Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արմեն Ամիրյանը կնախաձեռնի «Խավարում» ցուցահանդեսի վերաբացումը

Արմեն Ամիրյանը կնախաձեռնի «Խավարում» ցուցահանդեսի վերաբացումը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանկացած ցուցադրություն թանգարանը պետք է համապատասխանեցնի մշակույթի նախարարության հետ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ անդրադառնալով Թումանյանի տուն-թանգարանի նախաձեռնած բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» ցուցահանդեսի փակմանը:

«Թեմայի հետ կապված մենք որևէ առարկություն չունենք, առավել ևս, տարվա ընթացքում այս թեման մենք արծարծել ենք տարբեր առիթներով: Թանգարանային գիշերն ունեցել է թեմայի ենթավերնագիր, սեպտեմբերի 22-ին Ազգային գրադարանում բացվում է նույն թեմայով ցուցադրություն, հրատարակվել են գրքեր, հանձնարարական ունենք ՀՀ Նախագահից՝ մշակել առանձին թանգարան՝ ստալինյան բռնապետության զոհերի հետ կապված», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ամիրյանը՝ ավելացնելով, որ ցուցահանդեսի փակման պատճառն աշխատանքային ներքին կանոնակարգն է եղել:

«Ցանկացած ցուցադրություն թանգարանը պիտի համապատասխանեցնի նախարարության հետ, նախարարության ներկայացրած տարեկան սուբսիդիայի պայմաններում որևէ տեղ նշված չկա այս ցուցադրության մասին», - նշեց մշակույթի նախարարը:

Դիտարկմանը, թե 22 օր եղել է ցուցադրությունը, ապա նոր է փակվել, Արմեն Ամիրյանն արձագանքեց. «Այո, մենք տեղյակ չենք եղել այդ ցուցադրության մասին, ես տեղեկացվել եմ կիսամյակային հաշվետվության ժամանակ՝ բացումից 1 շաբաթ հետո մոտավորապես: Խոսքը աշխատանքային փոխհարաբերություններին է վերաբերում: Մենք առաջարկել ենք վերատեսության ենթարկել, նախարարության համապատասխան վարչության հետ համաձայնեցնել, ձևակերպումներ անելուց հետո ցուցադրությունը նորից կարող է վերականգնվել, բովանդակության հետ կապված ոչ մի առարկություն չունենք»:

Ինչ վերաբերում է թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հայտարարություններին, թե իրեն սպառնացել են, որպեսզի ցուցադրությունը փակի, նախարարն ընդգծեց՝ որևէ մեկն իրավունք չունի թանգարանի տնօրենին սպառնալ: «Եթե եղել են սպառնալիքներ, ապա սպառնացողը պատասխան կտա», - վստահեցրեց Արմեն Ամիրյանը՝ ավելացնելով, որ կնախաձեռնի, որպեսզի ցուցադրությունը վերաբացվի: «Ես անձնապես որևէ խնդիր չունեմ բովանդակության հետ, որովհետև այնտեղ ցուցադրված նյութում արծարծվում են նաև իմ ազգականների անունները», - նշեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]