Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արտաշես Գեղամյան. ավելացնել օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը, այլ ոչ թե պետական պարտքը

Արտաշես Գեղամյան. ավելացնել օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը, այլ ոչ թե 
պետական պարտքը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից  ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հոդվածը։

«Օրերս Հայաստանի Ազգային ժողովում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության քննարկմանը ներկայացրեց հարկաբյուջետային կանոնների վերանայման և արդիականացման հարցը։ Կարծում ենք՝ քննարկումը ճիշտ ժամանակին էր, և ահա թե ինչու։

Այսպես, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (այսուհետ՝ ԱՎԾ) «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2017 թվականի հունվար-հուլիսին» տեղեկագրի տվյալների համապատասխան՝ ՀՀ պետական պարտքը 31.07.2017թ. դրությամբ կազմել է 6 մլրդ 201 մլն 626 հազ. դոլար (էջ 79), դրանով իսկ ընդհուպ մոտենալով ՀՀ Համախառն ներքին արդյունքի (այսուհետ՝ ՀՆԱ) հանդեպ պետական պարտքի 60 տոկոսանոց հարաբերակցության շեմին՝ կազմելով 59,1%։

Տեղեկանքի համար նշենք, որ ԱՎԾ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2017թ. հունվար-մարտին» տեղեկագրի տվյալներով՝ 2016թ. ՀՆԱ-ն կազմել է 5 տրլն 79 մլրդ 864,6 մլն դրամ (էջ 11) կամ 10 մլրդ 498,625 մլն դոլար։ ՀՀ տնտեսությունում, մասնավորապես՝ ֆինանսների ոլորտում ստեղծված իրավիճակը վկայում է այն մասին, որ ամենամոտ ժամանակներս Հայաստանի պետական պարտքը այսուհետ ևս կմեծանա (այս պնդման իրավազորության մասին կնշվի ստորև)՝ դրանով իսկ խախտելով ՀՀ «Պետական պարտքի մասին» օրենքի (2008թ. մայիսի 26) պահանջը, այն է. հոդված 5-ի 6-րդ և 7-րդ կետերը։ Հիշեցնենք, թե ինչ են ասում դրանք։ Եվ այսպես, կետ 6-ում ասվում է. «Պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը»։ Իսկ կետ 7-ում ասվում է. «Եթե պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցում է Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 50 տոկոսը, ապա հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի վերջին երեք տարիների ծավալների միջին ցուցանիշի 3 տոկոսը»։ Այսպիսով, առաջավոր դիզայնով արված բոլոր գունավոր գծապատկերները և աղյուսակները, որոնք բերված են ՀՀ ֆինանսների նախարարի ներկայացրած նյութերում, հղումները Արժույթի միջազգային հիմնադրամի աշխատակիցների խոր բանիմացությանը, ովքեր պատրաստել են ամենահանգամանալի հանձնարարականներ հարկաբյուջետային կանոնների վերանայման և արդիականացման անհրաժեշտության մասին, ըստ էության, ուղղված են լոկ ՀՀ «Պետական պարտքի մասին» օրենքում պարունակվող վերոնշյալ սահմանափակումները չեղարկելուն։ Ավելին, ֆինանսների նախարարի ներկայացրած «Հարկաբյուջետային կանոնների վերանայման և արդիականացման» տեղեկանքում (այսուհետ՝ Տեղեկանք) պետական պարտքի մասին ՀՀ գործող օրենքի թերությունները, ինչպիսիք են՝ «1) կոշտ են և հարկաբյուջետային քաղաքականությանը չեն տալիս բավարար ճկունություն և ավելի մեծ դեր տնտեսության կայունացման հարցում, 2) պարունակում են պրոցիկլիկության տարրեր և պարտքի շեմերը գերազանցելիս թույլ չեն տալիս արձագանքել տնտեսական շոկերին, 3) չեն պարունակում ծախսերի օպտիմալ կառուցվածքի և երկարաժամկետ տնտեսական աճ ստեղծող կապիտալ ծախսերի առաջնահերթությունն ապահովող տարրեր, 4) բացառություններ չեն նախատեսում (ճգնաժամ, աղետ, պատերազմ…)», բնավ համոզիչ չեն։

