Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

ՀՌՀ-ի շրջանավարտը մեծ պահանջարկ ունի աշխատանքային շուկայում. Բուհը տոնեց հիմնադրման 20-ամյակը

 ՀՌՀ-ի շրջանավարտը մեծ պահանջարկ ունի աշխատանքային շուկայում. Բուհը տոնեց 
հիմնադրման 20-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական համալսարանում սեպտեմբերի 15-ին կազմակերպվեց բուհի հիմնադրման   20-ամյակին նվիրված միջոցառում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`գիտական խորհրդի հանդիսավոր նիստին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը և այլք:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

Հանրապետության Նախագահը հոբելյանի կապակցությամբ ջերմորեն շնորհավորեց համալսարանի ղեկավարությանը, դասախոսներին, ուսանողներին և մաղթեց հաջողություններ:

«Իր հիմնադրման առաջին իսկ տարիներից համալսարանը դարձել է մեր բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում լավագույններից մեկը: Ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք այսօր մեկ անգամ ևս հիշել համալսարանի առաջին ռեկտոր, երջանկահիշատակ Լևոն Մկրտչյանին, ով հսկայական վաստակ ունի նորագույն ժամանակաշրջանում հայ-ռուսական բարեկամությունը ամուր պահելու շնորհակալ գործում: Նա ոչ միայն ջատագովն էր, այլ նաև մշակն էր այդ գաղափարի, և կարծում եմ, որ նրա գործունեության պսակը դարձավ հենց Հայ-ռուսական համալսարանի հիմնադրումը: 

Ուրախ եմ, որ համալսարանը տարիների ընթացքում ամրացավ, առնականացավ և այսօր էլ շարունակում է մնալ մեր լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում: Ուրախ եմ, որ այսօր համալսարանում առկա է գիտելիքի կարոտ և գիտելիքը գնահատող ուսանողություն, բանիմաց պրոֆեսորադասախոսական կազմ և հմուտ ու մեծ մասնագիտական և քաղաքական ուղի անցած ղեկավարություն: Դահլիճում նստած շատ-շատերի հետ ես աշխատել եմ և ներսից գիտեմ այն դժվարությունները, որ ժամանակի ընթացքում հաջողվել է հաղթահարել»,- նշեց Նախագահը:

Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի կարծիքով` այս 20 տարիների ընթացքում համալսարանը կարողացել է ստեղծել երկրում գիտակրթական արժեք, որն իր նախաձեռնություններով, հաջողություններով և ձեռքբերումներով  հանդիսանում է հասարակության պարծանքը:

«Այդ հաջողությունների համար շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության Նախագահին, Կառավարությանը, Ռուսաստանի Դաշնությանը, որովհետև այս 20 տարիների ընթացքում մշտապես զգացել ենք նրանց կողմից աջակցությունը և համագործակցությունը: Կարող եմ փաստել, որ դրանց արդյունքում է ստեղծվել և կայացել մի շատ հետաքրքիր և բազմաբովանդակ կրթագիտական ու մշակութային կենտրոն, որը իր նմանը չունի Հանրապետությունում: Այն արտացոլում է թե հայ մշակույթի, պատմության և գիտության լավագույն ձեռքբերումները, թե ռուսական լավագույն ավանդույթները, ու թե երկու երկրների ավանդույթները կարողացել ենք համատեղել և ստանալ  լավագույն արդյունքը»,- ընդգծեց Դարբինյանը:

Դարբինյանը նշեց, որ համալսարանն ունի ավելի քան 3 հազար ուսանող և տարեկան 500 շրջանավարտ, ովքեր բոլոր մասնագիտությունների գծով մեծ պահանջարկ ունեն շուկայում:

« Համալսարանն ապահովում է մասնագիտական և կրթական բարձր որակ: Այստեղ ստեղծվել է այնպիսի մթնոլորտ, որտեղ հնարավոր չէ արդյունքի չհասնել: Մենք կարևորում ենք յուրաքանչյուր օրը: Աշխատելով համալսարանում՝ կարևորում ենք յուրաքանչյուր շփումը ուսանողների  հետ: Մենք ունեն հրաշալի երիտասարդություն, որն առավելություն ունի մյուս բուհերի երիտասարդության նկատմամբ, որովհետև այն սերված է երկու մշակույթներից: Համալսարան ընդունվողը առնվազն պետք է տիրապետի երկու լեզվի, իսկ ավարտելուց հետո նրանք պարտավոր են տիրապետել երեք լեզվի. դա ոչ միայն մեր պահանջն է, այլ ժամանակից շուկայի: Այսօր մեր շրջանավարտը աշխատանքի ընդունվելու խնդիր չունի, որովհետև ցանկացած գործատու Հայաստանում և Հայաստանից դուրս ուղղակի վստահ է, որ Հայ-ռուսական համալսարանի դիպլոմն առաջին հերթին որակ է»,- շեշտեց Դարբինյանը:

ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլիկինը շնորհավորեց Հայ-ռուսական համալսարանի ուսանողներին և դասախոսներին բուհի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ և նշեց, որ համալսարանը դասվում է Հայաստանի առաջատար բուհերի շարքում:

«Համալսարանը դարձել է կրթական, մշակութային և գիտական կենտրոններից մեկը Հայաստանում: Շնորհիվ դարերից եկած ավանդույթների, ակադեմիական գիտության հետ սերտ կապի և բազմաթիվ գիտակրթական ծրագրերի իրականացման արդյունքում համալսարանին հաջողվեց մեծ հեղինակություն ձեռք բերել Հանրապետությունում: Շրջանավարտների հաջողությունները և իրենց պահանջարկը աշխատանքային շուկայում համալսարանի աշխատանքի որակի առաջին չափորոշիչն են: Հայ-ռուսական համալսարանը երիտասարդ, հեռանկարային և դինամիկ բուհ է, որը նաև համարվում է ռուսաց լեզվի և մշակույթի հիմնական տարածողներից մեկը»,- ասաց Վոլինկինը:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց համալսարանի պատմության մասին ֆիլմ:

Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ գիտության և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվեցին պետական բարձր պարգևներով:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