստ Հովհ. Թումանյանի ևՀեքիաթ Սալթան թագավորի մասինըստ Ա. Ս. Պուշկինի, 1938 թ.) և Տիգրան Շամիրխանյանը (“Եղեգնուհինըստ Ղ. Աղայանի, 1940 թ.), նկարիչներ Խ. Եսայանը, Ս. Ստեփանյանը, Վ. Թևանյանը և Ա. Սարգսյանը:

Թատրոնը հաճախ է մասնակցում միջազգային փառատոնների, որոնց աշխարհագրությունը ձգվում է Հնդկաստանից մինչև ԱՄՆ: 1998-ից թատրոնի տնօրենն է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը: Գլխավոր նկարիչն է Հայաստանի վաստակավոր նկարիչ Անժելա Գալստյանը: Թատերախմբում կան 35 դերասան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]