Որպեսզի օբյեկտիվ գնահատենք երկրի տնտեսության իրավիճակին ֆինանսական իշխանությունների՝ «հարկաբյուջետային կանոնների արդիականացման» միջոցով արձագանքելու համարժեքությունը, ՀՀ կառավարության արտաքին տնտեսական գործունեության ոչ մեծ վերլուծություն կատարենք, ինչն իր արտացոլումն է գտնում ԱՎԾ պաշտոնական տեղեկագրերում։ Այսպես, համաձայն ԱՎԾ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2017թ. հունվար-հուլիսին» տեղեկագրի տվյալների՝ առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը 2017թ. հունվար-հուլիսին կազմել է (մինուս) -976,6 մլն դոլար (էջ 94)։ Միևնույն ժամանակ, նշենք, որ 2016թ. նույն ժամանակամիջոցի համար նույն ցուցանիշը կազմել է (մինուս) -708 մլն 301,5 հազ. դոլար (էջ 94), այսինքն՝ առևտրային դեֆիցիտի աճը կազմել է 268 մլն 232 հազ. դոլար։ Նշենք, որ ՀՀ պետական պարտքը ս.թ. հունվար-հուլիսին ավելացել է 92,7 մլն դոլարով (էջ 79)։ Նշենք նաև, որ եթե օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը (հաշվետու ժամանակաշրջանում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են) 2016թ. հունվար-հունիսին կազմել են (մինուս) -15 մլրդ 40,9 մլն դրամ կամ (մինուս)  -31,29 մլն դոլար, ապա ս.թ. հունվար-հունիսին ներդրումների զուտ հոսքերը կազմել են (մինուս) -24 մլրդ 813,9 մլն դրամ կամ (մինուս) -51 մլն 21 հազ. դոլար (էջ 102)։ Այսպիսով, օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի բացասական մեծությունը ս.թ. առաջին կիսամյակում, անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ, աճել է 19,92 մլն դոլարով։ Հարկ է նշել նաև, որ եթե 2016թ. հունվար-հունիսին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 18 մլրդ 456 մլն դրամ կամ 38,16 մլն դոլար, ապա ս.թ. նույն ժամանակամիջոցում դրանք, համապատասխանաբար, կազմել են 17 մլրդ 267,7 մլն դրամ կամ 35,63 մլն դոլար (էջ 102)։ 2016 և 2017թթ. արտաքին տնտեսական գործունեության ցուցանիշների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ առկա միտումների պահպանման պարագայում, այն է՝ արտահանման աճի տեմպերի (121,6%) համեմատ ներմուծման աճի առաջանցիկ տեմպերի (128,5%), ինչպես նաև օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալների կրճատման (2,45 մլն դոլարով) դեպքում հավելյալ բեռնվածություն կավելանա ՀՀ վճարային հաշվեկշռի վրա, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի նոր փոխառություններ անելու անհրաժեշտության, ինչն էլ, իր հերթին, կանդրադառնա պետական պարտքի հետագա աճի վրա։

Այս համատեքստում, թվում է, թե ՀՀ կառավարության ֆինանսատնտեսական հատվածի առաջնային կարևորության խնդիրը պետք է դառնար տնտեսական գործունեության վերանայումը և արդիականացումը՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների լայն ներգրավման նպատակով. կրկնում եմ՝ 2017թ. առաջին կիսամյակի արդյունքներով դրանք կազմել են ընդամենը 35,63 մլն դոլար, ինչպես նաև արտահանման աճի, ընդ որում՝ էական աճի,  առաջանցիկ տեմպի ապահովումը ներմուծման աճի տեմպերի համեմատ, քանի որ բացարձակ արտահայտությամբ ներմուծման ծավալը 1,8 անգամ գերազանցում էր արտահանման ծավալը (2017թ. հունվար-հուլիսի տվյալներ)։

Խոստովանենք, որ միայն նշված ուղղությամբ համապատասխան միջոցների ընդունմամբ, այն էլ՝ պետական պարտքի անխուսափելի մեծացման պայմաններում (առնվազն առաջիկա կես տարում), հնարավոր կլինի հավանականության մեծ աստիճանով պահպանել մեր ազգային արժույթի՝ դրամի ներկայիս փոխարժեքը դոլարի նկատմամբ։ Վերապահությամբ ասենք, որ դա հնարավոր կլինի, եթե պահպանվի ընթացիկ տարում առկա՝ արտասահմանից կատարվող դրամական փոխանցումների դինամիկան Հայաստանի ֆիզիկական անձանց՝ բանկային համակարգի միջոցով։ Իսկ հայկական ազգային դրամական միավորի արժեզրկման պարագայում ՀՀ պետական պարտքն անհաղթահարելի մեծության կհասնի մեր տնտեսության համար։ Այս մասին չպետք է մոռանալ։

