1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ապացուցողական բժշկության տարածումն ու նորագույն տեխնոլոգիաներն անկախ Հայաստանի առողջապահության ամենամեծ ձեռքբերումներից են 

  Ապացուցողական բժշկության տարածումն ու նորագույն տեխնոլոգիաներն անկախ 
Հայաստանի առողջապահության ամենամեծ ձեռքբերումներից են 

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անկախության 26-ամյակի առթիվ «Արմենպրես»-ի թղթակիցն առողջապահական ոլորտի 26 տարիների ձեռքբերումների և բացթողումների վերաբերյալ զրուցել է ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի հետ:

-Պարոն Խաչատրյան, անկախության 26 տարիների առողջապահության ոլորտի ձեռքբերումները որո՞նք են, ո՞րն եք համարում ամենամեծ ձեռքբերումը:

-Առողջապահական համակարգի ներկայիս պատկերը աննկարագրելիորեն տարբերվում է 26 տարի առաջվա առողջապահական համակարգից: Օրինակ՝ սովետական համակարգը հիմնված էր բյուջետային ֆինանսավորման վրա: Այսինքն՝ հիվանդանոցները բյուջեով սահմանված  գումար ունեին, և գումարի ծախսմանն արդյունավետորեն չէին հետևում: Առաջին փոփոխությունը Հայաստանում արդյունքի վրա հիմնված ֆինանսավորման համակարգի ստեղծումն էր: Նախկինում գործում էր այնպիսի համակարգ, որում հիվանդը կենտրոնում չէր, ներկայիս համակարգը մարդակենտրոն է՝ մարդն է ընտրում հիվանդանոցը, իր բժշկին: Եթե նախկինում բժիշկների գիտելիքների, ունակությունների հիման վրա էին որոշումները կայացվում, ապա այսօր հիմնվում ենք ապացուցողական բժշկության վրա: 26 տարի առաջ մեկ հիվանդի բուժումն առնվազն 15 օր էր տևում, այսօր պացիենտի հիվանդանոցում բուժվելու միջին տևողությունը նվազել է՝ հասնելով 6-7 օրվա: Ունենք լուրջ տեխնոլոգիաներ, և շարունակում ենք ձեռք բերել: Դրա ապացույցը ոսկրածուծի փոխպատվաստման վերջին հաջողություններն են: Մեր հիմնական ձեռքբերումներից եմ համարում ձգտումը դեպի արդյունավետ առողջապահական համակարգ: Եվ այն երբևիցե կանգ չի առնելու: 26 տարիների ընթացքում առողջապահական համակարգն անընդհատ փոխվել է, և, համոզված եմ, որ կրկին փոխվելու է, քանի որ իդեալական համակարգի դեռ չենք հասել:

-Ո՞րն եք համարում 26 տարիների ամենամեծ բացթողումը, կորուստը ոլորտում:

- Կարծում եմ՝ մեր ամենամեծ բացթողումն այն է, որ կորել է վստահությունը հիվանդների և բժիշկների միջև՝ կապված տնտեսական-սոցիալական իրավիճակի հետ: Բժշկի գործունեության էթիկական նորմին, բժիշկների և պացիենտների իրավունքներին ու պարտականություններին պակաս ուշադրություն է դարձվում: Մենք պետք է նպատակաուղղված աշխատենք այդ ուղղությամբ: Կարծում եմ՝ ապահովագրական բժշկությանն անցնելով՝ մեղմելու ենք այդ բացասական ազդեցությունը:

-Անկախացման առաջին տարիներին առողջապահական համակարգի առջև ի՞նչ մարտահրավերներ են եղել ծառացած, տրվե՞լ են արդյոք բոլորին լուծումներ:


-Անկախացման տարիներին խնդիրները շատ ավելի սուր էին՝ պահպանել, գոյատևել: Խնդիր էր դրված առողջապահական համակարգն ինչ-որ կերպ պահպանել և զարգացնել: Այդ ժամանակ շատ հեշտ էր ոչնչանալը, քանի որ ոչ մեծ ֆինանսավորում կար, ոչ մատակարարում, ոչ օրենսդրական դաշտ: Հիմնական խնդիրը սա էր, սակայն մասնագետների շնորհիվ համակարգը կարողացավ պահպանել իր գոյությունը:

-Իսկ ներկայում համակարգի մարտահրավերները և առաջնահերթությունները որո՞նք են:

