Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 4/78. Պետեր Շտամի և Գի դը Մոպասանի գրքերը մեր ցանկում են

Երևանյան բեսթսելեր 4/78. Պետեր Շտամի և Գի դը Մոպասանի գրքերը մեր ցանկում 
են

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը այս շաբաթ կրկին գլխավորում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունը: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է: Շուտով գրքի հիման վրա ֆիլմ է նկարահանվելու:

Ինչպես նախորդ շաբաթներին, այնպես էլ այս  անգամ Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն երկրորդն է: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից:

Երրորդ հորիզոնականում է հայտնվել ֆրանսիացի հանրահայտ գրող Գի դը Մոպասանի «Ընտիր նովելներ» գիրքը, որում ներառվել են նրա լավագույն գործերը: Մոպասանը Ֆրանսիայի առօրյա կյանքը նկարագրող բազմաթիվ պատմվածքների, վիպակների և վեպերի հեղինակ է։ Հայերեն են թարգմանվել և հրատարակվել նրա բազմաթիվ ստեղծագործություններ:

Իր դիրքերը բարելավել և չորրորդ տեղն է բարձրացել ամերիկյան գրականության դասական Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին», որն առաջին անգամ լույս է տեսել 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը: Գրքի հիման վրա նկարահանված կինոնկարը  մեծ հաջողություն է ունեցել կինոարվեստում:

Հինգերորդ հորիզոնականում բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի «Ալքիմիկոսը» լավատեսական շեշտադրմամբ հանրահայտ ու սիրված վեպն է: Այս ստեղծագործությունն այն բացառիկ գրքերից է, որը թարգմանվել է աշխարհի 67 լեզուներով և հրատարակվել 117 երկրում: Բրազիլիայում վեպը շարունակում է մնալ ամենաշատ վաճառված գիրքը և համարվում է Գինեսի ռեկորդակիր: Այն վաճառքի մեծ ցուցանիշ է գրանցել նաև Հայաստանում: «Ալքիմիկոս»-ի` աշխարհում վաճառված օրինակների քանակը գերազանցում է պորտուգալերեն գրված որևէ այլ գրքի ցուցանիշը:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վերադարձել է մեր ցանկ և զբաղեցրել վեցերորդ տեղը: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։

Մեր աղյուսակի պատվավոր յոթերորդ հորիզոնականն է զբաղեցրել Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը, որում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ: Թարգմանիչներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը:

Ութերորդ հորիզոնականում Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ երկն է: Սկզբնապես այն հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի 1959 թվականի ապրիլյան համարում։ Արժանացել է «Հյուգո» մրցանակի՝ որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։ Հետագայում Քիզը լրամշակել է պատմվածքը՝ այն դարձնելով ամբողջական վեպ (նույն անվամբ), որը ստացել է «Նեբյուլա» մրցանակը՝ որպես 1966 թվականի լավագույն վեպ։

Իններորդ տեղում նոր գիրք է հայտնվել: Պետեր Շտամի «Ագնես» ստեղծագործությունը պատմում է սիրո մասին: Սովորական թվացող սիրավեպն անկանխատեսելի ընթացք է ստանում, երբ հեղինակը, այդպես էլ անհայտ մնալով ընթերցողին, սկսում է գրել իր և իր սիրուհու` Ագնեսի հանդիպման պատմությունը` հենց նրա խնդրանքով և հավանությամբ: Նրանք տարբեր կերպ են հիշում հանդիպումը: Ավելին, հասնելով ներկային,  երկու զուգահեռ սիրավեպերը` գրվողն ու «իրականը», սկսում են հակասել իրար: 
     Արդյո՞ք պատմության ավարտը ճակատագրական պատասխան է Ագնեսի ներքին ու մթին հարցերին:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է  Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» ստեղծագործությունը: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի թերեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը: «Աստղերն են մեղավոր»-ը 2014 թվականի աշխարհի ամենավաճառված գիրքն է համարվել մի շարք հեղինակավոր կայքերի ու ամսագրերի կողմից:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (54-07-06), «Զանգակ» (23-25-28) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 30
2 0

Էդգար Հարությունյան

«Չգտնված երիցուկներ»

Անտարես 20
3 Նոր

Գի դը Մոպասան

«Ընտիր նովելներ»

Բուկինիստ 15
4 +4

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

«Մեծն Գեթսբին»

Զանգակ 9
5 -2

Պաուլու Կոելյու

«Ալքիմիկոսը»

Անտարես 6
6 *

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 6
7 *

Ստեֆան Ցվայգ

«Ընտիր նովելներ»

Բուկինիստ 6
8 *

Դենիել Քիզ

«Ծաղիկներ Էլջերնոնի համար»

Անտարես 5
9 Նոր

Պետեր Շտամ

«Ագնես»

Զանգակ 5
10 *

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր»

Էդիթ Պրինտ 5

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]