Անդրադառնալով արտաքին տնտեսական գործունեությանը, մասնավորապես՝ արտաքին առևտրի հարցերին՝ կուզենայի ուշադրություն հրավիրել հետևյալ հանգամանքի վրա։ Օրինակ, ս.թ. առաջին կիսամյակում արտահանման աճի տեմպը 2016թ. նույն ժամանակամիջոցի համեմատ կազմել է 20,9% (2016թ. այդ ժամանակաընթացքում արտահանումը կազմել է 821 մլն 613 հազ. դոլար, 2017թ. համապատասխան ժամանակամիջոցի համար՝ 993 մլն 882,6 հազ. դոլար) կամ բացարձակ արտահայտությամբ՝ 172 մլն 269 հազ. դոլար, ընդ որում՝ արտահանման աճի 46,2%-ը ձեռք է բերվել ի հաշիվ հանքային ռեսուրսների, հումքի՝ պղնձի, մոլիբդենի, ցինկի խտանյութերի, թանկարժեք քարերի հանքանյութի (աճ 79,3 մլն դոլարով)։

Այսպիսով, դրական գնահատելով արտահանման 20,9 տոկոսանոց աճի փաստը՝ հարկ է նկատի ունենալ, որ այն էապես ապահովվում է ի հաշիվ Հայաստանի բնական պաշարների բավական անարդյունավետ շահագործման։ Նշենք, որ ՀՀ հանքային ռեսուրսների գլխավոր ներկրողների թվում են Չինաստանը, Բուլղարիան, Ռումինիան, Վրաստանը, Բելգիան, Ճապոնիան, Շվեյցարիան։ Այս վիճակագրությունն անցկացվել է՝ նշելու համար, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը բնավ արգելք չի հանդիսանում ԵՄ առանձին երկրների համար՝ վարելու իրենց համար շատ շահավետ արտաքին առևտուր ՀՀ-ի հետ՝ ապրանքներ գնելով խիստ ցածր ավելացված արժեքով։ Բայց սա այլ վերլուծության թեմա է։

Կուզենայի կանգ առնել նաև այլ հարցերի վրա, որոնք առաջին հայացքից կապված չեն սույն հոդվածի թեմայի հետ։ Բայց դա՝ լոկ առաջին հայացքից։ Այսպես, ս.թ. օգոստոսի 26-ին «Ազատություն» ռադիոյի լրագրող Սարգիս Հարությունյանին տված հարցազրույցում Հայաստանւմ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը բավական հետաքրքիր հայտարարություններ է արել։ Նա, մասնավորապես, նշել է, որ ԱՄՆ-ը միշտ դեմ է եղել, որպեսզի ԱՄՆ-ի և Հայաստանի համագործակցությունը զարգանա ի վնաս այլ երկրների հետ ՀՀ-ի հարաբերությունների։ Ընդսմին՝ նա ասել է. «Բայց միևնույն ժամանակ անկեղծ լինենք. մեր նպատակն այն է, որպեսզի Հայաստանը հնարավորություն ունենա ընդունել բացառապես ինքնուրույն, ինքնիշխան որոշումներ՝ անկախ այն բանից, թե քաղաքական կամ տնտեսական ինչ մոդել է ընտրում Երևանը։ Մենք ուզում ենք համապատասխան գործիք տրամադրել ինքնիշխան որոշումներ կայացնելու համար»։ Կարդալով դեսպանի հարցազրույցը՝ ակամա ուզում ես բացականչել. «Որտե՞ղ էիք Դուք, պարոն դեսպան, այն ժամանակ, երբ վերստին անկախություն ձեռք բերած Հայաստանի Հանրապետությանը, սկսած 1991 թվականից, զրկեցին ինքնիշխան որոշումներ կայացնելու իրավունքից տնտեսության ոլորտում՝ մեզ պարտադրելով «Վաշինգտոնյան կոնսենսուսը»։ «Վաշինգտոնյան կոնսենսուսի» 10 սկզբունքներից կամ երաշխավորություններից միջազգային ֆինանսական կազմակերպությունները (Արժույթի միջազգային հիմնադրամ, Համաշխարհային բանկ) հիմնական շեշտը դնում էին երեք սկզբունքների իրականացման՝ «մասնավորեցման», «տնտեսության ապակարգավորման» և արտաքին առևտրի ազատականացման վրա (հիմնականում ի հաշիվ ներմուծման մաքսատուրքերի տոկոսադրույքների իջեցման)։ Մի խոսքով՝ շեշտը դրվում էր այն երաշխավորությունների վրա, որոնք հստակ ուղղված էին շուկայական ուժերի դերի բարձրացմանը և պետական հատվածի կարգավորիչ դերի նվազեցմանը։ Արդյունքում՝ 1991-ից մինչև 2000-ական թթ. սկիզբը Հայաստանի՝ իրար հաջորդող կառավարությունների հասցեին միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից պարբերաբար հնչող գովաբանությունների ֆոնին, մասնավորեցման անվան տակ ջրի գնով որպես մետաղի ջարդոն վաճառվեցին Հայաստանի երբեմնի ծաղկուն արդյունաբերական համալիրի եզակի հաստոցները և սարքավորումները, իսկ արդյունաբերական ձեռնարկությունների շենքերը  մեծ մասամբ վերածվեցին շինանյութի կամ քանդվեցին։

