Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների պատմությունը շատ լուսավոր կետեր ունի. կարդինալ Սանդրի

Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 
պատմությունը շատ լուսավոր կետեր ունի. կարդինալ Սանդրի

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա, ինչպես նաև Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ Հռոմի Սբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցում սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ եկեղեցական ծիսակատարություն՝ Սուրբ Աթոռի արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրիի նախագահությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, արարողությունից առաջ ներկաներին ողջույնի խոսք ուղղեց Հռոմի Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի ռեկտոր գերապայծառ Նարեկ Նամոյանը:

Պատարագին հնչեցրած իր քարոզում Կարդինալ Սանդրին, խոսելով հայ-վատիկանյան հարաբերությունների մասին, նշեց, որ Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների պատմությունը ճանապարհ է, որը բաղկացած է բազմաթիվ լուսավոր կետերից, որոնց թվում են Հայաստանի երեք նախագահների այցելությունները Սուրբ Աթոռ, Հովհաննես Պողոս 2-րդի և Ֆրանցիսկոս 1-ինի այցելությունները Հայաստան, Սուրբ Աթոռի և Հայ առաքելական եկեղեցու միջև ջերմ և կառուցողական շփումները: Կարդինալ Սանդրին հավելեց, որ յուրաքանչյուր կատարված քայլ առավել խորը հարգանքի և բարեկամության կապեր հաստատելու հնարավորություն է ստեղծել, որոնք ավելի գեղեցիկ և հարուստ են դարձրել դիվանագիտական հարաբերությունները:

Պատարագից հետո ելույթ ունեցավ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը, ով իր խոսքում նշեց, որ հայ-վատիկանյան հարաբերություններն ունեն դարավոր պատմություն և զարգացել են բովանդակալից երկխոսության ու փոխադարձ խորին հարգանքի հիման վրա: Դարերով ամրացած միջեկեղեցական, միջմշակութային և միջանձնյա փոխըմբռնման հարաբերությունները հանգեցրել են միջպետական շփման այն բարձր մակարդակին, որը արձանագրվել է այս քառորդդարյա ժամանակաշրջանում:

Դեսպանը երախտագիտություն հայտնեց կարդինալ Սանդրիին հայ-վատիկանյան միջպետական, ինչպես նաև միջեկեղեցական հարաբերությունների զարգացման գործում անձնական մեծ ավանդի համար՝ հավելելով, որ խորհրդանշական է հայ-վատիկանյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման տարեդարձի նշումը Քահանայապետական հայ վարժարանում, քանի որ այս հաստատությունը հարյուրամյակներ շարունակ ամուր կամուրջ է եղել հայ-վատիկանյան կապերում:

Պատարագին հետևեց ընդունելություն, որին ներկա էին Սուրբ Աթոռի պետքարտուղարության և այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Վատիկանում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]