1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թաիլանդ-Հայաստան զբոսաշրջիկների հոսքն ավելացել է. հայկական հյուպատոսարանը նախատեսում է ջանքերն ակտիվացնել այդ ուղղությամբ

Թաիլանդ-Հայաստան զբոսաշրջիկների հոսքն ավելացել է. հայկական հյուպատոսարանը 
նախատեսում է ջանքերն ակտիվացնել այդ ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիներին Թաիլանդ-Հայաստան և հակառակ ուղղությամբ զբոսաշրջային հոսքն ակտիվացել է: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Թաիլանդի Թագավորությունում ՀՀ պատվավոր հյուպատոս Արտո Արթինյանը, թաիլանդցիները հիմնականում նախընտրում են տարածաշրջանային փաթեթներ: Խմբերով մեկնում են տարածաշրջան` Վրաստան, Հայաստան:

«Այստեղ ակտիվ աշխատանք ենք տանում, գովազդում ենք, ներկայացնում ենք հայաստանյան տուրիսատական հնարավորությունները: Վերջերս տեղի համալսարանում Հայաստանի մասին դասախոսություն կարդացի: Այդ միջոցառումները շարունակվելու են: Առաջիկայում նախատեսում ենք մեդիա ոլորտի ներկայացուցիչներ հրավիրել Հայաստան, որ ռեպորտաժներ, նյութեր պատրաստեն մեր երկրի մասին»,-ասաց հյուպատոսը` նկատելով, որ Հայաստանից նույնպես հետաքրքրություն կա Թաիլանդի նկատմամբ, և դա ողջունելի է:

Հյուպատոսությունը նախատեսում է ուշադրության կենտրոնում պահել հայ-թաիլանդական բիզնես հարցերը: Արտո Արթինյանը նկատեց, որ երկու երկրների հեռավորությունը խնդիր է, ամեն դեպքում տեղի շուկայում հայկական ապրանքներ կան: Մասնավորապես, ներկայացված է հայկական կոնյակը: Հյուպատոսը վստահություն հայտնեց, որ հայկական գինին նույնպես ունի թաիլանդական շուկայում ներկայացված լինելու ներուժ:

Խոսելով տեղի հայ համանքի մասին՝ Արտո Արթինյանը նշեց, որ հայերը փոքրաթիվ են, մոտ 80 հոգի: Կենտրոնացված են հիմնականում Բանգկոկում: Տեղի հայերը Լիբանանից են, Սիրիայից, Հայաստանից: Նրանք հիմնականում ներկայացված են բիզնես ոլորտում:

«Ընդհանրապես հայերը ներկայացված են ոսկերչության, թանկարժեք քարերի մշակման ոլորտում: Ունեն գործարաններ, զարդերի, թանկարժեք քարերի խանութներ: Ժամանակին կային հայեր, որոնք աշխատում էին շինարարության, հագուստի արտադրության ոլորտներում, առկա էին հյուրանոցային բիզնեսում, սակայն վերջին տարիներին հիմնականում ոսկերչության ոլորտում են կենտրոնացած»,-ասաց նա:

Հայ համայնքի շրջանում էլ տեղաշարժեր են նկատվում, օրինակ հյուրանոցային բիզնեսով զբաղվողը Շվեյցարիա տեղափոխվեց 30 տարի այստեղ ապրելուց հետո: Հագուստի ոլորտում աշխատող հայն էլ ԱՄՆ տեղափոխվեց: Թե ինչու է հայկական համայնքը փոքրաթիվ, Արտո Արթինյանը նշեց, որ դա տարբեր հարցերի հետ է կաված: Նախ քաղաքացիություն ստանալը դժվար է, այստեղ մարդիկ 10 կամ 20 տարի ապրում են և դեռ քաղաքացի չեն: Դրանից բացի, նույն ջանքերը ԱՄՆ-ում կամ Եվրոպայում գործադրելով, միգուցե, ավելի շատ են վաստակում:

Խոսելով հայոց լեզվի պահպանության մասին՝ հյուպատոսը նշեց, որ այդ ծանր բեռը հիմնականում ընտանիքների վրա է դրված: Թաիլանդում առայժմ չկան հայկական դպրոցներ, մշակույթի կենտրոններ: Արտո Արթինյանը նշեց, որ այդ ուղղությամբ քայլեր կատարվում են: Աշխատում են մշակութային կենտրոն բացելու ուղղությամբ, որպեսզի երեխաները հավաքվեն, շփվեն, ճանաչեն միմյանց, հայերեն սովորեն ու խոսեն:

Աննա Գզիրյան

Բանգկոկ-Երևան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]