1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրաքյան Քրդստանի անկախացումը ինչ-որ տեղ կարող է Թուրքիայի համար դրական իրողություն լինել. Վահրամ Պետրոսյան

Իրաքյան Քրդստանի անկախացումը ինչ-որ տեղ կարող է Թուրքիայի համար դրական իրողություն լինել. Վահրամ Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան Քրդստանի անկախացմամբ տարածաշրջանում նոր խաղի կանոններ են ի հայտ գալու, տեղի է ունենալու տարածաշրջանի վերակառուցում, որը ենթադրում է աշխարհատնտեսական լուրջ վերափոխումներ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց  ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, ԵՊՀ հայ-քրդական առնչությունների բաժնի վարիչ Վահրամ Պետրոսյանը` անդրադառնալով սեպտեմբերի 25-ին սպասվող Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեին:

Չնայած տարածաշրջանային մի շարք խոշոր խաղացողներ հայտարարել են հանրաքվեն հետաձգելու մասին, սակայն Վահրամ Պետրոսյանը նշեց, որ Իրաքյան Քրդստանում նույնիսկ 5 րոպեով չեն պատրաստվում այն հետաձգել:

«Ի տարբերություն մյուս երկրների, կոշտ դիրքորոշում է հայտնել Թուրքիան, որը սպառնալիք է տեսնում այս գործընթացում և պնդում է, որ չեղյալ հայտարարվի հանրաքվեն: Չնայած այդ դիրքորոշմանը, Իրաքյան Քրդստանում գտնում են, որ լուրջ համագործակցություն կա Թուրքիայի հետ, չեն հավատում, որ թուրքերը դեմ դուրս կգան: Նույնիսկ տեսակետներ են հնչում, որ գուցե թուրքերը պաշտոնապես հայտարարում են դեմ լինելու մասին, բայց ոչ պաշտոնապես գլխով են անում»,-ասաց Վահրամ Պետրոսյանը: Նրա խոսքով, ամեն դեպքում, սեպտեմբերի 22-ին Թուրքիան կհրավիրի անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում էլ պարզ կլինի այդ երկրի վերջնական դիրքորոշումը:

Վերլուծելով տարածաշրջանային զարգացումները` Վահրամ Պետրոսյանը նշեց, որ Իրաքյան Քրդստանի անկախացումը ինչ-որ տեղ կարող է Թուրքիայի համար դրական իրողություն լինել: Մանսավորապես, Իրաքյան Քրդստանը կարող է դառնալ անվտանգության բուֆեր անհանգիստ արաբական շրջանի ու Թուրքիայի միջև: Դրանից բացի, նավթային և գազային ռեսուրսների տիրապետող Քրդստանը Թուրքիան կվերածի էլ ավելի մեծ էներգակիրների խաչմերուկի, որովհետև արտահանման այլ ճանապարհ չի ունենա, եթե Իրանը չմեղմացնի իր դիրքորոշումը:

Ըստ Վահրամ Պետրոսյանի՝ խոսել այն մասին, թե Իրաքյան Քրդստանի անկախությունը սպառնում է տարածաշրջանային անկայունությանը նշանակում է անտեսել իրականությունը: Տարածաշրջանն արդեն իսկ ոչ միայն ծայրահեղ անկայուն է, այլև Իսլամական պետության դեմ պատերազմի մեջ: Եվ վերջինիս դեմ պատերազմում էական դերակատարում ունեն ինչպես իրաքյան, այնպես էլ Սիրիայի քրդերը: «Տարածաշրջանային կայունությանն ուղղված հիմնական սպառնալիքը ոչ թե անկախության հանրաքվեն է, այլ Իրաքյան Քրդստանի հանրաքվեն հետաձգելու հարևան երկրների սպառնալիքներով ուղեկցվող պահանջը: Ինչ վերաբերում է այն փաստարկին, թե Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն կպառակտի Իրաքը, ապա միանգամայն կարելի է համաձայնել որոշ քաղաքական գործիչների և փորձագետների այն կարծիքին, որ այն արդեն իսկ փաստացի պառակտված է երեք մասի`քրդական, սուննիական և շիայական: Եվ Իրաքի կենտրոնական կառավարությունում դոմինանտ են շիաները»,-ասաց Վահրամ Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է Իրաքյան Քրդստանի անկախացմանը հայկական տեսանկյունից, ապա Վահրամ Պետրոսյանը նշեց, որ հանրաքվեի անցկացումը ևս մեկ անգամ ընդգծում է ազգերի ինքնորոշման գործոնը: Դրանից բացի, Իրաքյան Քրդստանը լինելու է Թուրքիայի ուշադրությունը դեպի հարավ շեղող գործոն:

Անդրադառնալով տեղի հայ համայնքին` Վահրամ Պետրոսյանը նշեց, որ ներկայում խոսվում է մոտ 5 հազար հայի մասին: Նախկինում  3-4 հազար էր, սակայն անհանգիստ այլ հատվածներից վերջին շրջանում հայերը ապաստան են գտել Իրաքյան Քրդստանում: Տեղի 111 մանդատ ունեցող խորհրդարանում կա հայ պատգամավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]