Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանն արել է այն, ինչ անհրաժեշտ է. Վարուժան Ոսկանյան

  Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանն արել է այն, 
ինչ անհրաժեշտ է. Վարուժան Ոսկանյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանը իր պարտավորությունները կատարել է և սպասում է այդ երկրի արձագանքին: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռումինահայ գրող և քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ հայ-թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: «Շատերն են հարցնում՝ արդյոք Հայաստանը կատարե՞լ է իր պարտավորությունները՝ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար: Ես գտնում եմ, որ, այո, Հայաստանը կատարել է իր պարտավորությունները: Ես այդ թեմայով մի քանի խորհրդակցությունների եմ մասնակցել Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, և մենք որոշեցինք, որ Հայաստանը նպաստի Թուրքիայի հետ դիվանագիտական կապերի հաստատմանն՝ առանց նախապայմանների»,- ասաց Ոսկանյանը:

Նա շեշտեց, որ Հայաստանն առաջին քայլն արել է և հիմա սպասում է Թուրքիայի պատասխանին: «Մենք այս պահին անելիք չունենք, Թուրքիան պետք է արձագանքի: Եթե Հայաստանը շարունակի, ուրեմն մենք պետք է մուրացկան դառնանք: Մենք այդպես ցույց կտանք, որ չենք կարող գոյատևել առանց Թուրքիայի բարի կամքի: Ոչ, մենք հպարտ ազգ ենք, մեր ասելիքն ասել ենք և սպասում ենք Թուրքիայի արձագանքին»,- ընդգծեց նա:

Վարուժան Ոսկանյանը կարծում է, որ ՀՀ Նախագահն ունի բոլոր իրավունքները հայտարարելու, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանն արել է այն, ինչ անհրաժեշտ է:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել հայ-թուրքական արձանագրությունները և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: «Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար: Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»,- ասել է Սերժ Սարգսյանը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]