-Նախկինում գոյություն պահպանելու խնդիրն էր, այժմ մարդկանց ավելի մատչելի ու արդյունավետ ծառայությունների մատուցումը: Մեր առաջնահերթությունը առողջապահական ծառայությունների որակի բարելավումն է: Մյուս մարտահրավերը կապված է բնակչության գոհունակության հետ: Գաղտնիք չէ` բժշկական ծառայությունների վճարման չափից, ձևերից շատերը դժգոհություններ ունեն: Պետք է ստեղծել համակարգ, որից գոհ կլինի բնակչության մեծ մասը: Սրան հասնելու համար ներկայում ներդնում ենք էլեկտրոնային առողջապահության համակարգը: Մենք վերափոխումների մի նոր փուլ ենք մուտք գործում, ներդնելու ենք ապահովագրական մեխանիզմներ: Սոցիալական փաթեթի շրջանակում դրա կիրառումը լավ հիմք է` այն տարածել մնացած բոլոր ծառայությունների վրա ևս:

-Միջազգային համագործակցությունների մասին ի՞նչ կասեք:

-26 տարի առաջվա համեմատ Հայաստանը միջազգային համագործակցության առումով որակական բարձր մակարդակում է: Եթե նախկինում մեր կապն այլ երկրների հետ հաստատվում էր միայն շնորհիվ սփյուռքահայ գործիչների, ապա այսօր լուրջ համագործակցություններ ունենք ՄԱԿ-ի համապատասխան կառույցների` ԱՀԿ-ի, UNICEF-ի, գլոբալ հիմնադրամի և շատ այլ կառույցների հետ: Համագործակցությունը դիտարկում եմ որպես փորձի փոխանակման, գիտելիքի ստացման, նաև Հայաստանը ճանաչելի դարձնելու հնարավորություն:

-Պատվաստանյութերի օգտագործումն ի՞նչ արդյունք է տվել:
-Վակցինացիաների առումով լուրջ ձեռքբերումներ ունենք: Ներդրումը վակցինացիայի ոլորտում, նշանակում է ներդրում ապագայի համար: Ոչ բոլոր պետություններն են կարողանում այդ ներդրումն իրականացնել: Եղել են կարմրուկի բռնկման բազմաթիվ դեպքեր տարածաշրջանի երկրներում, այնինչ մեզ մոտ բերովի մի քանի դեպքեր են գրանցվել : Պնևմոկոկային վարակների պատվաստանյութերի ներդրումը նպաստեց երեխաների մոտ ծանր ընթացող թոքաբորբերի դեպքերի խիստ նվազեցմանը: Վակցինացիաների ներդրումը միշտ թե նախապես, թե գործածելուց հետո գնահատվել է արդյունավետ:

-Ի՞նչ տվեց անկախացումն առողջապահական ոլորտին:

-Անկախությունը ստեղծեց միջավայր` ազատ համագործակցության միջազգային կառույցների հետ, տեխնոլոգիաների ներմուծում: Անկախացումը թույլ տվեց նաև անվանի հայ բժշկագետների դառնալ ճանաչելի ողջ աշխարհում: Շատ հայտնի բժշկագետներ եկան Հայաստան և իրենց ունակությունները ցույց տվեցին: Հայ երիտասարդները հնարավորություն ունեն նաև սովորելու առաջադեմ համալսարաններում: Սա լուրջ հնարավորություն է ապագայում զարգանալու համար:   

-Պարոն Խաչատրյան, առողջապահության ոլորտի ապագան ինչպե՞ս եք պատկերացնում, ի՞նչ եք կարծում, մոտ ապագայում անբուժելի հիվանդությունների համար կլինե՞ն նոր դեղամիջոցներ:

-Ապագան էլեկտրոնային առողջապահության, հանրային առողջապահական ծրագրերի, հիվանդությունների կանխարգելման մեջ է: Որքան շատ կանխարգելման ծրագրեր իրականացնենք, այնքան հիվանդների թիվը կնվազի: Նոր դեղամիջոցներ, իհարկե, կլինեն: Ներկայում ևս կան նոր մեթոդներ, որոնք ուղղակիորեն կապված են գենետիկ ինժեներիայի հետ: ԱՄՆ-ում հաստատել են օգտագործման առաջին դեղը, որը կառուցված է հենց գենային ինժեներիայի վրա: Դրանք ազդեցություն են թողնում մարդու օրգանիզմի այն բջիջների վրա, որոնք օնկոլոգիական հիվանդությունների դեմ չեն պայքարում: Դեղի շնորհիվ այդ բջիջները սկսում են պայքարել: Վստահ եմ` մոտ ապագայում շատ խրոնիկ հիվանդություններ կբուժվեն:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]