Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 21.09.2017

Սպասվող լրահոս. 21.09.2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր՝ սեպտեմբերի 21-ն է, օրը` տոնական: Նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը քվեարկեց հանուն Հայաստանի անկախ ապագայի: Խորհրդային Հայաստանի քաղաքացիների 94,99 տոկոսն «այո» ասաց անկախությանը: Այնուհետև Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց ԽՍՀՄ-ից անկախանալու և անկախ պետություն ստեղծելու մասին:

Տոնական օրը սկսվելու է Եռաբլուր զինվորական պանթեոն այցելությունից: Բարձրագույն ղեկավարությունը, հասարակական, քաղաքական գործիչներ իրենց հարգանքի տուրքը կմատուցեն Հայրենիքի անկախության եւ ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:

Կարապի լճի հարակից հատվածում «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը սեպտեմբերի 21-23-ն անցկացնում է «Երկրները մեկ հարկի տակ» փառատոն-ցուցահանդես-համաժողով-մրցանակաբաշխություն: Նախատեսված է բացօթյա ցուցահանդես մեկ հարկի տակ` նվիրված ՀՀ անկախության տոնին: Տարբեր երկրներից ժամանած օտարերկրյա գործարարները, ՀՀ-ում գործող դիվանագիտական և տեղական կառույցները կներկայացնեն իրենց ապրանքները և այդ օրվան նվիրված կլինի մշակութային ծրագիր:

Լրագրողների հետ կհանդիպի պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը: Նա կանդրադառնա Հայաստանի անկախության տարիներին, ձեռքբերումներին ու բացթողումներին: Ավանդույթի համաձայն Հանրապետության հրապարակում տեղի կունենա նաև Պարույր Հայրիկյանի ավանդական մամուլի ասուլիսը։

Մամուլի ասուլիսի ձևաչափով մի խումբ սփյուռքահայեր կամփոփեն Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի արդյունքները: Սեպտեմբերի 18-20-ը Երևանում անցկացվեց «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովը: Առաջին անգամ համաժողովում առանձնացվել են 4 գլխավոր ուղղություններ, որոնց կազմակերպման համար ընտրվել են պատասխանատու գերատեսչություններ՝ Պաշտպանության, Արտաքին գործերի, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, Սփյուռքի նախարարությունները:

Հենրիկ Իգիթյանի անվան ազգային գեղագիտության կենտրոնում կկայանա Սերգեյ Փարաջանովի «Արտասվող Ջոկոնդա» կոլաժի կրկնօրինակի բացման հանդիսավոր արարողությունը: Ներկա կլինեն Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարները։ Նախաձեռնության հեղինակը Նիկոլյան նորաձևության տունն է: Նախագիծն իրականացվում է Հայաստանի մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

«Ազատության» հրապարակում և Հյուսիսային պողոտայում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կազմակերպում է մարզական միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության օրվան: Միջոցառմանը կմասնակեն մի շարք մարզաձևերը ներկայացնող մարզիկներ: Նրանք հանդես կգան ցուցադրական ելույթներով և երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին կներկայացնեն այդ մարզաձևերի առանձնահատկությունները և առավելությունները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]