Հատկանշական է, որ անգամ այս պայմաններում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձր էին գնահատում «բարեփոխիչների» կառավարությունների «քրտնաջան» սխրագործությունները։

Իսկ արտաքին առևտրի ազատականացումը հանգեցրեց արտասահմանից ապրանքների ճնշիչ ներհոսքի և Հայաստանի ներքին շուկայում դեմպինգային գներով դրանց իրացման, ինչը սնանկացրեց հանրապետության հրաշքով կանգուն մնացած ձեռնարկությունների մեծամասնությանը, որոնք այդ նույն նոմենկլատուրայի ապրանքներ էին արտադրում։ «Տնտեսության ապակարգավորման» մասին «Վաշինգտոնյան կոնսենսուսի» հանձնարարականների կենսագործումը հանգեցրեց նրան, որ պետությունն ինքը «հեռացավ» կարգավորումից և ըստ էության սկսեց հանդես գալ «գիշերային պահակի» դերում։ Պետության նման ինքնահեռացումն անխուսափելիորեն հանգեցրեց սոցիալական ներդաշնակության խախտման, աղքատության մակարդակի զգալի բարձրացման, որը շարունակում է մնալ բարձր և 2015թ. վերջին կազմում էր 29,8%։ Դեռևս բարձր է մնում գործազրկության մակարդակը, որը 2016թ. վերջին կազմում էր 18,0% (ԱՎԾ «Պարենային ապահովություն և աղքատություն, 2017թ. հունվար-հունիս» տեղեկագիր, էջ 14)։ Ցավոք, ՀՀ գործադիր իշխանություններն իրենց աշխատանքում դեռևս չեն ազատվել «Վաշինգտոնյան կոնսենսուսի» հանձնարարականներից, անգամ ԱՄՀ նախագահ և գործադիր տնօրեն Դոմինիկ Սթրոս-Կանի սենսացիոն հայտարարությունից հետո, որը 2011թ. ապրիլի 3-ին, ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի ամենամյա նիստում (Վաշինգտոն) ասաց, որ արևմտյան տնտեսության հիմնարար սկզբունքները՝ դրված «Վաշինգտոնյան կոնսենսուսի» հիմքում, կենսունակ չեն գտնվել, սխալ և անգամ վնասակար են եղել։ ԱՄՀ ղեկավարն արդեն այն ժամանակ էր հասկացել, որ «ֆինանսական սեկտորը լուրջ վիրաբուժական միջամտության կարիք ունի... Նոր աշխարհի համար նոր մակրոտնտեսական համակարգի կառուցման գործում ճոճանակը կթեքվի, գոնե մի փոքր, շուկայից դեպի պետություն և համեմատաբար պարզ բաներից դեպի ավելի բարդերը»։ Ավաղ, այս հայտնությունները թանկ նստեցին Դոմինիկ Սթրոս-Կանի վրա, որը 2011թ. մայիսի 19-ին հրաժարական տվեց Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարի պաշտոնից՝ ԱՄՀ տնօրենի պաշտոնում նրա լիազորությունների ժամկետի ավարտից երկու ամիս առաջ։ Կա վարկած, որը, իմ կարծիքով, ճշմարտանման է, այն է՝ ԱՄՀ նախկին տնօրենի հրաժարականը և հետագա դատաքննությունը սեռական սկանդալների համար՝ արդյունք էին համաշխարհային ֆինանսաքաղաքական էլիտայի ներսում դոլարը որպես համաշխարհային պահուստային արժույթ պահպանելու կողմնակիցների և դրա հակառակորդների միջև ընդհարումների։ Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես համաշխարհային ֆինանսական համակարգի արմատական փոփոխությունների կողմնակից է։ Այսպես, 2016թ. փետրվարի 23-ին, մինչ նախագահական քարոզարշավի սկսվելը, նա պաշտոնապես ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) համալիր աուդիտի կոչ արեց, քանի որ ԴՊՀ-ն, նրա կարծիքով, «պղպջակն» ուռճացրել էր կրիտիկական մակարդակի, ինչն սպառնում է ԱՄՆ տնտեսությանը ամենաիսկական կոլապսով։ Ի հաստատումն ասվածի՝ նշենք, որ օրերս ԱՄՆ պետական պարտքը հատեց 20 տրլն դոլարի սահմանը։

