Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Կյանքն ու թատրոնը միաձույլ են». Նիկոլայ Ավետիսյան

«Կյանքն ու թատրոնը միաձույլ են». Նիկոլայ Ավետիսյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի երիտասարդ ու խոստումնալից դերասան Նիկոլայ Ավետիսյանը կարծում է, որ թատրոնի զարգացման համար իրական մրցակցություն է հարկավոր: Այս և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է դերասանի հետ:

-Ինչու՞ արվեստի ճյուղերից հենց թատրոնն ընտրեցիք:

-Ի սկզբանե որոշել էի ծրագրավորմամբ զբաղվել, համակարգչային խաղեր ստեղծել: Սակայն իմ միջավայրում շատերն էին ասում, որ ես կարող եմ լավ արտիստ դառնալ, քանի որ ակտիվ մասնակցում էի դպրոցում տեղի ունեցած բոլոր միջոցառումներին, երգում, պարում, նկարում էի: Մեծանուն դերասան Սոս Սարգսյանի թոռը` Հայկ Թալանյանը, ով նաև իմ ընկերն է, ինձ ասում էր. «Արի մի բան անենք, թող պապս քեզ լսի: Գուցե ինչ-որ բան ստացվի»: Նա կարողացավ համոզել ինձ: Գնացինք Սոս Սարգսյանի մոտ, ներկայացրեցի Ակսել Բակունցի «Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքի այն հատվածը, որտեղ տղան տեսնում է, թե պապին ինչպես են ծեծում: Շատ դրամատիկ դեր է: Նա լսեց ինձ ու ասաց. «Դու կդառնաս»: Այդ խոսքերն ինձ համար չափազանց կարևոր էին: Հստակ որոշում կայացրեցի. պետք է թատերական ինստիտուտ ընդունվել:

-Չնայած երիտասարդ եք, բայց երկար տարիներ աշխատում եք դրամատիկական թատրոնում: Ինչպե՞ս ընդունվեցիք այնտեղ:

-Առաջին կուրսում էի, երբ իմացա, որ թատրոնում ընդունելություն է: Համարձակ, վստահ գնացի այնտեղ ու հարցրի, թե կարո՞ղ եմ, արդյոք, իրենց մոտ աշխատել: Մի քանի համար ցուցադրեցի. թատրոնում ինձ հավանեցին, և արդյունքում հայտնվեցի դրամատիկականում, որն ինձ շատ հարազատ է դարձել:

Թատրոնում խաղալն ինձ համար ոչ միայն գործ է, մասնագիտություն, այլև շատ ավելի լուրջ բան: Առօրյայում հաճախ եմ առնչվում մարդկային հարաբերությունների «թատրոնի» հետ: Տարբեր իրավիճակներում հայտնվելով` հիշում եմ այս կամ այն պիեսի հերոսին ու համեմատություններ անցկացնում: Կյանքն ու թատրոնը միաձույլ են: Եթե անգամ թատրոնում չաշխատեմ, իմ բակում կունենամ բեմ, որտեղ կխաղամ:

-Դրամատիկականն ունի հետաքրքիր դերասանական կազմ, հեղինակավոր դեմքեր, որոնք տարիներ շարունակ փայլել են այդ բեմում: Ինչպե՞ս ընդունեցին նորեկին, սերունդների մտածելակերպի տարբերություն կա՞:

-Բնականաբար, երբեմն տարբեր հարցերի շուրջ տարատեսակ կարծիքներ ենք ունենում. դրանք հաճախ չեն համընկնում: Այս թատրոնում բոլոր երիտասարդ դերասաններն ընդգրկված են ներկայացումներում, խաղում են գլխավոր դերեր:

-Բազմաժանր, հետաքրքիր դերեր եք կերտել: Ձեզ դրամատի՞կ, թե կատակերգակ դերասան եք համարում:

-Ինձ համար տարբերություն չկա՝ կոմեդիա՞ է, դրամա, թե ողբերգություն: Կարևորն այն է, որ այն կերպարը, որը մարմնավորում եմ, ինձ իսկապես հետաքրքրի, հուզի, դուր գա, ստիպի մտածել:  Ցանկալի է, որ նա ժամանակակից հերոս լինի, արդիական ասելիք ունենա: Նշեմ, որ իմ բախտն ինչ-որ չափով բերել է, քանի որ մարմնավորել եմ Շեքսպիրի, Դոստոևսկու, Նիլ Սայմոնի, Մոլիերի հերոսներին, որոնց պաշտում եմ ու հոգով, սրտով խաղում:

