Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

Երևանյան բեսթսելեր 4/79. Մհեր Իսրայելյանի, Համո Սահյանի և Գուրամ Օդիշարիայի գրքերն ամենավաճառվածների ցանկում են


ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը այս շաբաթ կրկին գլխավորում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունը: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է: Շուտով գրքի հիման վրա ֆիլմ է նկարահանվելու:

Մի քանի հորիզոնականով վեր է բարձրացել և երկրորդ տեղն է զբաղեցրել Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը, որում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ: Թարգմանիչներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ երրորդ հորիզոնականում է  ֆրանսիացի հանրահայտ գրող Գի դը Մոպասանի «Ընտիր նովելներ» գիրքը, որում ներառվել են նրա լավագույն գործերը: Մոպասանը Ֆրանսիայի առօրյա կյանքը նկարագրող բազմաթիվ պատմվածքների, վիպակների և վեպերի հեղինակ է։ Հայերեն են թարգմանվել և հրատարակվել նրա բազմաթիվ ստեղծագործություններ:

Իր դիրքերը զիջել և չորրորդ տեղում է հայտնվել Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» զբաղեցրել է հինգերորդ տեղը: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։

Մհեր Իսրայելյան «Մի շան բախտ հին հայկական ճանապարհի վրա»  պատմվածքների ժողովածուն վեցերորդն է:  Այն պատմում է հավատարմության, սիրո, բարեկամության մասին:

Յոթերորդ հորիզոնականում Համո Սահյանի  «Ընտրանի» գիրքն է, որում զետեղվել են մեծ բանաստեղծի տարբեր ժողովածուներից լավագույն ստեղծագործությունները:

Բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի «Ալքիմիկոսը» լավատեսական շեշտադրմամբ հանրահայտ ու սիրված վեպն այս շաբաթ ութերորդն է: Այս ստեղծագործությունն այն բացառիկ գրքերից է, որը թարգմանվել է աշխարհի 67 լեզուներով և հրատարակվել 117 երկրում: Բրազիլիայում վեպը շարունակում է մնալ ամենաշատ վաճառված գիրքը և համարվում է Գինեսի ռեկորդակիր: Այն վաճառքի մեծ ցուցանիշ է գրանցել նաև Հայաստանում: «Ալքիմիկոս»-ի` աշխարհում վաճառված օրինակների քանակը գերազանցում է պորտուգալերեն գրված որևէ այլ գրքի ցուցանիշը:

Իններորդ տեղում Գրիգի «Հիսուսի կատուն» է: Ժողովածուն երիտասարդ արձակագրի առաջին գիրքն է, որում մեկտեղված պատմվածքները երևան են բերում մի կողմից՝ գրողական ինքնատիպ ոճ, մյուս կողմից՝ աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ: Դրանց համադրությամբ Գրիգի ստեղծագործական տարածության մեջ գոյավորվում են կերպարներ, որոնք օգնում են բացահայտել կյանքի ևս մեկ անտեսանելի կողմ:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է վրացի գրող Գուրամ Օդիշարիայի «Պրեզիդենտի կատուն» վեպը: Գրքում ներկայացված են մանր չինովնիկների արկածները` խարդավանքները, խրախճանքները և թե ինչպե՞ս է այդ ամենն ազդում պետական քաղաքականության վրա: Այն թարգմանվել է անգլերեն, ռուսերեն, ուկրաիներեն, սլովակերեն, աբխազերեն, ադրբեջաներեն:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (54-07-06), «Զանգակ» (23-25-28) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 47
2 +5

Ստեֆան Ցվայգ

«Ընտիր նովելներ»

Բուկինիստ 22
3 0

Գի դը Մոպասան

«Ընտիր նովելներ»

Բուկինիստ 19
4 -2

Էդգար Հարությունյան

«Չգտնված երիցուկներ»

Անտարես 15
5 +1

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 10
6 Նոր

Մհեր Իսրայելյան

«Մի շան բախտ հին հայկական ճանապարհի վրա»

Անտարես 8
7 Նոր

Համո Սահյան

«Ընտրանի»

Զանգակ 5
8 -3

Պաուլու Կոելյու

«Ալքիմիկոսը»

Անտարես 1
9 *

Գրիգ

«Հիսուսի կատուն»

Անտարես 1
10 Նոր

Գուրամ Օդիշարիա

«Պրեզիդենտի կատուն»

Անտարես 1

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:




Այս թեմայով

... վերջին լուր "Երևանյան բեսթսելլեր" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