Այս թեման առավել հանգամանալի արծարծվել է «Արտաշես Գեղամյան. Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական դաշինքը դարերի համար է» հոդվածում՝ հրապարակված 2017թ. օգոստոսի 10-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության կողմից։ Վերն ասվածի համատեքստում ակամա գալիս ես այն եզրահանգման, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ծավալված տեղեկատվական պատերազմը, հարկ չկա կասկածել դրանում, մեծ մասամբ պայմանավորված է համաշխարհային ֆինանսական համակարգի ապագայի նրա տեսլականով՝ առանց դոլարի՝ որպես գլխավոր համաշխարհային պահուստային արժույթի, մոնոպոլ գերակա դերի։ Չէի ցանկանա այս հարցում «դավադրության տեսության» կամ կոնսպիրոլոգիական այլ ուսմունքների այսպես ասած հանրահռչակողի դերին «հավակնել», բայց նշեմ, որ 1963թ. հունիսի 4-ին ԱՄՆ նախագահ Ջոն Ֆ. Քենեդին ստորագրել է N11 110 հրամանագիրը, որը վերականգնում էր ԱՄՆ կառավարության փող թողարկելու սահմանադրական իրավունքը՝ դրանով իսկ լիազորելով ԱՄՆ ֆինանսների նախարարությանը սանձել ԴՊՀ-ին։ Դրանից շատ չանցած՝ 1963թ. նոյեմբերի 23-ին, Ջոն Ֆ. Քենեդին սպանվեց։ Նշենք նաև, որ ԱՄՆ նախագահի եղբայրը՝ Ռոբերտ Քենեդին, սպանվեց 5 տարի հետո, նույն օրը, երբ Ջոն Քենեդին ստորագրել էր N11 110 հրամանագիրը։ Որոշ վերլուծաբաններ հակված են համարել, որ Ռոբերտ Քենեդիի սպանությունը մի ինչ-որ ծիսական տիպի սպանություն էր, որի նպատակն էր՝ ցույց տալ, որ ԴՊՀ մենատիրության դեմ ոտնձգելը մահացու վտանգավոր է...

