Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

 Պարզեցվել է զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցման ընթացակարգը

 Պարզեցվել է զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի 
փոխհատուցման ընթացակարգը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործարար միջավայրի բարելավման միջոցառումների շրջանակում, ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն, Պետական եկամուտների կոմիտեն պարզեցրել է զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցման ընթացակարգը. մինչև 20 միլիոն դրամ հայտերի հիման վրա ավելացված արժեքի հարկի գումարների՝ միասնական հաշվին մուտքագրման պարզեցված կարգը ներդրվել է ընթացիկ տարվա ապրիլի 13-ից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Գործընթացն, ըստ ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վաչության պետ Տիգրան Կիրակոսյանի, լրացուցիչ խթան է տնտեսվարողների ներդրումային ակտիվության բարձրացման գործում. «ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները բավարարելու դեպքում, մինչև 20 միլիոն դրամ հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների միասնական հաշիվ մուտքագրումն ու վերադարձն իրականացվում է առանց հարկային մարմնի ուսումնասիրության կամ ստուգման՝ ընդամենը 4 աշխատանքային օրվա ընթացքում: 2017 թվականի ապրիլի 13-ից (կառավարության որոշման գործողության ժամկետի սկզբից) մինչև օգոստոսի 31-ը 70 տնտեսվարողի արդեն իսկ վերադարձվել է 812 միլիոն դրամ, այդ թվում՝ պարզեցված ընթացակարգով 11 տնտեսվարողի՝ 137,3 միլիոն դրամ ավելացված արժեքի հարկի գումար»:

Նորարարությունից արդեն իսկ օգտված հարկ վճարողների հավաստմամբ՝ գործընթացը հնարավորություն է ընձեռում խնայել ժամանակ, շրջանառու միջոցներ և դրանք ուղղել նոր նախագծերի իրագործմանն ու բիզնեսի ընդլայնմանը:

Տիգրան Կիրակոսյանի տեղեկացմամբ՝ մինչև 2018 թվականի ավարտը գործարկվելու է մեկ միասնական գանձապետական հաշվի համակարգը, ինչի արդյունքում էական փոփոխվելու է «հաշվանցում» ընթացակարգը: «Մասնավորապես բարձրանալու է հարկային մարմինների աշխատանքի արդյունավետությունը, նվազագույնի են հասցվելու միասնական հաշվին գումարների մուտքագրման և միասնական հաշվից դրանց վերադարձման գործընթացի աշխատատարությունը և հարկ վճարողների կողմից օրենքով սահմանվածից ավելի վճարված գումարների վերադարձման ժամկետները»:

Ընդհանուր առմամբ, հարկ վճարողների դիմումների հիման վրա ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած գումարների ուսումնասիրության արդյունքով՝ 2017 թվականի 8 ամսվա ընթացքում 133 տնտեսվարողի վերադարձվել է ավելի քան 37,1 միլիարդ դրամ ԱԱՀ, նախորդ տարվա համադրելի ժամանկահատվածում՝ 78 կազմակերպության՝ 28,8 միլիարդ դրամ ԱԱՀ: Նման ցուցանիշն, ըստ Տիգրան Կիրակոսյանի, պայմանավորված է արտահանմամբ զբաղվող տնտեսվարողների թվի աճով: Իսկ 2016 թվականի սեպտեմբերից մինչև 2017թ. օգոստոս ամիսներին 175 հարկ վճարողի վերադարձվել է ավելի քան 56,4 միլիարդ դրամ: ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ, տարեսկզբից աշխատանքներ են տարվել ԱԱՀ-ի ստացման 180-օրյա ժամանակահատվածը կրճատելու ուղղությամբ: Այժմ ԱԱՀ-ի գումարների վերադարձն իրականացվում է 90-օրյա ժամկետում, ինչը հնարավոր է դարձել եկամուտների աճի շնորհիվ:

Տիգրան Կիրակոսյանի խոսքով՝ զգալի ավելացել է oտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման ժամանակ ԱԱՀ-ի վերադարձի գումարը. Tax free հաշիվներով 2017 թվականի 8 ամիսների ընթացքում վերադարձվել է 340,2 միլիոն  դրամ՝ 2016 թվականի համադրելի ժամակահատվածի` 217,9 միլիոն դրամի դիմաց: Ընդհանուր առմամբ, 2016թ. սեպտեմբեր-2017թ. օգոստոս ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից օտարերկրյա քաղաքացիներին վերադարձված ընդհանուր գումարը կազմել է 585,9 միլիոն դրամ:  

Տիգրան Կիրակոսյանի դիտարկմամբ՝ աճել են նաև ՀՀ պետական բյուջեից հիպոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարները, ինչպես նաև օրենքի ընձեռած հնարավորություններից օգտվող անձանց թիվըԱյսպես, բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից ստացված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների մասով 2017 թվականի 8 ամսվա ընթացքում վարկառուներին (համավարկառուներին) վերադարձվել է ավելի քան 1,6 միլիարդ դրամ եկամտային հարկի գումար, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածում՝ 900 միլիոն դրամ: Իսկ 2016թ. սեպտեմբերից 2017-ի օգոստոս ամիսներին վերադարձված եկամտահարկը կազմել է ավելի քան 2,1 միլիարդ դրամ: Գործընթացում այժմ ներգրավված է 2000-ից ավելի քաղաքացի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]