Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Դեկտեմբեր

Երևանում բոտուլիզմի դեպք է գրանցվել. կա  1 տուժած


ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք՝ 1 տուժածով: Ներկա պահին տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Ռեֆերենս լաբորատորիայում տուժածի կողմից սննդում օգտագործված տնային պայմաններում պահածոյացված շուշանի թթվի հետազոտության արդյունքում հայտնաբերվել է բոտուլոտոքսին: 

                Հիշեցնենք, որ բոտուլիզմը սննդային ամենածանր թունավորումներից է և կարող է հանգեցնել մահվան։

Բոտուլիզմից և դրա ծանր հետևանքներից խուսափելու համար  նախարարությունը հորդորում է.

  • Չօգտագործել տնային պայմաններում պատրաստված պահածոներ։
  • Տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ պարտադիր ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով առնվազն 20-25 րոպե։
  • Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի, քանի որ ժամանակին ցուցաբերած բժշկական օգնությունը կարող է փրկել հիվանդի կյանքը։

                Նշենք, որ հիվանդությունը սկսվում է ոչ բնորոշ (ընդհանուր թուլություն, գլխացավ, սրտխառնոց, փսխում) երևույթներով։ Բոտուլիզմին բնորոշ  ախտանիշները` տեսողության խանգարում, երկտեսություն, կոպի իջեցում, բբի լայնացում, փափուկ քիմքի պարալիզ, աֆոնիա (ձայնի խռպոտություն), կլման ակտի խանգարում և այլն, զարգանում են  մի քանի ժամից։ Մարմնի ջերմաստիճանը մնում է նորմալ, կարող է լինել պուլսի արագացում և շնչառության խանգարում։ Գաղտնի շրջանի տևոում է 4-8, երբեմն` մինչև 15 օր։

Մահվան պատճառ կարող է դառնալ շնչառական կենտրոնի կաթվածը։ 

Հետևե՛ք մասնագետների խորհրդին` մի՛ սնվեք ջերմային մշակման չենթարկված պահածոներ և խուսափեք  ծանր թունավորումից»։



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