Այսքան մանրամասն կանգ առա ԱՄՀ գործունեության որոշ ասպեկտների վրա միայն նրա համար, որպեսզի ՀՀ կառավարության ֆինանսատնտեսական հատվածին հորդորեմ ավելի քննախույզ վերաբերմունք ցուցաբերել ԱՄՀ հանձնարարականներին, նրանց ականջ շոյող գնահատականներին և, վերջապես, ինչպես կոչ է անում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, ընդունել բացառապես ինքնուրույն, ինքնիշխան որոշումներ։ Չէ՞ որ ինքնուրույն, ինքնիշխան որոշումներ կայացնելու օրինակը վերջերս ցուցադրեց ՀՀ պաշտպանության նախարարությունը, որի պատվիրակությունը չմեկնեց Վրաստան՝ ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին։ Այս հաշվով ՀՀ պաշտպանության նախարարը ս.թ. սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի ամբիոնից սպառիչ պատասխան տվեց. «Յուրաքանչյուր տարի մենք մասնակցում ենք հարյուրավոր միջոցառումների և չենք մասնակցում տարեկան հազարավոր միջոցառումների... Կոնկրետ այս զորավարժությունը, որն արծարծվում էր մամուլում այս օրերին. ի սկզբանե հայկական կողմն այդ զորավարժությանը մասնակցելու որոշում չի ունեցել, և դեռևս մարտ ամսին օֆիցիալ պատասխանել է գործընկերներին, որ մենք չենք մասնակցի այդ զորավարժությանը՝ ելնելով այդ զորավարժության և մեր փոխգործակցության՝ ՆԱՏՕ-ի հետ խնդիրների չհամընկնելու կամ ուղիղ մեր օրակարգային հարցերին չհամընկնելու պատճառով։ Դուք գիտեք, որ մենք շաբաթներ առաջ եղել ենք տարածաշրջանի միակ երկիրը, որը Վրաստանում մասնակցել է ՆԱՏՕ-ի մեկ այլ զորավարժության, որտեղ ունեցել ենք լուծելու խնդիր»։ Կարծում եմ, որ ԱՄՆ հարգարժան դեսպան Ռիչարդ Միլզը գոհունակությամբ և ըմբռնումով է ընկալել պաշտպանության նախարարության ինքնուրույն, ինքնիշխան որոշումը։ Իմ կողմից լիակատար գոհունակությունս եմ հայտնում «Ազատություն» ռադիոյով դեսպանի հնչեցրած գնահատականի հետ կապված, թե՝ «Մենք լավ օրինակ ունենք Հայաստանի ունակության առումով՝ հավասարակշռելու իր շահերը և աշխատելու Միացյալ Նահանգների հետ։ Խոսքը, մասնավորապես, հայկական զորակազմի մասնակցության մասին է Վրաստանում կայացած ՆԱՏՕ-ի «Ազնիվ գործընկեր» զորավարժություններին։ Հայաստանը պետք է հպարտ լինի, որ ՀԱՊԿ միակ ամդամն էր, որ մասնակցեց այդ զորավարժություններին և շատ կարևոր ներդրում ունեցավ այդ զորավարժություններում՝ ապահովելով բժշկական ծառայություն մասնակից բոլոր երկրներին»։

Վերադառնալով սույն հոդվածի գլխավոր թեմային, որը վերաբերում է հարկաբյուջետային կանոնների վերանայման և արդիականացման անհրաժեշտությանը, ակամա գալիս ես այն եզրահանգման, որ կառավարության ֆինանսատնտեսական հատվածի խնդիրը պայմանների ստեղծումն է օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման համար, այլ ոչ թե պետական պարտքի շեմի բարձրացման հնարավորությունների օրենսդրական ամրագրումը։

Հ.Գ. Ընթերցողը կարող է թյուր կարծիք կազմել, թե հոդվածի հեղինակը, սկզբունքորեն, պետության կողմից արտաքին փոխառություններ վերցնելու հակառակորդն է։ Ոչ, բնավ այդպես չէ։ Հոդվածի տոնայնությունը պայմանավորված է նրանով, որ եթե, օրինակ, 2008թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ պետական արտաքին պարտքը կազմել էր 1 մլրդ 577,106 մլն դոլար (ԱՎԾ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2009թ. հունվարին» տեղեկագիր, էջ 54), իսկ ՀՆԱ-ն կազմել էր 3 տրլն 650 մլրդ 49,8 մլն դրամ կամ 11 մլրդ 929,4 մլն դոլար (ԱՎԾ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2008թ. հունվար-դեկտեմբերին» տեղեկագիր, էջ 9), ապա հետագա տարիներին վիճակագրությունը փոխվել է դեպի վատը։ Այսպես, 31.12.2016թ. դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5 մլրդ 934,776 մլն դոլար (ԱՎԾ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2016թ. հունվար-դեկտեմբերին» տեղեկագիր, էջ 107), իսկ ՀՆԱ ցուցանիշը, ինչպես նշվեց հոդվածի սկզբում, կազմել է 10 մլրդ 498,625 մլն դոլար։ Այսպիսով, անցած 8 տարիներին ՀՀ պետական պարտքն ավելացել է 3,76 անգամ, իսկ ՀՆԱ-ն, դոլարով հաշվարկված, կազմել է 2008թ. մակարդակի 88%-ը։ Այս պայմաններում ՀՀ՝ միմյանց փոխարինող կառավարությունների կողմից արտաքին փոխառությունների արդյունավետության մասին խոսելը նոնսենս է։

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից,

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ,

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

 

www.amiab.am»


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]