Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 14.09.2017

Սպասվող լրահոս. 14.09.2017

Բարև ձեզ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, լրագրողների հետ կհանդիպի Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Պյոտր Սվիտալսկին: Նա կներկայացնի մանրամասներ «Հայաստանի մարզերում Եվրաակումբներ» ծրագրի վերաբերյալ: Հայաստանում եվրաակումբներ հիմնելու ծրագիրը սկսվել է 2016 թվականից: Ակումբները երիտասարդներին հնարավորություն են ընձեռում տեղեկատվություն ստանալ Եվրոպայի ու եվրոպական արժեքների մասին:

Այսօր հանրությանը կներկայացվի Հանրապետական երկրաբանական ֆոնդի www.geo-fund.am կայքը: Ֆոնդի կայքը ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի շրջանակում: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:  Կներկայացվեն ծրագրի ընդհանուր նպատակները, ֆոնդում իրականացված աշխատանքները, թվայնացված ու հրապարակված երկրաբանական փաստաթղթերը:

Հայաստանի ազգային պատկերասրահում կկայանա աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Հովհաննես Այվազովսկի. Արարում» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացումը: Հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2017 թվականի հիշարժան տարեթվերի շարքում: Հայաստանում առաջին անգամ կցուցադրվի Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուի «Քաոս. Աշխարհի արարում» հռչակավոր կտավը։

Արդեն 7-րդ տարին անընդմեջ Հայաստանում անցկացվում է «Հայկական ներկապնակ» միջազգային բացօթյա նկարչություն փառատոնը. այս տարի այն կանցկացվի սեպտեմբերի 15-25-ը Լոռիում: Այսօր «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը և «Հայկական ներկապնակ» ծրագրի գեղ.ղեկավար Գագիկ Ավետիսյանը կներկայացնեն մանրամասներ սպասվող միջոցառման մասին:

Օրեր առաջ փակվել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում բացված՝ խորհրդային բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագրով ցուցահանդեսը: Այդ կապակցությամբ հայտարարությամբ հանդես եկան և՛ թանգարանի տնօրենը, և՛ Մշակույթի նախարարությունը: Մեկնաբանություններում նշվում է, որ ցուցահանդեսը քաղաքականացված էր: Այսօր հրավիրված ասուլիսում թեմայի շուրջ իրենց դիտարկումները կներկայացնեն ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին և այլք:

Ոչ պակաս ակտիվ քննարկումների առանցքում է փողոցների անվանափոխության հարցը: Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը կխոսի փողոցների անվանափոխության, հայաստանյան մշակութային անցուդարձի մասին:

Անգլիական այգում տեղի կունենա Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնին նվիրված մամուլի ասուլիսը: Բանախոսները կներկայացնեն փառատոնի անցկացման առանձնահատկություններն ու մանրամասները: Փառատոնը յուրօրինակ հարթակ է, որտեղ ֆերմերները, արտադրողներն ու գնորդները, վերամշակողները, տարբեր կազմակերպությունները եւ հնարավոր ներդրողները կարող են հանդիպել, փորձի փոխանակում կատարել, գտնել նոր շուկաներ եւ նոր համագործակցության եզրեր:

Մ.Սարյանի տուն-թանգարանում, կկայանա չեխաբնակ հայտնի նկարիչ Ալեքսանդր Օնիշենկոյի իմպրեսիոնիստական աշխատանքների ցուցահանդեսի բացումը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]