Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Վարանդա» երգչախումբը Երևանում նշեց իր հիմնադրման 25-ամյա հոբելյանը

«Վարանդա» երգչախումբը Երևանում նշեց իր հիմնադրման 25-ամյա հոբելյանը

ԵՐԵՎԱՆ, 15  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վարանդա» մանկապատանեկան և երիտասարդական պետական երգչախմբի հոբելյանական համերգը նվիրված էր երգչախմբի հիմնադրման 25-ամյակին: Այն տեղի ունեցավ սեպտեմբերի 15-ին Կոմիտասի անվան  կամերային երաժշտության տանը:

«Երգչախումբն ունի  երեք կազմ՝ մանկական, պատանեկան և երիտասարդական: Այսօր ելույթ կունենան  պատանիները, իսկ երիտասարդները սեպտեմբերի 26-ին կմասնակցեն «Երգում ենք Կոմիտաս» փառատոնին: Հոբելյանական համերգին կհնչեն բանաստեղծներ Յուրի Սահակյանի,  Սուրեն Մուրադյանի,  Երվանդ Պետրոսյանի, կոմպոզիտորներ Արեգ Լուսինյանի, Ստեփան Շաքարյանի, Արմենուհի Կարապետյանի և այլոց ստեղծագործությունները: Ընդհանուր առմամբ երգչախումբը հանդես կգա 17 կատարմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Զաքար Քեշիշյանը:

Նա շեշտեց, որ մինչ օրս ավելի քան 600 երգիչ է երգել երգչախմբում: «Կատարել են  500 երգ, հանդես եկել 25 երաժշտական ծրագրերով, հատուկ երգչախմբի համար 100-ից ավելի երգեր են գրվել, ձայնագրվել է «Բերդաքաղաք» ալբոմը: Այս տարիներին  «Վարանդա»-ն հավատարիմ մնաց Արցախի անկախության, ինքնիշխանության ու ապահովության գաղափարին»,-ասաց խմբավարը:

Ըստ Քեշիշյանի՝ Շուշիի ազատագրումից ի վեր Արցախի մշակութային կյանքն օրեցօր բարգավաճում է, և  ինքն ականատես է Շուշիի և՛ ֆիզիկական, և՛ հոգևոր արժեքների զարթոնքին ու ուրախ է, որ իր հիմնած երգչախումբը դրա մի մասն է կազմում:

 Զաքար Քեշիշյանի կնոջ՝ Կամիլա Երկանյան-Քեշիշյանի խոսքով՝այս տարիների ընթացքում երգչախումբը ձեռքբերումներ է ունեցել: «Հատկապես կարևորում եմ այն, որ սերնդափոխության արդյունքում բազմաթիվ երեխաներ են մեզ մոտ երգել, զարգացել ու կրթվել, տարբեր բանաստեղծներ հատուկ երգչախմբի համար  բանաստեղծություններ են գրել, որոնք վերածվել են գեղեցիկ երգերի»,- ընդգծեց նա:

Համերգն իրականացվեց Համազգային հայ կրթական և մշակութային միության աջակցությամբ և «Փյունիկ» համահայկական հիմնադրամի հովանավորությամբ:

Երգչախումբը հիմնադրվել է 1992 թվականին Շուշիի «Արամ Մանուկյան» վարժարանում լիբանանահայ Զաքար Քեշիշյանի ջանքերով: Երգչախումբն ավելի քան 200 համերգներով հանդես է եկել Արցախի տարբեր շրջաններում, զորանոցներում, դպրոցներում, ինչպես նաև Հայաստանում և Լիբանանում համատեղ համերգներ է ունեցել Լիբանանի համազգային «Կակաչ» մանկապատանեկան  և «Այգ» երիտասարդական երգչախմբերի հետ: Անցնող 25 տարիների ընթացքում երգչախումբը պատրաստել է 25 համերգային ծրագրեր, կատարել հայ և օտար դասական, ժամանակակից ու ժողովրդական ավելի քան 500 խմբերգեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]