Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Նոյեմբեր

Պետք է ուսումնասիրել հյուսիսային երկրների փորձը շինարարության տեմպը ձմռանը չգցելու համար. վարչապետ


ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց համապատասխան գերատեսչություններին ուսումնասիրել հյուսիսային երկրների փորձը՝ հանրապետությունում շինարարության աշխատանքները ձմռանը ևս կազմակերպելու համար: Տեղական ինքնակառավարման մարմինները, հաշվի առնելով եղանակային պայմանները, որոշում են շինարարական աշխատանքների թույլտվությունների տրամադրման կամ մերժման հարցը։ 

«Հատկապես հանրային ծառայության ոլորտի կազմակերպությունները, չնայած շինարարական աշխատանքներ կատարելու անհրաժեշտությանը ձմեռային պայմաններում, հաճախակի զրկված են լինում աշխատանքները կատարելու հնարավորությունից, քանի որ վերջիններիս որպես կանոն չի տրամադրվում համապատասխան թույլտվություն: Ստեղված իրավիճակը հիմնականում պայմանավորված է շինարարական աշխատանքներին ըստ եղանակային պայմանների ներկայացվող նորմատիվային պահանջների և հստակ պայմանների բացակայությամբ, ինչպես նաև համապատասխան շինարարական թույլտվությունների տրամադրման լայն հայեցողական լիազորությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ վարչապետը:

Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց 40 օրյա ժամկետում մշակել և հաստատել շինարարական աշխատանքները ըստ եղանակային պայմանների կազմակերպելու, դրանց ներկայացվող պահանջների և պայմանների ապահովման վերաբերյալ իրավական ակտի նախագիծ: Տարածքային կառավարման և զարգացման նախարարին էլ հանձնարարվեց ուսումնասիրել, ըստ անհրաժեշտության ևս ներկայացնել իրավական ակտի նախագիծ շինարարական աշխատանքների կատարման համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համապատասխան թույլտվությունների տրամադրման հայեցողական լիազորությունների սահմանափակման և գործնականում բացառապես եղանակային պայմաններից ելնելով մերժման դեպքերը բացառելու նպատակով:

«Կարծում եմ հասկանալի է պատճառը, վերջերս հանդիպել ենք ենթակառուցվածքների շինարարությամբ զբաղվող կազմակերպությունների ղեկավարների հետ, որոնք ասում են, թե ձմռանը թույլտվություններ չենք տրամադրում՝ աշխատանքները կուտակվում են և այլն: Ընդհանրապես, մենք ունենք կարծրատիպ, որ ձմռանն աշխատել, շինարարություն անել չի կարելի: Պետք է ուսումնասիրել հյուսիսային երկրների փորձը, որպեսզի շինարարության տեմպը չգցենք»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:   

 

 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