Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Հայաստանը ՄԱԿ ԶՀԿ նստաշրջանում հանդես է եկել ի պաշտպանություն ազգային փոքրամասնություների և տեղաբնակների իրավունքների


ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը և կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը մասնակցել են Չինաստանի Չանգդու քաղաքում սեպտեմբերի 11-ից 16-ն անցկացվող ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) գլխավոր ասամբլեայի 22-րդ նստաշրջանի աշխատանքներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Օրակարգում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է  «Զբոսաշրջության էթիկայի մասին» կոնվենցիայի նախագիծը։

Նստաշրջանի օրերին «Զբոսաշրջության էթիկայի մասին» կոնվենցիայի նախագծի  նախնական քննարկման նպատակով ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որին անդամակցել և աշխատանքներին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը:

Քննարկումների արդյունքում Հայաստանի պատվիրակության պնդմամբ և հիմնավորմամբ կոնվենցիայի նախագծում ներառվել են հետևյալ անհրաժեշտ դրույթները.

Թուրքիայի պատվիրակությունը պնդում էր Կոնվենցիայի նախագծի 4-րդ հոդվածից (Զբոսաշրջության ներդրումը ժողովուրդների և հասարակությունների միջև փոխըմբռնման և հարգանքի ձևավորմանը) հանել ազգային փոքրամասնությունների և բնիկ ժողովուրդների սոցիալ-մշակութային ավանդույթները հարգելու և նրանց արժեքներն ու իրավունքները ճանաչելու վերաբերյալ և նախագծի 5-րդ հոդվածից (Զբոսաշրջությունը որպես կոլեկտիվ և անհատական նվաճումների միջոց) հանել ազգային փոքրամասնությունների և բնիկ ժողովուրդների` մարդու իրավունքների խթանման դրույթը:

Հայաստանի պատվիրակությունը ելույթ է ունեցել, նշելով, որ նշված դրույթները բխում են ՄԱԿ ԶՀԿ կանոնադրությունից, առաքելությունից և գործունեության նպատակից, որ Հայաստանում ոչ միայն հարգվում և պաշտպանվում են ազգային փոքրամասնությունների իրավունքներն ու ավանդույթները, այլ բոլոր հնարավոր ձևերով նրանց մշակույթն ու զբոսաշրջային ներուժը ներկայացվում և խթանվում է թե՛ ներքին և թե՛ համաշխարհային շուկայում: Համոզմունք հայտնելով, որ նույն սկզբունքները կիրառվում են նաև անդամ մյուս պետություններում՝ Հայաստանի պատվիրակությունը պնդել է ներառել նշված դրույթները նախագծում: Հայաստանի պատվիրակության առաջարկությանը կողմ են քվեարկել բոլոր անդամները, բացի Թուրքիայից և Ինդոնեզիայից: Այսպիսով որոշումն ընդունվել է Հայաստանի պատվիրակության առաջարկությանը համապատասխան:

Քննարկում  է ծավալվել նաև 9-րդ հոդվածի (Զբոսաշրջության զարգացման շահառուների պարտականությունները) 5-րդ կետի շուրջ, որը վերաբերում է արտասահմանյան ճանապահորդությունների ընթացքում հնարավոր դժվար իրավիճանկերի կամ վտանգների մասին սեփական բնակչությանը տեղեկացնելու`  կառավարությունների իրավունքին ու պարտականությանը: Քննարկվել է կառավարության կողմից նման հայտարարություն տալու հետևյալ երկու ընթացակարգը.

1․Հայտարարության տեքստը հրապարակվելուց առաջ քննարկել  հյուրընկալ երկրի իրավասու մարմնի հետ։

2․Հայտարարության տեքստի մասին տեղեկացնել հյուրընկալ երկրի իրավասու մարմնին:

Հաշվի առնելով, որ նման հայտարարությունները կարող են ազդեցություն ունենալ հյուրընկալ երկրների հեղինակության վրա, և որ տարածաշրջանում անկայուն վիճակի  հետ կապված Հայաստանը նույնպես որոշ դեպքերում թյուրիմացաբար հայտվել է և կարող է հայտնվել նման իրավիճակներում, Հայաստանի պատվիրակությունը հանդես է եկել ելույթով` պաշտպանելով 1-ին տարբերակը: Քվեարկությամբ այդ տարբերակը հաստատվել է»:

 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