Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

Ֆիլմը կոգեշնչի մարդկանց՝ միավորվելու ընդդեմ ցեղասպանությունների. օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի հարցազրույցն «Արմենպրես»- ին


ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասնամյակներ շարունակ Հոլիվուդում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու ջանքերը, որոնք շարունակ ձախողվում էին թուրքական լոբբիստական ընկերությունների ջանքերով, միայն 2016 թվականին պսակվեցին հաջողությամբ, երբ էկրաններ բարձրացավ «Խոստումը» ֆիլմը: Ֆիլմի ռեժիսորը ցեղասպանության մասին պատմող մեկ այլ՝ «Հյուրանոց Ռուանդա» ֆիլմը նկարահանած Թերի Ջորջն է, ով այս օրերին Հայաստանում է: Սեպտեմբերի 22-ին Երևանում նա ներկա էր «Մեր խոստումը» խորհրդանշական բեմադրությանը՝ նվիրված Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին: Ներկայացման ավարտից հետո «Արմենպրես»-ը զրուցել է օսկարակիր ռեժիսորի հետ:

-Նախ և առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել «Խստումը» ֆիլմի համար: Այն իսկապես շատ հուզեց բոլորիս:

-Ես ևս շնորհակալ եմ: Ինձ համար մեծ պատիվ էր նկարահանել այն, գալ և ցուցադրել այստեղ՝ Հայաստանում:

-Սա Ձեր առաջին ֆիլմը չէ ցեղասպանության մասին: Առաջինը «Հյուրանոց Ռուանդա»-ն էր: Ի՞նչն է այս ֆիլմը յուրահատուկ դարձնում Ձեզ համար:

-Երբ ես պատրաստվում էի նկարահանել «Հյուրանոց Ռուանդա»-ն և ուսումնասիրում էի Ռուանդայի ցեղասպանությունը, կարդացի Հայոց ցեղասպանության մասին, կատարվածը թաքցնելու մասին, այն մասին, թե ինչ «հաջողություններ» է գրանցել Թուրքիայի կառավարությունը տեղի ունեցածը կոծկելու հարցում: «Խոստումը» ֆիլմի միջոցով մենք վերջապես հնարավորություն ունեցանք էկրանին ցույց տալու այդ պատմությունը: Դա իսկապես մեծ պատիվ էր, մի բան, որից չէի կարող հրաժարվել: Քըրք Քըրքորյանը, Survival Pictures ընկերությունը ինձ բյուջե և հնարավորություն տվեցին՝ ստեղծելու նման էպիկ ֆիլմ:

-Ֆիլմի պատրաստման գործընթացին նախորդել են երկարատև աշխատանքներ ցեղասպանության պատմության ուսումնասիրման շուրջ: Գիտեմ, որ շատ գրքեր եք կարդացել, ֆիլմեր եք դիտել այս թեմայով: Կա՞ մի դրվագ, որ առավել տպավորել է կամ ոգեշնչել է Ձեզ ֆիլմի պատրաստման գործում:

-Շատ երկար եմ ուսումնասիրություններ արել, սակայն ֆիլմի նկարահանման ժամանակ մեծապես ոգեշնչվել եմ Գրիգորիս արքեպիսկոպոս Պալաքյանի հեղինակած «Հայ գողգոթան» աշխատությունից: Նա ժամանակի հայ մտավորականներից էր, ով ցեղասպանության ժամանակ ձերբակալվել էր, բայց կարողացել էր փախուստի դիմել ու փրկվել: Նրա կողմից գրված ինքնակենսագրական գիրքը, որը թարգմանվել է թոռան՝ Փիթեր Բալաքյանի կողմից, շատ է ինձ ոգեշնչել:

-Ֆիլմը հերթական միջոցն էր՝ ողջ աշխարհին պատմելու Հայոց ցեղասպանության մասին, բարձրացնելու իրազեկվածության մակարդակն ու այդպիսով կանխելու նմանօրինակ հանցագործություններն ապագայում: Ինչ եք կարծում՝ հասա՞ք այդ նպատակին:

-Ստացել ենք մի ֆիլմ, որը պատմում է այն մասին, թե ինչ է անցյալում տեղի ունեցել: Բայց միաժամանակ կարծում եմ, որ ֆիլմը խիստ ժամանակակից է, քանի որ երբ նայում ենք մեկ դար առաջ տեղի ունեցած դեպքերին, հասկանում ենք, որ նույնը տեղի է ունենում նաև այսօր: Հուսով եմ, որ ֆիլմը կոգեշնչի մարդկանց՝ միավորվելու ընդդեմ ցեղասպանությունների, ինչն այսօր տեղի է ունենում Մյանմարում, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում, եզդիների հետ Իրաքում: Սա պարզապես ֆիլմ չէ: Մենք սկսել ենք շարժում՝ միավորելու ուժերը ցեղասպանությունների դեմ: Հուսով եմ, որ առնվազն ինչ-որ չափով հասել ենք այդ նպատակին:

-Սա Ձեր առաջի՞ն այցն է Հայաստան: Այցելե՞լ եք Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

-Սա իմ երկրորդ այցն է Հայաստան: Վերջին անգամ այստեղ էի չորս տարի առաջ: Ինչպես նախորդ անգամ, այնպես էլ այս անգամ լինելու եմ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, ծառ եմ տնկելու: Դա իսկապես հուզիչ պահ է: Անպայման գնալու եմ այնտեղ:

Հարցազրույցը՝ Արաքս Կասյանի

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