-Վլադիմիր Մսրյանի հիշատակին նվիրված «Ձուկն առանց ջրի կամ suicide» բեմադրության մեջ ձեր մարմնավորած կերպարի համար արժանացել եք «Արտավազդ» մրցանակի՝ որպես «Տարվա լավագույն երիտասարդ դերասան»: Այդ իրադարձությունից հետո ձեր կյանքում ինչ-որ բան փոխվե՞ց:

-Նյութական առումով այն ինձ ոչինչ չտվեց, սակայն թատերասերների և ինքս իմ հանդեպ պատասխանատվության զգացումս բարձրացավ: Մարդը սիրում է, երբ իրեն գնահատում են, և ես բացառություն չեմ: Կարծում եմ, որ մեր երկրում այսօր թատերական աշխարհն այնքան էլ ակտիվ չէ, քանի որ թույլ է մրցակցությունը: Այնինչ, միայն մրցակցության պայմաններում են ի հայտ գալիս լավ դերասանը, ծնվում բարձրորակ ներկայացումը: Լավ է, որ կան մրցանակաբաշխություններն ու նմանատիպ միջոցառումները:

-Վերջերս մեկնել էիք Մոսկվա սովորելու: Ի՞նչ ձեռքբերումներով եք վերադարձել:

-Որոշել էի գիտելիքներս հարստացնել այնտեղի թատերական դպրոցում: Հնարավորություն ունեցա ծանոթանալ ռուսական թատրոնի անվանի մասնագետների հետ: Վառ տպավորություններով եմ եկել: Այդ մթնոլորտում չափազանց մեծ է վերը նշված մրցակցությունը. եթե դու փայլուն չյուրացնես քո տեքստը, վաղը քո դերն ուրիշը կստանա: Դերասանն, անկախ հանգամանքներից, անում է ամենը հրաշալի ներկայանալու համար և ուզում է ապացուցել, որ ինքը լավագույնն է:

-Նշեցիք, որ հայաստանյան թատրոնում թույլ է մրցակցությունը: Ըստ ձեզ` ինչո՞վ է դա պայմանավորված:

-Պատճառներից մեկն այն է, որ թատրոնի հանդիսատեսը փոքրաթիվ է: Թատրոն սիրելու համար կարևոր է և՛ ընտանիքի, և՛ դպրոցի դերը: Դեռ վաղ տարիքից պետք է թատրոն գնալ, երեխային ծանոթացնել արվեստի այդ տեսակին:  Գուցե նա չսիրի այն, բայց կճանաչի: Ես միշտ սիրել եմ թատրոնը` չնայած մեր ընտանիքում արվեստի ոլորտի ներկայացուցիչներ չկան:

-Թատերական աշխարհում կա՞ն հեղինակություններ, որոնց փորձել եք նմանվել:

-Ինձ համար հիանալի դերասաններ են Կոնստանտին Խաբենսկին, Սերգեյ Մակովեցկին, Անդրեյ Միրոնովը, Դանիլա Կոզլովսկին և այլք: Նրանցից շատերին բախտ եմ ունեցել տեսնել բեմում և քանիցս համոզվել, որ տաղանդներ են:

-Վերջերս մեծ էկրան բարձրացավ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի «Նա, ում սպասում էին» գեղարվեստական կինոնկարը, որտեղ նաև դուք եք նկարահանվել: Սա ձեր առաջի՞ն դերն է կինոյում, և ո՞ւմ եք կերպավորել:

-Տարբեր ժապավեններում փոքր դերեր խաղացել եմ: Ինձ զանգահարեցին ու հրավիրեցին քասթինգի, որը ես պատվով անցա: Իմ հերոսը սահմանամերձ գյուղում ապրող երիտասարդ է, ով փորձում է ժամանակակից լինել. հետաքրքրվում է ռեփ երաժշտությամբ, ստեղծագործում, ուզում է սահմանից այն կողմ նայել, տեղեկացված լինել, բայց քիչ հնարավորություններ ունի այդ ամենի համար: Կարծում եմ, որ նման մարդիկ շատ են գյուղերում, հատկապես սահմանամերձ, որոնք ուզում են մոտ լինել մայրաքաղաքին, քաղաքակրթությանը:

-Հեռանկարում ի՞նչ ծրագրեր ունեք:

-Նոր ֆիլմում նկարահանվելու առաջարկ դեռ չկա: Սակայն առաջիկայում դրամատիկական թատրոնում տեղի կունենա ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի «Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացման պրեմիերան, որում ես ընդգրկված եմ: Մարմնավորելու եմ Անտոնիոյին, ով հարբեցող է: Բավականին հետաքրքիր գործ է, քանի որ այն հագեցած է պլաստիկ նոր լուծումներով:

Հարցազրույցը` Անժելա Համբարձումյանի

Լուսանկարները` Տաթև Դուրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]