Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Ֆիլմը Հայոց ցեղասպանությունը երբեք չմոռանալու եւ նման երեւույթներ թույլ չտալու խոստման մասին է. Էրիկ Էսրաիլյան

Ֆիլմը Հայոց ցեղասպանությունը երբեք չմոռանալու եւ նման երեւույթներ թույլ չտալու խոստման մասին է. Էրիկ Էսրաիլյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս Հայաստանում էր հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը: Նա ֆիլմի օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի հետ Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու «Մեր խոստումը»  երաժշտական բեմադրության պրեմիերային՝ նվիրված Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին: Բեմադրության ավարտից հետո «Արմենպրես»-ը հնարավորություն ունեցավ զրուցելու պրոդյուսերի հետ: Ավելի վաղ ներկայացրել էինք օսկարակիր ռեժիսորի հարցազրույցը:

-Պրն Էսրաիլյան, որպես սկիզբ, կցանկանայի՝ խոսեինք ձեր տպավորություններից: Ի՞նչ կասեք բեմադրության մասին:

-Ես կարող եմ ասել, որ իմ հոգում զգացի եւ՛ պարը, եւ՛ երաժշտությունը, եւ՛ այս մեկնաբանումը: Այնքան հպարտ էի՝ տեսնելով, որ ներկայացումն արդեն իրականություն է: Այն պարզապես ցույց է տալիս, թե ինչ տաղանդավոր են հայերը: Գիտեմ, որ քիչ ժամանակ են ունեցել նախապատրաստվելու,  բայց այս ներկայացումը նույնիսկ կհամեմատեի  աշխարհի ցանկացած այլ խոշոր ներկայացման հետ:

- Հոլիվուդում Հայոց ցեղասպանության թեմային անդրադառնալու ձախողված փորձերից հետո նկարահանվեց եւ էկրաններին բարձրացավ «Խոստումը» ֆիլմը: Ինչպե՞ս դա հաջողվեց, ինչո՞վ էր այս աշխատանքն առանձնահատուկ:

-Կարծում եմ՝ ամենակարեւորը  Քըրք Քրքորյանն էր: Այլ ֆիլմարտադրող ընկերությունները մի փոքր վախեցած էին, եւ դրա համար կա պատճառ՝ տարիների ճնշումներ Ցեղասպանությունը հերքողների խմբի, թուրքական կառավարության կողմից: Քըրք Քրքորյանը խիզախություն ունեցավ ասելու՝ անկախ նրանից, թե ինչ կլինի, ես ուզում եմ, որ ֆիլմը նկարահանվի եւ ավարտին հասցվի: Իհարկե, միայն գումարը բավարար չէ, քանի որ պետք է լինի նաեւ գեղեցիկ սցենար, որը կգրավի դիտողներին: Մենք նաեւ ուզում էինք, որ ֆիլմում լինեն աշխարհի լավագույն դերասանները, եւ նրանք  հատուկ ընտրեցին մեր ֆիլմը՝ չնայած ունեին հնարավորություն նկարահանվելու ցանկացած այլ ֆիլմում: Հենց դա է գլխավոր առանձնահատկությունը: Նման ֆիլմերը կոմերցիոն տեսանկյունից բավականին մարտահրավերային են, որովհետեւ մտադրություն ունեինք փորձելու ստեղծել ոչ թե «Աստղային պատերազմեր», այլ ֆիլմ, որը մնայուն կլինի սերունդների համար:

-Այնուամենայնիվ, գո՞հ եք ֆիլմի  հաջողությունից: Կարելի՞ է  ասել, որ Ձեր ակնկալիքներն արդարացված են:

-Ես կարող եմ ասել, որ այն նույնիսկ գերազանցեց իմ սպասելիքները, որովհետեւ երբ մենք ունեինք այս գաղափարը,  հասկանում էինք, որ այն շատ մարտահրավերային է, որ սա նշանակում էր փորձել լեռ մագլցել  կամ ավելի ճիշտ, շարժել լեռը:  Հիմա մենք ոչ միայն ֆիլմ նկարահանեցինք, այլեւ փաստորեն աշխարհում այն ջերմորեն ընդունվեց: Մեր իրական նպատակն այն մարդկանց հասցնելն էր, այլ ոչ անպայման փորձել գոհացնել մեկ-երկու քննադատի: Մարդիկ այն շարունակում են դիտել իրենց տանը, նորովի են բացահայտում, մենք օգտագործում ենք միջոցներ այն տարածելու համար, մեր դերասանները եւս մեծապես աշխատեցին այդ ուղղությամբ այնպես, ինչպես չէին արել որեւէ այլ ֆիլմի համար, որովհետեւ նրանք հավատում էին: Ֆիլմը եզակի էր նաեւ բարեգործության առումով: 

