Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Նոյեմբեր

ՀՀ-ն պաշտոնապես տեղեկացրել է, որ չի մասնակցելու Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին. նախարար


ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարծում է, որ ՀՀ զինված ուժերի՝ Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու վերաբերյալ քննարկումները զավեշտի են հասել:

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի հարցին, ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծեց, որ ՀՀ զինված ուժերը երկար տարիներ է՝ յուրաքանչյուր տարի մասնակցում է հարյուրավոր երկկողմ եւ բազմակողմ միջոցառումների՝ լինի դա ՀԱՊԿ-ի շրջանակում, Հյուսիսատլանտյան դաշինքի, թե բազմաթիվ այլ նման կառույցների շրջանակներում:

«Մենք տարեկան մասնակցում ենք հարյուրավոր, եւ չենք մասնակցում հազարավոր միջոցառումների, ինչպես դա անում են բոլոր երկրները, որոնք անդամակցում կամ փոխգործակցում են այդ կառույցների շրջանակներում: Կոնկրետ Վրաստանում անցկացվող զորավարժությանն ի սկզբանե հայկական կողմը մասնակցելու որոշում չի ունեցել, եւ դեռեւս մարտին պաշտոնապես տեղեկացրել ենք մեր գործընկերներին, որ այդ զորավարժությանը մենք չենք մասնակցելու՝ ելնելով նրանից, որ կոնկրետ այդ զորավարժությունն ուղիղ չէր անդրադառնում մեր օրակարգային հարցերին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:

Նա հավելեց, որ ընդամենը շաբաթներ առաջ Հայաստանը եղել է տարածաշրջանի միակ երկիրը, որը Վրաստանում մասնակցել է ՆԱՏՕ-ի մեկ այլ զորավարժության, որը համընկել է հայկական կողմի օրակարգի հետ: «Դրանից հետո պարբերաբար տեղի են ունենում խորհրդակցություններ, զորավարժությունների նախապատրաստման կոնֆերանսներ, եւ մենք ստացել ենք մասնակցության եւս մեկ լրացուցիչ հրավեր: Մեր սպաները մասնակցել են քննարկմանը, եւ զորավարժության մասնակցության հաստատման վերջնաժամկետը եղել է օգոստոսի 29-ը: Դրանից օրեր առաջ մենք պաշտոնապես հայտնել ենք, որ, ո՛չ, այդ զորավարժությանը չենք մասնակցելու: Դա նորմալ աշխատանքային փոխհարաբերություն է, որեւիցե արտառոց բան չկա»,- եզրափակեց Վիգեն Սարգսյանը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