-Պրն Էսրաիլյան, ֆիլմի էկրանավորումից հետո նախաձեռնեցիք «keep the promise» արշավը, որին միացան մի խումբ հայտնի դերասաններ եւ երգիչներ: Ո՞րն էր արշավի հիմնական նպատակը, եւ արդյոք կարող եք համարել, որ ինչ-որ չափով հասել եք խոստումը պահելու գաղափարի իրագործմանը:

-Կարծում եմ՝ կարողացել ենք, սակայն այն դեռ շարունակվում է:  Գիտեք՝ այդ խոստումը միայն ֆիլմի մաս կազմող իրադարձությունների մասին չէր, իրականում դա Քըրք Քրքորյանի խոստումն էր ֆինանսավորել ֆիլմը, դա մեր խոստումն էր ավարտել եւ ստանալ այն, ինչ նա էր ուզում, ի վերջո դա Հայոց ցեղասպանությունը երբեք չմոռանալու եւ նման երեւույթներ այլեւս երբեք թույլ չտալու խոստումն էր: Հենց սրանով ենք կարողացել ներգրավել շատ ընկերների, ովքեր ամբողջ աշխարհում այդչափ տեսանելիություն ունեն, հայտնի են, ովքեր կարողացան հասցնել ամբողջ աշխարհին: Դա Հայոց ցեղասպանության դատապարտման, ճանաչման մասին էր, մարդկանց ցույց տալու, որ մենք չենք թույլ տալու, որ նման դեպքեր նորից պատահեն, որովհետեւ հերքելով այն եւ ընդունելով այդ հերքումը՝ մենք  դառնում ենք հանցակից աշխարհում տեղի ունեցող վայրագությունները թույլ տալու գործում: Կարեւոր էր ներգրավել այն մարդկանց, ովքեր հայեր չեն: Դա, ըստ իս, այս շարժման առաքելության հիմնական ուղղություններից էր: Իհարկե, մենք սիրում ենք հայերին եւ ուզում ենք, որ աշխարհի հայերը կապված լինեն, սակայն միեւնույն ժամանակ կարծում ենք, որ համաշխարհային հանրության մասը լինելու համար մեզ անհրաժեշտ է ուժ, իսկ հերքման այդ 102 տարիները բավականին երկար ժամանակահատված է:

-Եվ ի վերջո, խոսենք ֆիլմի ազդեցության մասին: Ինչքանո՞վ էր հայերի համար կարեւոր ունենալ նմանատիպ ֆիլմ Հոլիվուդում:

-Վերջապես, ես կարող եմ ասել, որ հայերն ունեն մի կարեւոր վիզուալ գործիք,  որը կարող ենք օգտագործել մեր պատմությունը օտարազգիներին ներկայացնելու համար: Կարծում եմ՝ ֆիլմն ինչ-որ չափով կարելի է անվանել վիզուալ թանգարան, սակայն որը երբեք բավարար չի լինելու, քանի որ սա պատմության ավարտը չէ, սա դեռ սկիզբն է: Մենք կառուցել ենք ֆիլմը այլ հրաշալի ռեժիսորների աշխատանքի հիման վրա, ինչպես օրինակ՝ Ատոմ Էգոյանի եւ մյուսների: Նրանք մեզ համար հիմք են նախապատրաստել, քանի որ եթե նրանք իրենց աշխատանքը չանեին,  մենք էլ մերը չէինք կարողանա անել: Եվ ես հույս ունեմ, որ ուրիշները սա եւս կշարունակեն:

Հարցազրույցը՝ Սյուզի Մուրադյանի

Լուսանկարները՝ Տաթեւ Դուրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]